Առանց Հայաստան՝ Նիկոլ
2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Հայաստանում ծավալված հակաիշխանական բողոքի գործողությունները, տևական ակցիաները, ի թիվս բազմաթիվ այլ հռչակումների, առաջնորդվում էին նաև «Առանց Նիկոլ՝ Հայաստան» կարգախոսով։ Կարելի է երկար քննարկել ՝որքանո՞վ էր այդ կարգախոսն արդարացված քաղտեխնոլոգիական իմաստով, որքանո՞վ էր տեղին հանրությանն արթնացնելու տեսանկյունից և այլն, հատկապես, որ դրանով առաջնորդվող շարժումները, ի վերջո, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, անհաջողության մատնվեցին։ Բայց դրա հիմքում ընկած էր այն պարզ գաղափարը, որ միայն Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու միջոցով ու միայն այդ դեպքում էր հնարավոր Հայաստանը փրկել վերահաս աղետներից ու պահպանել այն, ինչ մնացել էր Արցախից։
«Առանց Նիկոլ՝ Հայաստան» կարգախոսով շարժումները պայքար էին Փաշինյանի իշխանության դեմ, այդ պայքարում բարձրախոսով ընդդիմությունները պարտվեցին, այսինքն՝ հաղթեց Նիկոլ Փաշինյանը, այսինքն՝ շարժումների հետ պարտվեց նաև «Առանց Նիկոլ՝ Հայաստան» կարգախոսը։ Պարտության ու հաղթանակի դեպքում գործում է հակադարձության սկզբունքը, այսինքն՝ հաղթողը ստանում է այն, ինչ կորցնում է պարտվողը, և հակառակը։ Այդ սկզբունքը կիրառելի է նաև պայքարի, հակադրության գործիքների պարագային, այդ թվում՝ կարգախոսների։ «Առանց Նիկոլ՝ Հայաստան» կարգախոսի պարտությունն ունի երկու հնարավոր հակադրություններ՝ «Նիկոլով Հայաստան» և «Առանց Հայաստան՝ Նիկոլ»։ Հետպատերազմյան շրջանի առաջին փուլում արձանագրվեց տարբերակներից առաջինը՝ «Նիկոլով Հայաստան»-ը։
2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում, ստորագույն կերպով խաբելով հասարակությանը, խոստանալով Շուշիի ու Հադրութի դեօկուպացիա, Արցախի ինքնորոշման իրավունքի իրացում, Նիկոլ Փաշինյանը պահպանեց իշխանությունը և հաջոդող տարիներին ամրապնդեց այն բոլոր հնարավոր միջոցներով։ Բայց քանի որ նրա համար կարևորը ոչ թե Արցախն էր ու Հայաստանը, այլ սեփական իշխանությունը, այն պահպանելու համար հիմա անցել է երկրորդ փուլին՝ Արցախը հանձնելուց հետո զիջում է ամենայնը, ինչ պահանջում են նաև Հայաստանից։ Եվ հիմա պետությունը մտնում է գործնականում եզրափակիչ փուլ, որը, այդ նույն կարգախոսի տրամաբանությամբ ձևակերպելիս՝ նշանակելու է «Առանց Հայաստան՝ Նիկոլ»։
Սա ամենաշատը գիտակցում է ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, և պատահական չէր, որ վերջերս խորհրդարանական բեմականացված հարցուպատասխանի ժամանակ ուսապարկերից մեկի հռչակավոր շուրթերով հնչեց հարցը՝ «Հայաստա՞ն, թե՞ Նիկոլ Փաշինյան», ինչին ի պատասխան՝ վերջինս քամահրական ժպիտով պատասխանեց՝ թող չլինեմ ես, ու թող լինի Հայաստանը՝ մատնելով, որ դա իր համար ծիծաղելի է։
Հետպատերազմյան շրջանում ընդդիմադիր շարժումները պարտվեցին դրանց մասնակից քաղաքական որոշ ուժերի անհեռատեսության, սխալ հաշվարկների, ցածր վարկանիշների, բայց նաև այն պատճառով, որ հասարակությունը, ի վերջո, չգիտակցեց, որ «Առանց Նիկոլ՝ Հայաստանի» այլընտրանքը լինելու է «Առանց Հայաստան՝ Նիկոլ»-ը։ Մի քանի տարի առաջ չարագուշակ թվացող այդ կանխատեսումն այսօր դարձել է շատ մոտ ապագայի խիստ որոշակի ու արդեն գրեթե անխուսափելիին մոտեցող հեռանկար։
Եվ կրկին հասարակությունից է կախված հարցի պատասխանը՝ պահպանե՞լ Նիկոլին՝ առանց Հայաստանի, թե՞ վերջինիս հնարավորություն տալ՝ իր իսկ իշխանության կողմից վերանորոգված նոր կալանավայրում գրել «Երկրի հակառակ կողմ»-ի երկրորդ հատորը՝ փորձելով պահպանել այն, ինչ կմնա Հայաստանից նրանից հետո։
Հարություն Ավետիսյան