Զախարովան՝ Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու հնարավորության մասին

Մոսկվան կապի մեջ է հայկական կողմի հետ ռուսական հեռուստաալիքների հեռարձակման հետ կապված։ Կողմերի միջև խորհրդակցություններ են ընթանում, սակայն մտքերի փոխանակումն ավարտված չէ։

Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ավելի վաղ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայտնել էր, որ գերատեսչությունը նոր առաջարկներ կանի ռուս գործընկերներին՝ բացառելու հակահայկական բովանդակությամբ հաղորդումները։

«Մենք հայկական կողմի հետ կապի մեջ ենք հանրապետությունում ռուսական ալիքների հեռարձակման հարցի կարգավորման նպատակով, ստացել ենք իրենց մշակումները և փոխանցել ենք մերը»,- ասել է Զախարովան։

Նրա խոսքով՝ երկու կողմերի խնդիրն Է կարգավորել բոլոր խնդրահարույց հարցերը և ի հայտ եկած խնդիրները լուծել փոխադարձ հարգանքով։ Նա նշել է, որ հենց դրա վրա պետք է կենտրոնացած լինեն այն ներկայացուցիչները, որոնք մասնակցում են նման շփումներին։

Հիշեցնենք, որ մոտ ապագայում Մոսկվայում նախատեսվում են խորհրդակցություններ՝ 2020 թվականին կնքված «Զանգվածային հաղորդակցության ոլորտում համագործակցության մասին» երկկողմ համաձայնագրի շրջանակներում։ Համաձայնագրի նպատակն է բացառել երկու երկրների հեռարձակումները, որոնք կարող են միջամտություն լինել ներքին գործերին կամ վիրավորել մյուս երկրի պետությանն ու ժողովրդին:

Հայկական կողմի նախաձեռնությամբ նման քննարկումներ արդեն եղել են 2023 թվականի դեկտեմբերին։
Քննարկումներին հայկական կողմից մասնակցել է բարձր տեխնոլոգիաների փոխնախարար Ավետ Պողոսյանը, իսկ ռուսական կողմից՝ թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության փոխնախարար Բելլա Չերկեսովան։

Տեսանյութեր

Լրահոս