Պաշտպանության նախկին նախարարների երևացող և չերևացող քաղաքական պլանները. Դավիթ Տոնոյանի՝ «ներքին լեգիտիմություն ունեցող նոր ուժերը» պայմանակա՞ն են, թե՞ ոչ

Օրերս «Փաստինֆո»ն փաստաբանների միջոցով հարցազրույց էր արել մոտ 2.5 տարի «հրթիռների գործով» կալանքի տակ գտնվող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հետ:

Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման ժամանակ Նիկոլ Փաշինյանի ելույթի համատեքստում շրջանառության մեջ դրված բանակին առնչվող և անվտանգային վտանգավոր թեզերի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Տոնոյանը, մասնավորապես, նշել է.

«…Նոր պաշտպանական քաղաքականության ձևավորման համար անհրաժեշտ են «ներքին լեգիտիմություն» ունեցող նոր ուժեր և ՀՀ ժողովրդի վստահությունն այդ նոր քաղաքական ուժերի նկատմամբ` իրենց ծրագրերի իրագործման համար, որը, բնական է, կդրսևորվի ԱԺ ընտրությունների միջոցով: Հարցն այն է, թե արդյո՞ք մենք ժամանակ ունենք մինչ ԱԺ հերթական ընտրությունները: Համոզված եմ, որ ոչ»:

Նման միտք Տոնոյանն առաջին անգամ ասել էր 2023 թվականի հոկտեմբերին «Մեդիամաքսին» տված հարցազրույցում։

Կարդացեք նաև

«Զինված ուժերի զարգացումն ապահովելու նպատակով հրատապ խնդիր է ՀՀ անվտանգության ապահովման համար ռազմաքաղաքական դաշինքային հարաբերությունների կամ ոչ բլոկային` չեզոքության կարգավիճակի ընտրությունը, որը նույնպես պետք է ամրագրվի միջազգային եղանակով: ՀՀ իշխանությունները պարտավոր են նաև աշխարհաքաղաքական տեսանկյունից հաշվի առնել Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի՝ Հարավային Կովկասում «մնայուն շահերը» և հավաքական Արևմուտքի «մնայուն հավակնությունները»: Եթե այսօրվա իշխանություններն ունակ չեն այդպիսի հրատապ որոշում կայացնել և գնում են հայ ժողովրդի դիմակայունության պաշարի մնացորդները սպառելու ճանապարհով, ապա պետք է սեղմ ժամկետում գնալ նոր ընտրությունների՝ ՀՀ քաղաքացիներին հնարավորություն տալով ընտրել այն ուժերին, որոնց կվստահեն ՀՀ անվտանգության ապահովման, դաշնակիցներին ընտրելու կամ ոչ բլոկային չեզոքության կարգավիճակի ընտրության հարցը,- նշել էր պաշտպանության նախկին նախարարը՝ շարունակելով,- Խնդիրը հենց այն է, որ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում ՀՀ քաղաքացիների մոտ ձևավորվել է կայուն համոզմունք, որ մեր բոլոր խնդիրները կապված են վարչապետի ասած «վեկտորի փոփոխության» կամ այն չփոփոխելու հետ: Ռուսերեն լավ արտահայտություն կա. «устроили канитель»:

Այդ «канитель»-ի մեջ անվտանգային հիմնախնդիրներին քաղաքական ուժերը, վերլուծաբանները և բլոգերներն անդրադառնում են «խորը վերլուծություններով» և «կանխատեսումներով»` ավելի շփոթեցնելով ժողովրդին ու դաշնակիցներին և գործընկեր երկրներին միամիտի տեղ դնելով: Այնինչ, օրինակ, անառարկելի են տարբերությունները ԵԱՏՄ կամ ԵՄ չափանիշներով ՀՀ տնտեսությունը զարգացնելու, ՀԱՊԿ կամ ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ստանդարտներով Զինված ուժերը զարգացնելու մեջ»:

Այն, որ Դավիթ Տոնոյանը կարծում է, որ նոր ընտրություններ պետք է լինեն, թերևս՝ այո, բայց թե և՛ «Մեդիմաքսի» հետ հարցազրույցում, և՛ «Փաստինֆոյի» նոր ուժեր ասելով՝ ում նկատի ունի, բնականաբար, չենք կարող ասել: Գուցե այդ նոր ուժերը պայմանական են, գուցե՝ շատ կոնկրետ: Մյուս կողմից, վերը նշված ձևակերպման տողատակերում, թերևս, ՀՀ պաշտպանության նախարարն իր համար տեղավորել է նրանց, ովքեր չպետք է լինեն, բայց նրանց մասին էլ հստակ ոչինչ չենք կարող ասել, այլ միայն կարող ենք ենթադրություններ անել:

Կարո՞ղ ենք ասել, որ Դավիթ Տոնոյանն իր նմանօրինակ հայտարարություններով անուղղակի քաղաքական հայտ, կամ քաղաքական աջակցության պատրաստակամություն է հայտնում, եթե ինչ-որ պահի նման հնարավորություն ունենա: Բայց դրա համար նախ պետք է ազատվել, իսկ քանի որ Դավիթ Տոնոյանը 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ իրեն ձերբակալելու համար «քաղաքական համաձայնություն է տրվել ՀՀ վարչապետի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ», իսկ օրերս էլ հայտարարություն էր տարածել, որ իր նկատմամբ «քրեական հետապնդումն ունի քաղաքական ենթատեքստ, ուղղորդվում է անձամբ Փաշինյանի կողմից»:

Այսինքն, ինչպես մի քանի անգամ նախկին նախարարը նշել է, գործ ունենք քրեադատավարական փաթեթավորմամբ «թավշյա» քաղաքական հետապնդման հետ:

Ինչ վերաբերում է «ներքին լեգիտիմություն» ունեցող նոր ուժեր» Տոնոյանի ձևակերպմանը, ապա այլ կերպ նա հասկացնում է, որ Նիկոլ Փաշինյանը չունի «ներքին լեգիտիմություն», թեպետ ունի ժողովրդի վստահության մանդատը, որը ստացել է նախընտրական մի ծրագրի դիմաց, որում ներառված խոստումներից իշխող վարչախումբը վաղուց է հեռացել: Թերևս, Նիկոլ Փաշինյանը ևս հասկանում է, որ ինքը ներքին լեգիտիմության հետ կապված խնդիր ունի: Մասնավորապես, փետրվարի 28-ին ԱԺ-ում Փաշինյանը, մասնավորապես, հայտարարել էր. 

«Մեր անկախությունից ի վեր քննարկվող հարցերից մեկն է, թե մեր երկրի երկարաժամկետ անվտանգությունն ինչպես ապահովենք: Լեգիտիմությունն այս առումով շատ կարևոր է: Դա մեր ներքին օրակարգը պետք է լինի: Լեգիտիմությունն ուղիղ փոխկապակցված է քաղաքական առաջնորդության հետ, և այնտեղ, որտեղ կա քաղաքական առաջնորդություն, այնտեղ կա լեգիտիմություն: Այնտեղ, որտեղ կա լեգիտիմություն, այնտեղ պետք է լինի քաղաքական առաջնորդություն»:

Բայց քանի որ վստահ չէ, որ արտահերթ ընտրությունների արդյունքում կարող է անգամ վարչական ռեսուրսի գործադրման դեպքում իր քաղաքական ուժի համար բավարար ձայներ հավաքել, հստակ որոշում դեռ չի կարողանում կայացել: Ի դեպ, Իլհամ Ալիևը ևս գնաց արտահերթ ընտրությունների՝ ներքին լեգիտիմության ապահովման և 44-օրյա պատերազմի և հետպատերազմյան գործողությունների արդյունքները լեգիտիմացնելու նպատակով, բնական է՝ վարչական ռեսուրսի կիրառմամբ:

Ինչ վերաբերում է «Մեդիամաքսին» տված հարցազրույցում Դավիթ Տոնոյանի մտքին, թե նոր ընտրությունների միջոցով ՀՀ քաղաքացիներին պիտի հնարավորություն տրվի ընտրել այն ուժերին, որոնց կվստահեն ՀՀ անվտանգության ապահովման, դաշնակիցներին ընտրելու կամ ոչ բլոկային չեզոքության կարգավիճակի ընտրության հարցը, նշենք, որ Նիկոլ Փաշինյանի խոսքով, Հայաստանը՝ մասնակցությունը ՀԱՊԿ աշխատանքներին կամ ՀԱՊԿ-ին «անդամակցությունը» դե ֆակտո սառեցրել է, այսինքն՝ դե ֆակտո ոչ բլոկային չեզոքության մեջ է: Սրան զուգահեռ՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը պարբերաբար առաջ է քաշում ոչ բլոկային պետություն դառնալու գաղափարը՝ «Հայաստանում կարծես թե կա եվրաինտեգրման գաղափար, բայց նաև կա ոչ բլոկային պետություն դառնալու գաղափար»:

Հիմա պաշտպանության նախկին նախարարն ուզում է ասել, որ ժողովուրդը պետք է ընտրի՝ դառնալ արտադաշինքային պետությո՞ւն, թե՞ ինքն էլ դեմ չէ դրան: Իսկ հանրային վստահության խնդիր այսօր ունեն գրեթե բոլոր քաղաքական ուժերը՝ գործող, նախկին, դիմություն, ընդդիմություն, նախկին կամ գործող իշխանություններից պոկված նորեր, այդ թվում՝ առանձին անհատներ:

Հավելենք, որ 2023 թվականի հոկտեմբերին Դավիթ Տոնոյանի՝ «Մեդիամաքսի» հետ զրույցում նոր ընտրությունների մասին խոսելուց առաջ՝ քաղաքական պայքարի մեջ մտնելու մասին էր հայտարարել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը՝ նշելով, որ դրան մղել է Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանի շահերի դավաճանությունը և Հայաստանի գոյատևմանը սպառնացող վտանգը, որից հետո նա ձևավորեց «Համահայկական ճակատ» հասարակական շարժումը, որը մոտ մեկ ամսից կդառնա կուսակցություն:

Այս ընթացքում ռուսամետ հստակ կողմնորոշմամբ և կառավարման նախագահական մոդելի կողմնակից Արշակ Կարապետյանին միացել են տարբեր անհատներ, հասարակական և քաղաքական դեմքեր, որոնք, մեղմ ասած, չեն կարող հանրային վստահություն ապահովել հանրային վստահության խնդիր ունեցող նախկին նախարարի համար, եթե չասենք հակառակ էֆեկտի մասին: Ի դեպ, Փաշինյանի նախկին խորհրդական, պաշտպանության նախարար գեներալն ավելի ուշ իր հարցազրույցներում նշել է, որ Փաշինյանի դավաճանության մասին փաստեր կներկայացնի միայն իշխանափոխությունից հետո: Եվ հետաքրքիր է, որ, ըստ էության, Նիկոլ Փաշինյանի համար գոնե ակներև որևէ սպառնալիք չներկայացնող Կարապետյանի շարժման մասին Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը փորձագետների կարծիքներ է հարցնում և ներկայացնում ռուսական գործակալ: Այն դեպքում, երբ 2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանն Արշակ Կարապետյանին ազատել էր ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության պետի պաշտոնից, և խոսակցություններ կային հետախուզական խնդիրների մասին, Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի իշխանափոխությունից հետո Արշակ Կարապետյանին նշանակել էր իրեն խորհրդական, իսկ լրագրողների հետ զրույցում էլ ասել, որ Ապրիլյան պատերազմի վերաբերյալ կարդացել է տասնյակ, եթե ոչ՝ հարյուրավոր էջերով գաղտնի նյութեր, և այդ նյութերում ոչինչ չի գտել հետախուզական տվյալների բացակայության կամ պակասության մասին: Իսկ 44-օրյա պատերազմից հետո էլ Կարապետյանին նշանակել էր ՀՀ պաշտպանության նախարար:

Այսինքն, այդ ժամանակ Կարապետյանը ռուսական գործակալ չէ՞ր, երբ երկար տարիներ ղեկավարել է ռազմական հետախուզությունը և միշտ էլ կողմ է եղել ՌԴ-ի հետ դաշնակցային ամուր հարաբերություններին: Եվ քանի որ Արշակ Կարապետյանի մասին արդեն խոսեցինք, հավելենք, որ Դավիթ Տոնոյանը, եթե ինչ-որ պահի որոշի որևէ նոր ուժի աջակցել, կամ առանց քաղաքական թիմի անդամ դառնալու լինել կառավարության անդամ, պատմությանը կրկնվելու հնարավորություն չի տա: Այսինքն, մինչև դա գնալ սեփական սխալների ու բացթողումների շտկման ու ուղղման ճանապարհով…

Տեսանյութեր

Լրահոս