Անխոհեմ, չափազանց ծնողական սեր
– Հա՛յր, կարո՞ղ է արդյոք մայրը վնասել իր երեխային անխոհեմ սիրով:
– Իհարկե կարող է: Օրինակ՝ մայրը տեսնում է, որ իր մանկիկը չի կարողանում քայլել սովորել և ասում է. «Ի՜նչ մեղք է խեղճը, չի կարողանում քայլել», և պարբերաբար գիրկն է առնում նրան, փոխարենը երեխայի ձեռքից բռնած օգնի, որպեսզի ինքնուրույն քայլի: Հարց է ծագում. փոքրիկն ինչպե՞ս պետք է քայլել սովորի: Իհարկե, այդպիսի մայրը սիրուց դրդված է գործում, սակայն չափազանց հոգատարությամբ վնասում է իր զավակին: Ես մի մարդու էի ճանաչում, որի որդին ծառայել էր բանակում: Եվ ահա նա բռնում էր իր չափահաս որդու ձեռքն ու վարսահարդարի մոտ տանում:
«Ես իմ որդուն բերել եմ քեզ մոտ, որպեսզի նրա մազերը կտրես,- ասում էր հայրը,- ասա՛, որքա՞ն պետք է վճարեմ և ե՞րբ գամ նրա հետևից»: Այսպես (իր անխոհեմ հոգատարությամբ) այդ մարդը խեղեց իր որդուն:
Սերը պետք է դատողության օգնությամբ «արգելակվի»: Իսկական սերն անշահախնդիր է: Այն իր մեջ եսասիրական կողմնակալություններ չունի և աչքի է ընկնում ողջամտությամբ: Ողջամտությունն անհրաժեշտ է կանացի մեծ սիրուն, որպեսզի կինն իր սերն իզուր չվատնի: Մի անգամ իմ խուց եկավ մի երիտասարդ, որը խիստ բարկացած էր իր ծնողների վրա: Նրա խեղճ ծնողները լավ էին տրամադրված, սակայն չգիտեին, թե ինչպես օգնեն նրան: Եվ ահա նա սկսեց ասել ինձ, որ ծնողները ճնշում են իրեն, որ իրեն չեն սիրում և այլն: «Լսի՛ր,- ասացի նրան,- երբ դու փոքր էիր, և մայրդ փաթաթում էր քեզ մի քանի շորի մեջ, ինչո՞ւ էր այդպես անում: Որ դու չմրսե՞ս, թե՞ որպեսզի քեզ ջերմային հարված հասցնի: Քո մոր այդ գործողություններն իրենց մեջ մեծ սեր էին պարունակում»: Վերջապես հասկանալով, թե ծնողներն իրեն որքան են սիրում, երիտասարդն սկսեց լաց լինել: Նրա մայրը մեծ սեր ուներ, չնայած որ չկարողացավ օգնել իր որդուն, որովհետև իրեն այնպես էր պահում, որ նրա մոտ դիմադրություն էր առաջացնում:
Անհրաժեշտության դեպքում մայրն իրեն խիստ պետք է պահի երեխայի հետ: Եթե նա հեշտությամբ է ենթարկվում երեխայի կամքին ու ամեն ինչում համաձայնում է նրա հետ, ապա դա երեխային օգուտ չի բերում: Ադանայում այրի մի կին միակ որդի ուներ՝ Յանիսը: Երբ տղան մի փոքր հասակ առավ, մայրը նրան ուղարկեց կոշկակարություն սովորելու: Մի շաբաթ աշխատանքի գնալուց հետո տղան հայտարարեց. «Մայրիկ, ես այլևս վարպետի մոտ գնալու կարիք չունեմ, կոշկակարությունը սովորել եմ»: «Այդ ե՞րբ հասցրիր սովորել»,- հարցրեց մայրը:
«Այ, եթե ուզում ես,- պատասխանեց նա,- կարող եմ քեզ էլ ցույց տալ, թե ինչպես են կոշիկ կարում: Ահա՛, նայիր. այսպես տակացուն են կտրում, ահա այսպես կաշին են ամրացնում, կրունկն են հարմարեցնում, մեխերով ամրացնում են…»: Իսկ վարպետը, որի մոտ սովորում էր Յանիսը, շատ բարի մարդ էր: Նա ցանկանում էր տղային արհեստը սովորեցնել, որովհետև Յանիսն առանց հոր էր մեծանում, և նա խղճում էր նրան: Սակայն, տեսնելով, որ մեկ շաբաթ անցել է, և Յանիսը չի հայտնվում՝ նա անհանգստացավ. չի՞ հիվանդացել արդյոք, և գնաց նրա մոր մոտ, որպեսզի հարցնի, թե ինչ է պատահել տղային: «Ի՞նչ է պատահել Յանիսին: Ինչո՞ւ այլևս աշխատանքի չի գալիս: Հիվանդացե՞լ է»,- հարցրեց վարպետը այրուն:
«Ոչ,- պատասխանեց նա,- նա առողջ է»: «Այդ դեպքում ինչո՞ւ աշխատանքի չի գալիս»: «Իսկ ինչո՞ւ գա,- պատասխանեց այրին,- չէ՞ որ արդեն տիրապետում է կոշկակարության արհեստին»: «Ախր ինչպե՞ս կարողացավ մի քանի օրում սովորել»,- ապշեց կոշկակարը: «Շատ պարզ,- պատասխանեց մայրը,- վերցնում է կաշին, քաշում է կաղապարի վրա, մեխում է, հարմարեցնում է կրունկն, այնուհետև հանում է կոշիկը կաղապարի վրայից և պատրաստ է»: Կոշկակարը ծիծաղեց, հրաժեշտ տվեց նրան ու հեռացավ: Երբ նա արհեստանոց վերադարձավ, նրա օգնականները հարցրին նրան. «Վարպետ, ի՞նչ է պատահել Յանիսին»: «Ողջ և առողջ է,- պատասխանեց նա,- ոչ միայն Յանիսն է կոշկակարությունը սովորել, այլև՝ նրա մայրը»:
Եվ ահա ես տեսնում եմ, որ շատ ծնողներ են իրենց այս այրու պես պահում: Նրանք կարծում են, թե սիրում են իրենց երեխաներին, սակայն իրականում կործանում են նրանց: Օրինակ՝ մայրը, չափազանց սիրուց մղված, համբույրներով է ողողում իր երեխային ու ասում, ասենք. «Ողջ աշխարհում իմ երեխայի պես հրաշալի երեխա չկա»: Դրանով նա երեխայի մեջ հպարտություն և անառողջ ինքնավստահություն է սերմանում: Այդպիսի երեխան հետագայում չի լսում ծնողներին՝ վստահ լինելով, որ ինքն ամեն բան գիտի:
Ծնողները պետք է երեխաներին օգնեն փոքրուց սովորել պատասխանատու լինել իրենց համար: Թող երեխաներն ընտանիքում իրենց ուժերի ներածի չափով աշխատանք կատարեն. նրանք չպետք է պահանջեն, որպեսզի ամեն ինչ իրենց պատրաստի մատուցեն: Հակառակ դեպքում, երբ նրանք չափահաս դառնան, իրենց համար շատ դժվար կլինի: Մի վարպետ օրնիբուն աշխատում էր, որ մեծացնի իր զավակներին: Իսկ նրանք, քանի դեռ հայրն աշխատում էր, ողջ օրը փողոցներում թափառում էին: Եվ նույնիսկ, երբ նրանք մեծացան, իրենց սեփական ընտանիքները կառուցեցին, միևնույն է, սպասում էին, թե երբ է հայրն ամեն ինչ պատրաստի բերելու: Եվ երբ նա ասաց, որ ժամանակն է, որպեսզի իրենք հոգ տանեն իրենց տների ու ընտանիքների մասին, նրանք պատասխանեցին. «Ինչպե՞ս թե, հայրի՛կ: Չէ՞ որ դու մեզ չէիր թողնում, երբ մենք փոքր էինք: Մի՞թե կարող ես մեզ հիմա լքել, երբ մենք մեծացել ենք և ընտանեկան պարտականությունների բեռն ենք կրում»:
Հայր Պաիսիոս Աթոսացի
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը