ԱՄՆ-ն կոչ է անում Ադրբեջանին դադարեցնել լրագրողների և ԶԼՄ-ների նկատմամբ հետապնդումներն ու բռնաճնշումները․ պետդեպ
ԱՄՆ-ին խորապես անհանգստացնում են Ադրբեջանում ԶԼՄ-ների, անկախ լրագրողների և քաղաքացիական հասարակության ակտիվիստների ձերբակալությունների մասին հաղորդումները․ պետդեպը կոչ է անում դադարեցնել իրենց հիմնարար ազատությունները իրականացնողների նկատմամբ հետապնդումներն ու ազատ արձակել բոլոր այն անձանց, ովքեր անարդարացիորեն պահվում են քաղաքական դրդապատճառներով։
Այս մասին լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ընթացքում նշել է ԱՄՆ պետական դեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն՝ անդրադառնալով լրագրողի այն հարցին, որ Ադրբեջանում շարունակաբար բռնաճնշումներ են իրականացվում տարբեր անկախ լրատվական գործակալությունների և լրագրողների նկատմամբ։
«Մենք խորապես անհանգստացած ենք այն հաղորդագրություններով, որ ադրբեջանական ոստիկանությունը ներխուժել է «Toplum TV» անկախ լրատվամիջոցի գրասենյակ, ինչպես նաև ներկայումս Ադրբեջանում բազմաթիվ անկախ լրագրողների և քաղաքացիական հասարակության ակտիվիստների ձերբակալությունների մասին հաղորդումներով: Մենք պետք է արտահայտենք մեր խիստ առարկությունները՝ լրագրողների և քաղաքացիական հասարակության ձայները ճնշելու, ընդդիմադիր գործիչներին ահաբեկելու և պատժելու շարունակական փորձերի վերաբերյալ: Մենք կոչ ենք անում Ադրբեջանին դադարեցնել իրենց հիմնարար ազատությունները իրականացնողների հետապնդումները, կոչ ենք անում ազատ արձակել բոլոր այն անձանց, ովքեր անարդարացիորեն պահվում են քաղաքական դրդապատճառներով։ Ոչ ոք իր ազատության իրացումն արտահայտելու համար չպետք է ենթարկվի բանտարկության կամ այլ հատուցման», – ընդգծել է Միլլերը։
Պետդեպի խոսնակը նաև կարծիք է հայտնել, որ Ադրբեջանը պետք է դադարեցնի այն գործողությունները, որոնք ճնշում են ազատ արտահայտվելու իրավունքը: Նրա խոսքով՝ այդպիսի գործողությունների դադարեցումը բխում է հենց սեփական ժողովրդի շահերից։
Միլլերը հայտնել է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանի պաշտոնյաների հետ տեղի ունեցող մասնավոր հանդիպումների ընթացքում բարձրաձայնում է նշված բոլոր այս մտահոգությունների մասին:
«Ես ձեզ կարող եմ վստահեցնել, որ երբ մենք մասնավոր դիվանագիտական զրույցներ ենք ունենում ադրբեջանցի պաշտոնյաների հետ, ինչպես որ պետքարտուղարն առիթ ուներ անել հենց անցյալ ամիս, մենք արտահայտում ենք այդ նույն դիտարկումները»,- եզրափակել է խոսնակը։
Մարտի 6-ին ադրբեջանական լրատվամիջոցներում տեղեկություներ տարածվեցին այն մասին, որ Ադրբեջանի իրավապահ մարմինները ստուգումներ են անցկացնում Toplum TV-ում։ Ստուգումներից հետո ձերբակալվել է մոտ մեկ տասնյակ լրագրող: Ձերբակալվել են նաև ակտիվիստներ: