Վերին Լարսում այս պահին խնդիր չկա՝ ՌԴ մաքսային ծառայությունները հերքում են հայկական բեռների սահմանափակումների վերաբերյալ լուրերը. Լարսում ՀՀ մաքսային կցորդ
Տևական ժամանակ է, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը բողոքում է, որ Վերին Լարսում բեռնատարների վարորդները չեն կարողանում սահմանն անցնել՝ անցակետում տարբեր խնդիրներ են առաջ քաշում, որպեսզի հայ վարորդները չկարողանան մուտք գործել Ռուսաստան։
Այս մասին ընդդիմադիր պատգամավորը հերթական անգամ բարձրաձայնեց երեկ ասուլիսի ժամանակ՝ շեշտելով, որ հայկական բեռնատարներն օրերով կանգնած են մնում Լարսի անցակետում, որոշները ստիպված վերադառնում են Հայաստան։
168.am-ի հետ զրույցում Վերին Լարսում Հայաստանի մաքսային կցորդ Վահան Հակոբյանն ասաց, որ Վերին Լարսում այս պահին որևէ խնդիր չկա։
«Ռուսաստանի Դաշնության մաքսային ծառայության իմ գործընկերների հետ կապի մեջ եմ, նաև հետևում են ձևակերպումներին, մեր բեռները շարունակում են ձևակերպել, որևէ բողոք չենք ստացել։
Նաև ՝ Ռուսաստանի մաքսային ծառայության ներկայացուցիչները հերքում են այդ լուրերը, որ որևէ սահմանափակում են մտցրել հայկական բեռների տեղափոխման հարցում»,- նշեց Վահան Հակոբյանը։
Ըստ Վահան Հակոբյանի, եթե բեռների հետ կապված մաքսային ու փաստաթղթային որևէ խնդիր չկա, ապա նրանք անարգել մուտք են գործում ՌԴ սահման։
Ինչ վերաբերում է հայտարարություններին, որ հայ-ռուսական հարաբերությունների երկուստեք քննադատությունների համատեքստում՝ Վերին Լարսում չտրամաբանված մեծացել է այն բեռների թիվը, որոնց հետ կապված հանկարծ հայտնաբերում են փաստաթղթային ինչ-ինչ խնդիրներ և սահմանից հետ են ուղարկում Հայաստան, Վահան Հակոբյանը նկատեց.
«Իրականում այս տարվա ընթացքում երևի մի քանի նման դեպք ենք ունեցել, որ փաստաթղթային կամ որակական պատճառներով ապրանքը չի մտել ՌԴ ու մեծ քանակով ապրանք չի եղել։ Այսինքն՝ համատարած նման խնդիր չենք ունեցել, դեպքերը հատուկենտ են, նման դեպքեր միշտ էլ եղել են»։