Սերժ Սարգսյանի ստորագրած CEPA-ից ավել բան Եվրոպայի հետ ներկայիս շփումները չեն տվել. Սուրեն Սուրենյանց
«Արևմուտքը մեզ համար շատ կարևոր գործընկեր է, բայց ճիշտ նշված նշաձողերի և ճիշտ օրակարգի պայմաններում: Իսկապես մեր ներքին կյանքի բարեփոխումների հարցում շատ կարևոր գործընկեր է, բայց ո՞վ ասաց, որ նախկին 3 նախագահների օրոք այդ բալանսավորվածությունը չի եղել»,- «Հայկական օրակարգ» նախագծի հերթական՝ «Ինչպե՞ս փոխել Հայաստանն աղետի տանող ընթացքը» խորագրով, քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը:
Նրա խոսքով՝ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք դա կոչվում էր հավասարակշիռ արտաքին քաղաքականություն, Ռոբերտ Քոչարյանի օրոք՝ կոմպլեմենտար քաղաքականություն, բայց էությունն առանձնապես տարբեր չէր, իսկ Սերժ Սարգսյանի օրոք կոչվում էր «և-և»-ի քաղաքականություն, բայց էլի էությունը փոխված չէր:
«Օրինակ, մենք ԵԱՏՄ անդամ դարձանք, բայց 2017թ.-ին CEPA-ն ստորագրեցինք: Հիմա Հայաստանի և Եվրամիության հարաբերությունները նույն CEPA-ին չեն ձգում: Ուզում եմ ասել՝ մենք CEPA-ն գերազանցող ոչ մի բան չենք արել: Ընդհակառակը, մենք մեր չմտածված քաղաքականության արդյունքում օգնում ենք, որ ԵՄ-ն իր ստանձնած պարտավորություններից հրաժարվի:
Ինստիտուցիոնալ հիմքի վրա ստեղծված համագործակցության փոխարեն՝ մենք գնում ենք աշխարհաքաղաքական հակամարտության թիրախ դառնալու, որն ամենավտանգավոր բանն է: Ու ամենևին վատ կինոնկարի ժանրից չի, որ հերթական պրոքսի տարածքը, ուր շատ թեժ կարող է լինել, կարող է դառնալ Հայաստանը»,- ասաց Սուրեն Սուրենյանցը:
Մանրամասները՝ տեսանյութում: