Արզնի 2-Երևան ջրատարը հայտնվել է Հրազդան գետի մեջ և վթարվել. ջրամատակարարումը կիրականացվի գրաֆիկի խախտումներով
Գիշերը վթարվել է Արզնի 2-Երևան մայրուղային ջրատարը։ Այս մասին հայտնում են «Վեոլիա ջուր» ընկերությունից:
Երևանի «Կորեայի ձոր» կոչվող հատվածում ժայռաբեկորների թափման, Հրազդան գետի հունի փոխվելու հետևանքով ջրատարը հայտնվել է գետի մեջ և հերթական անգամ վթարվել։
Ջրատարից սնվող բնակավայրերի ջրամատակարարումը մի քանի օր կիրականացվի գրաֆիկի խախտումներով։ Թիմի մասնագետներն արդեն մշակում են Երևան մտնող ջրաքանակի ճիշտ բաշխման մեխանիզմ, որպեսզի հնարավորինս մեղմվի «Արզնի 2» ջրատարից սնվող բնակավայրերում ջրամատակարարման խնդիրը։
«Մինչ այժմ Վեոլիա Ջուր ընկերությունը մշտապես ջրատարի տարբեր հատվածներում իրականացրել է վերանորոգման ու վերակառուցման աշխատանքներ՝ խնդիրը մեղմելու համար և պարբերաբար դիմել է պատկան մարմիններին, տեղյակ պահել խնդրի մասին՝ ակնկալելով, որ նրանք կլուծեն Հրազդան գետի հունի լայնացման և սողքի կանխման խնդիրները»,- հայտնում են ընկերությունից։