Նիկոլը դարձել է գեոպոլիտիկ խաղամոլ, որ պատրաստ է համառորեն մնալ այդ կազինոյում և Հայաստանի վերջին անդրավարտիքը դնել որպես դրույք` խաղատունը լքելու և գոնե եղածն այս փուլում պահպանելու փոխարեն. Արմեն Աշոտյան
Ավանդաբար Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանում է ֆեյսբուքյան օգտատերերի՝ իրեն ուղղված 5 հարցի:
Քաղաքացի Նարինե Եսայանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին հարց է ուղղել.
«Ադրբեջանը պահանջում է Տավուշի 4 գյուղ, ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ զարգացումներ տեղի կունենան»:
Ա. Աշոտյանը պատասխանել է.
«Կասկած չունեմ, որ այս տեմպերով Փաշինյանը հանձնելու է այդ 4 գյուղերը՝ դիմացը ոչինչ չստանալով։ Նա շարունակելու է հլու-հնազանդ կատարել Ալիևի բոլոր պահանջները։ Պատահական չէ, որ Նիկոլն «ավետեց» նաև, որ դեմարկացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից։ Դա հայ-ադրբեջանական սահմանի միակ հատվածն է, որ անփոփոխ է մնացել 2018թ.-ից հետո, որտեղ «նախկինների» օրոք ստեղծված պաշտպանական գծերը կան, ամուր են, համեմատաբար ապահովված են և նորմալ կահավորված։ Մնացած սահմանային հատվածների անմխիթար վիճակի մասին չխոսեմ…
Եվ ահա Տավուշում՝ ամենաամրացված հատվածում, Ալիևը պահանջում է սահման փոխել, բնականաբար՝ բարելավելով սեփական դիրքերը և նոր հիմնարար խնդիրներ ստեղծելով Հայաստանի համար։
Չէ՞ որ հայկական կողմից ավելի տրամաբանական կլիներ հնչեցնել այլ հատվածներում սահմանների դելիմիտացիայի առաջնայնությունը, օրինակ, Սյունիք, Վայոց Ձոր, Գեղարքունիք. այնտեղ, որտեղ Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք։ Այնինչ Նիկոլը համաձայնում է քանդել Հայաստանի դիրքերը Տավուշում՝ նոր ստրատեգիական մարտահրավերներ բերելով մեր գլխին։ Ո՞ւր է շտապում, ինչո՞ւ այդ համայնքում, չէ՞ որ, ըստ իրեն, Արևմուտքն արդեն պատրաստ է մեզ պաշտպանել, չէ՞ որ ԵՄ մոնիթորինգային առաքելությունը, ըստ իրեն, ապահովում է մեր սահմանների անձեռնմխելիությունը։
Իրականում Նիկոլը դարձել է գեոպոլիտիկ խաղամոլ, որ պատրաստ է համառորեն մնալ այդ կազինոյում և Հայաստանի վերջին անդրավարտիքը դնել որպես դրույք` խաղատունը լքելու և գոնե եղածն այս փուլում պահպանելու փոխարեն»:
Մանրամասները՝ տեսանյութում: