«Եկեք արձանագրենք, որ մենք դպրոց կառուցել չգիտենք». «Պոլե չուդես»՝ ուղիղ եթերում

ՀՀ կառավարության նիստի ժամանակ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյան դժգոհեց, որ ամեն օր այցելություններ են անում մարզի դպրոցաշինության օբյեկտներ ու աշխատանքներից շատ դժգոհ են` թե որակից, թե տեմպից։

«Նաև` Կապսի դպրոցի պատուհաններն են շատ անորակ։ Պատվիրատուին` ՀՀ քաղաքաշինության կոմիտեին, առաջարկել ենք քննարկել այդ հարցը»,- նշեց նա։

Նիկոլ Փաշինյանն առաջարկեց կառավարության նիստում խոսել ոչ թե դպրոցաշինության մեծ, այլ փոքր խնդիրների` պատուհանների, ծորակի, ցնցուղի մասին։

«Ես ուզում եմ պատուհանին, ծորակին, ցնցուղին անդրադառնալ։ Ես համոզված եմ արդեն, որ չենք կարող նկարագրել։ Այդ կարողությունները չունենք, որ մեզ այս պատուհանն է պետք։ Ասում են՝ ձեր ուզածը պատուհան չի։ Պատուհան է։ Հեն ա՝ դրել ենք։ Բայց արանքից փչում է, տեսքը այն չի, որակը այն չի, և այստեղ են մեր պրոբլեմները։ Իսկ կա՞ն աշխարհում մասնագետներ, որ կարող են ճշգրիտ նկարագրել էն ծորակը, որ մեզ պետք է։ Այո, կան այդ մասնագետները, բայց նրանց պետք է ամիսը տալ 1մլն և ավելի աշխատավարձ։ Մինչև այս հարցը չլուծենք, սենց գնալու ենք»,- ասաց նա։

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն էլ արձագանքեց, որ այս պահին լավ լուծում դեռ չեն գտել, բայց մտածում են այդ ուղղությամբ.

«Բաց խնդիր է դա, հեշտ լուծելի խնդիր չէ։ Մի քայլ արել ենք, որ գնանք ստանդարտացման ուղղությամբ»։

Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց. «Ուզում ենք նկարագրել պատուհանը լա՞վն է, թե՞ լավը չի։ Ինչո՞վ լավը չի։ Պատուհան է։ Ավելին ասեմ, երբ շատ սեղմենք, կգնան, դատի կտան, կասեն՝ բերել ենք, լավ պատուհան է, բացվում է, փակվում է։

Մինչդեռ մեր պրոբլեմն այդտեղ է։ Ասում ենք՝ եկեք տեխնիկական առաջադրանք գրել։ Գալիս են, գրում. «Լավ պատուհան»։ Մեսրոպատառ, ոսկեղենիկ հայերենով գրում են «Լավ պատուհան»։ Բոլորը կարդում են, մենք էլ ասում ենք՝ ինչ լավ տեխնիկական առաջադրանք է, գրված է՝ «Լավ պատուհան»։ Պետք է մենք տեխնիկական առաջադրանքը գրենք այնպես, որ ոսկեղենիկ մեսրոպատառ ոչ մի բառ չգրվի, գրվեն կոդեր, թվեր, որ մենք եթե կարդանք՝ չհասկանանք, բայց մասնագետը հասկանա»։

Ըստ նրա, հարկավոր են տեխնիկական մասնագետներ, որ այդ լեզուն գիտեն. «Այդ մասնագետները մեզ մոտ կամ չկան կամ քիչ են։ Այստեղից է պրոբլեմը»։

Փաշինյանը շեշտեց, որ իրենք դպրոց կառուցել չգիտեն.

«Եկեք արձանագրենք, որ մենք չգիտենք, մենք դպրոց կառուցել չգիտենք, մենք 0-ից սովորում ենք։ Բայց սովորելու պլան էլ է պետք ունենալ՝ ինչպես ենք սովորելու»։

Տեսանյութեր

Լրահոս