Բաժիններ՝

Այսօր Մեծ Պահքի hինգերորդ կիրակին է՝ Դատավորի կիրակին

Մեծ Պահքի hինգերորդ կիրակին կոչվում է Դատավորի: Իր անունը ստացել է «Անիրավ դատավորի և այրի կնոջ առակ»-ից: Պատմությունը, սակայն, ոչ թե դատավորի անիրավությունների, այլ աղոթքի մասին է: Oրվա խորհուրդն է՝ աղոթքի մեջ լինել հաստատակամ, հավատքի մեջ՝ ամուր, նշում է Քանաքեռի Ս. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը:

Աղոթել անկեղծ, առանց հուսահատվելու

Ըստ «Անիրավ դատավորի և այրի կնոջ առակ»-ի՝ մի այրի կին դիմում է դատավորին, որ պաշտպանի իր իրավունքն ու իր խնդրին լուծում տա: Անիրավ, անխիղճ դատավորն անտեսում է կնոջ աղաչանքները: Կինը չի հուսահատվում, ամեն օր գնում է դատավորի մոտ ու մի օր հասնում իր նպատակին: Դատավորը, ձանձրացած կնոջ այցելություններից, որոշում է խնդրին լուծում տալ` մտքում ասելով. «Թեև Աստծուց չեմ վախենում և մարդկանցից չեմ ամաչում, բայց այն բանի համար, որ այրի կինն ինձ հոգնեցնում է, նրա դատն անեմ, որ անընդհատ չգա և ինձ չանհանգստացնի»: (Ղուկ. 18:4-5)

Առակում չի նշվում, թե ինչ դատավարության մասին է խոսքը: Կարևորն այն է, որ կա խնդրող և այդ խնդրանքը կատարող, նկատում է Տեր Շմավոնն ու հավելում՝ առակը մեզ համար պետք է օրինակ լինի:

Այրի կնոջ պահվածքը սովորեցնում է առանց հուսահատվելու, ձանձրանալու աղոթել: Երբ Աստծուն ուղղված խնդրանքները միանգամից իրականություն չեն դառնում, շատերը հուսալքվում են, դադարեցնում աղոթքը, դժգոհում, որ խնդրում են, բայց լռություն է՝ չհասկանալով, որ լռությունը ևս պատասխան է:

«Մեզ թվում է, որ երբ Աստծուց մի բան խնդրենք, անմիջապես կստանանք: Եթե չենք ստանում, նեղանում ենք՝ ասելով՝ Տերը մեզ չի սիրում: Շատ անգամ չենք հասկանում` արդյո՞ք այն, ինչ խնդրում ենք, մեզ պետք է: Աստված երբեմն չի տալիս այն, ինչ ցանկանում ենք, երբեմն էլ տալիս է այն ժամանակ, երբ պատրաստ ենք»,- նշում է քահանան:

Առակում չի արդարացվում անիրավ դատավորը: Հոգևորականն ընդգծում է՝ պատմությունը ցույց է տալիս, որ եթե այդ անիրավ մարդն ի վերջո լսեց կնոջը, ապա Տերը, որ ամբողջությամբ սեր է, առավել ևս կկատարի բոլոր նրանց խնդրանքները, ովքեր միշտ աղոթքով խնդրում են.

«Եթե մենք ինչ-որ բանի կարիք ունենք, խնդրում ենք ու ընթացքում փորձում հասկանալ` այն իրո՞ք մեզ պետք է: Եթե անհրաժեշտ է, մենք հարատև աղոթքով խնդրում ենք, և Տերը տալիս է մեզ։ Պետք է հիշենք նաև, որ Քրիստոս ասում է՝ մեկ բան խնդրեցեք՝ Երկնքի արքայությունը, իսկ մնացածը Աստված ավելիով պիտի պարգևի ձեզ»:

Տեր Շմավոնը հիշեցնում է՝ մեր Հայրը միշտ լսում է մեզ, երբ զղջում ենք ու ներում խնդրում: Ներում է անմիջապես, որովհետև Նա սեր է ու սեր է տալիս մեզ:

 qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս