ՆԱՏՕ-ն չի պլանավորում միջուկային զենքեր տեղակայել նոր անդամ երկրներում․ Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ն չի նախատեսում Շվեդիայի հաշվին ընդլայնել դաշինքի այն անդամների թիվը, որտեղ միջուկային զենք է տեղակայված: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Շվեդիայի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Մենք միջուկային զենք ունեցող ՆԱՏՕ-ի երկրների թիվն ընդլայնելու պլաններ չունենք: Մենք նաև մշտապես գնահատում ենք մեր ուժերի կարողությունը, և ներկայում պլաններ չունենք Շվեդիայում նոր մարտական խմբերի առնչությամբ», – ասել է նա:
Ըստ Ստոլտենբերգի, եթե մի օր նման անհրաժեշտություն առաջանա, ապա Շվեդիան ինքը պետք է որոշում կայացնի։
«Շվեդիան անկախ երկիր է, որն ինքն է որոշումներ կայացնում։ ՆԱՏՕ-ին անդամակցությունը ոչ մի կերպ չի փոխի Շվեդիայի իրավունքը և ունակությունը՝ ասելու «ոչ» միջուկային զենքի տեղակայմանը», – ասել է ՆԱՏՕ-ի ղեկավարը։
Շվեդիան մարտի 7-ին պաշտոնապես դարձավ ՆԱՏՕ-ի 32-րդ անդամը։ Շվեդիայի դրոշի բարձրացման արարողությունը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել մարտի 11-ին։