«Գնացե՛ք, ձեր Նիկոլին հարցրեք՝ ինչո՞ւ է հանձնելով գնում». Տիգրանաշենցի
Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղում մարդիկ ուշիուշով հետևում են Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ Տավուշի մարզից որոշ տարածքներ Ադրբեջանին զիջելու վերաբերյալ։ Լսում են ու զարմանում, եթե Հայաստանի տարածքն է, ինչո՞ւ է զիջում և փոխարենը ի՞նչ է ստանում։
Տիգրանաշենի հարցով էլ դեռ շատ չեն անհանգստանում, որովհետև վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանն իրենց գյուղի անունը չի հիշատակում՝ Ադրբեջանին հայկական տարածքներ զիջելու համատեքստում։
168.am–ը երեկ Տիգրանաշենում զրուցել է բնակիչների հետ՝ պարզելու համար, թե ի՞նչ հարցեր ունեն Նիկոլ Փաշինյանին՝ իրենց գյուղի և առհասարակ այն տարածքների վերաբերյալ, որոնք նա հայտարարել է, թե հանձնելու է Ադրբեջանին։
Մեզ հանդիպած բնակիչներից մի քանիսը չցանկացավ զրուցել տեսախցիկի առջև, բայց պատրաստ էին իրենց ասելիքը փոխանցել առանց տեսախցիկի։
Տիգրանաշենցի Շահեն պապը ևս չցանկացավ խոսել տեսախցիկի առջև, իսկ տեսախցիկից դուրս ասաց, որ արդեն 33 տարի է՝ ապրում է Տիգրանաշենում։ Դեռ 33 տարի առաջ որոշեց, որ պետք է թողնի հայրենի Սուրենավան գյուղը և ընտանիքով տեղափոխվի Տիգրանաշեն, որտեղ ավելի հանգիստ է ու գեղեցիկ։ Այսօր դպրոցում պահակ է աշխատում և չի էլ մտածում Տիգանաշենից դուրս գալու ու Սուրենավան վերադառնալու մասին։
«Այս սարից այն կողմ կանգնած է մեր զինվորը, այսքան ժամանակ կրակոցներ եղել են, բայց Տիգրանաշենին այդ կրակոցները չեն հասել, ավելի շատ Պարույր Սևակի վրա են կրակել։ Հիմա, եթե մեր զինվորը կանգնած է, ինչո՞ւ պետք է մեր գյուղը հանձնենք»,- նշեց Շահեն պապը և անմիջապես մտավ դպրոց՝ ասելով, որ իրեն բոլոր լրագրողներն արդեն ճանաչում են, գյուղ այցելող բոլոր լրագրողներին նույն բանն է ասում։
Տիգրանաշենում բնակվում է նաև Քաշաթաղից Տիգրանաշեն տեղափոխված մի ընտանիք։ Նրանք ևս չցանկացան խոսել տեսախցիկի առջև, ասելով, որ չեն ուզում հայտնվել, ո՛չ համացանցի, ո՛չ էլ իշխանությունների թիրախում։
«Մենք 2019 թվականին ենք Քաշաթաղից դուրս եկել։ Անասունները վաճառեցինք, տեղափոխվեցինք Տիգրանաշեն, արդեն մեծ էինք, այնտեղ չէինք ուզում մնալ։ Հիմա մեր տունը մնացել է օկուպացված Քաշաթաղում, մենք դեռ տարիներ առաջ էինք Երևանից տեղափոխվել Քաշաթաղ, բայց հիմա Կառավարությունը մեզ չի համարում այդքան ժամանակ այնտեղ ապրած մարդ ու որևէ օգնություն չի տրամադրում»,- նշեց տանտիկինը։
Ընտանիքի անդամներից ոմանք փոխանցեցին, որ Տիգրանաշենի հարակից միջպետական ճանապարհն ասֆալտապատվում է, գյուղում բջջային օպերատորներն ինտերնետ են քաշում, սա իրենց հույս է տալիս, որ Տիգրանաշենը թշնամուն չեն հանձնի։
Մեր դիտարկմանը, որ 2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմից հետո էլ Արցախում տներ էին կառուցում, դա չխանգարեց, որպեսզի Արցախը ևս հանձնեն, այս ընտանիքի անդամ տղամարդը պատասխանեց.
«Գնացեք ու ձեր Նիկոլին հարցրեք, ինչո՞ւ է հանձնելով գնում։ Ես այստեղ ինձ համար տուն եմ կառուցում, հիմա իմ տունը պետք է թողնեմ գնա՞մ։ Թող գա հասնի այդ օրը, մենք մեր անելիքը գիտենք, գիտենք ինչ կանենք»,- նշեց տղամարդը։
Զրույցի ավարտին, երբ նրան հարցրեցինք, թե ի՞նչ ասելիք ունի Նիկոլ Փաշինյանին, պատասխանեց.
«Փոխանցեք՝ թքեմ իր երեսին»։
Դիտարկմանը, կարող է գնալ Երևան և այդ ամենը անձամբ ասել, տղամարդը պատասխանեց.
«Ես իմ գյուղում ապրում եմ, ես չգիտեմ էլ՝ նա որտեղ է նստում, չեմ էլ ուզում իմանալ»։
Բնակիչները, չնայած դժվարություններին, շարունակում են ապրել գյուղում, ասում են՝ նույնիսկ հարմար արոտավայր էլ չկա, որ անասուն պահեն, միայն հավ ու խոզ են պահում։ Սակայն դա չի նշանակում, որ այդ գյուղն իրենց պետք չէ ու պետք է հանձնեն։