Հնդկաստանը հայտնել է բալիստիկ հրթիռի հաջող փորձարկման մասին
Հնդիկ գիտնականները հաջողությամբ փորձարկել են «Agni-5» բալիստիկ հրթիռ՝ հագեցած առանձնացող մարտագլխիկների անհատական ուղղորդման տեխնոլոգիայով: Այս մասին հայտնել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին:
«Հպարտ եմ Պաշտպանության հետազոտությունների և զարգացման կազմակերպության գիտնականներով՝ Հնդկաստանում մշակված «Agni-5» հրթիռի առաջին փորձնական արձակումն իրականացնելու համար, հրթիռ, որը հագեցած է առանձնացող մարտագլխիկների անհատական ուղղորդման տեխնոլոգիայով»,-«X» հարթակում գրել է վարչապետը:
Նա մանրամասներ չի հայտնել հրթիռի փորձարկման կամ բնույթի մասին։
Հնդկաստանը մշակել է « Agni » ընտանիքի մի քանի տեսակի հրթիռներ՝ «Agni -1»՝ 700 կմ թռիչքի հեռահարությամբ, «Agni -2»՝ 2 հազար կմ, «Agni-3»՝ ավելի քան 3 հազար կմ և «Agni-5»՝ ավելի քան 5 հազար կմ թռիչքի հեռահարությամբ:
Տեղական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ մշակվում է նաև «Agni-6» հրթիռը՝ մինչև 10 հազար կմ թռիչքի հեռահարությամբ և սուզանավից արձակվելու հնարավորությամբ։