ԱԱԾ-ի՝ մեկ պահատուփով ադրբեջանցին և ՔԿ-ի՝ արձանագրած և «ջրած» դիվերսիայի փորձը. ինչպես Աբազյանի «կանտոռան» «պադստավկա» արեց Քյարամյանի «կանտոռային»
Փետրվարի 28-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ նույն օրը «ժամը 05:15-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում հայ-ադրբեջանական շփման գիծը հատել է ադրբեջանական զինված ուժերի զինծառայող, ով զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով»:
ԱԱԾ-ից հայտնել էին, որ նա վնասազերծվել է ՊՆ զինծառայողների կողմից, և, որ դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով:
Իսկ փետրվարի 29-ին ՀՀ քննչական կոմիտեն էր հաղորդագրություն տարածել, որտեղ նշվում է.
«ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 15-րդ կետերով, 335-րդ հոդվածի 1-ին մասով, 340-րդ հոդվածի 1-ին մասով, 44-425-րդ հոդվածի 1-ին մասով և 469-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովի կողմից 2024թ. փետրվարի 28-ին դիվերսիայի փորձ, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, ինչպես նաև ազգային, կրոնով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության և թշնամանքի շարժառիթով սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու և փոխադրելու, հրազենի և ռազմամթերքի մաքսանենգության և Հայաստանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելու դեպքերի առթիվ:
Ռուսլան Փենախովը, քննիչի որոշմամբ, ձերբակալվել է: Հանգամանքները քննությամբ պարզվում են…»:
Բայց երեկ՝ մարտի 4-ին, հայտնի դարձավ, որ Ադրբեջանի ԶՈւ զինծառայողի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է:
Արգիշտի Քյարամյանի ղեկավարած կառույցի պարզաբանման մեջ ասվում է. «ՀՀ Քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով կատարված բազմաթիվ անհետաձգելի ապացուցողական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ պետական սահմանը հատած Ադրբեջանական Հանրապետության զինված ուժերի զինծառայող Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովը 2024թ. փետրվարի 28-ին ՀՀ ԶՈւ դիրքերի մոտակայքում հայտնվել է ադրբեջանական դիրքում զինծառայողների միջև տեղի ունեցած միջադեպից հետո՝ փախուստի դիմելու և մոլորվելու հետևանքով»:
Նույնատիպ հաղորդագրություն տարածեց նաև Արմեն Աբազյանի ղեկավարած ԱԱԾ-ն, որ քննությամբ պարզվել է, թե ՀՀ պետական սահմանը հատած Ադրբեջանական Հանրապետության զինված ուժերի զինծառայողը ՀՀ ԶՈւ դիրքերի մոտակայքում հայտնվել է ադրբեջանական դիրքում զինծառայողների միջև տեղի ունեցած միջադեպից հետո փախուստի դիմելու և մոլորվելու հետևանքով:
«Որպես բարի կամքի դրսևորում և ի կատարումն Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև բարձրագույն մակարդակում ձեռք բերված պայմանավորվածության, որ երկու կողմերի մոլորված և հակառակ կողմում հայտնված զինծառայողները սեղմ ժամկետներում պետք է վերադարձվեն, Հայաստանի Հանրապետությունը որոշում է կայացրել Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովին հանձնել ադրբեջանական կողմին»,- հայտնում են ԱԱԾ-ից:
Ընդ որում, Ազգային անվտանգության ծառայության հաղորդագրության վերջին հատվածը նախքան ադրբեջանցի զինվորի արդարացումը, մի քանի օր շարունակ հիշեցնում էին ադրբեջանական լրատվամիջոցները:
Ըստ էության, ԱԱԾ առաջին հաղորդագրությունից՝ «զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով», կարելի էր ենթադրել, որ ադրբեջանցի զինծառայողը վերջնահաշվարկում դիվերսանտ չի հռչակվելու և ազատ է արձակվելու, և ոչինչ, որ Քննչական կոմիտեն նրան սկզբում դիվերսանտ հռչակեց, մեղադրեց ռազմամթերքի մաքսանենգության մեջ, իսկ հետո անհետաձգելի ապացուցողական գործողությունների արդյունքում դիվերսանտին դարձրեց մոլորյալ:
Գուցե ոմանք այստեղ քննչական, իրավական արդարացումներ կփորձեն գտնել: Բայց, կրկնում ենք, որ Արմեն Աբազյանի ղեկավարած ԱԱԾ-ն պատահական չէր առաջ ընկնելով հայտնել «բանալի տեղեկությունն» ադրբեջանցի դիվերսանտի զինվածության աստիճանի մասին, բայցև վերջին խոսքը թողնելով Արգիշտի Քյարամյանի կառույցին, ինչը, թերևս, խոսում է ԱԱԾ-ի և ՔԿ-ի միջև առկա հակասությունների մասին:
Հիշեցնենք, որ ականապատ տարածքների քարտեզների հանձնման հարցում էլ ԱԱԾ-ին էին հետևում թողել, նա հետո միայն ՀՀ արտաքին գործերի նախարարի արած քաղաքական հայտարարությունն էր հաստատել, և այն էլ՝ հունվարի 25-ին Նիկոլ Փաշինյանին հյուրընկալելուց հետո, որ «ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը վերսկսել է հարցումային աշխատանքը ԼՂ նախկին զինծառայողների շրջանում, որի արդյունքում ի հայտ են եկել թվով 8 նոր տեղեկամատյաններ»:
Այսինքն, Նիկոլ Փաշինյանն ուժային կառույցներին է «պադստավկա» անում, նրանք էլ՝ այլ կառույցների, տվյալ դեպքում՝ ԱԱԾ-ն Քննչականին:
Եվ այստեղ միակ հարցը՝ ով առաջինը կատարեց Նիկոլ Փաշինյանի հրահանգը, ով սիրում է ադրբեջանցի սահմանախախտներին, դիվերսանտներին մոլորված համարել դեռ 2020 թվականի հուլիսյան մարտերի օրերից: