Արդյո՞ք այդ ձայնագրության հանրայնացումն օգտակար չէ հենց Շոլցի համար. Հակոբ Բադալյան

Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տարածվել է գերմանացի բարձրաստիճան զինվորականների խոսակցության ձայնագրությունը, որտեղ նրանք քննարկում են գերմանական TAURUS հեռահար հրթիռների՝ Ուկրաինա մատակարարելու հարցը, խոսում են ռազմական տեսանկյունից դա անելու անհրաժեշտության մասին՝ ընդհուպ Ղրիմի կամրջին հարվածի հնարավորությամբ, միաժամանակ էլ նշում, որ կանցլեր Շոլցը քաղաքական առումով մերժում է այդ հնարավորությունը:

Հատկանշական է, որ գերմանացի զինվորականների այդ խոսակցության ձայնագրությունը մամուլ է արտահոսում հենց այն օրերին, երբ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հայտարարում է Ուկրաինա արեւմտյան զորք ուղարկելը «չբացառելու» մասին, որն արժանանում է եվրոպացի մյուս ղեկավարների, այդ թվում Շոլցի կտրուկ մերժմանը:
Փաստացի, գերմանացի զինվորականների խոսակցությունը թողնում է տպավորություն, որ զինվորականները «կողմ» են Մակրոնին, այլ ոչ թե Շոլցին: Մյուս կողմից, այդ ձայնագրության արտահոսքից հետո գերմանական հանրության արձագանքը կարծես թե Շոլցի օգտին է՝ ռազմական ուղիղ կոնֆլիկտի մեջ չներքաշվելու տրամաբանությամբ:

Սա հարց է առաջացնում, արդյո՞ք այդ ձայնագրության հանրայնացումը օգտակար չէ հենց Շոլցի համար, հատկապես այն փուլում, երբ նա եւ իր կոալիցիոն կառավարությունն ունեն հանրային խիստ ցածր վարկանիշ: Ձայնագրությունը հնարավորություն է Շոլցին՝ ցույց տալու, որ «ողջախոհաբար» դիմադրում է զինվորականների տրամադրությանը, որպեսզի Գերմանիան չներքաշվի ՌԴ հետ ուղիղ բախման մեջ:

Այդ դեպքում հարց կառաջանա, թե արդյո՞ք հենց Բեռլինն ինքն էլ այդ արտահոսքի նախաձեռնողը չէ, փորձելով դրա միջոցով խթանել հանրային թեկուզ անուղղակի քաղաքական աջակցություն:

Միաժամանակ ուշադրության է արժանի մեկ այլ բան: Գերմանացի զինվորականության շրջանից մեկ այլ արտահոսք էլ եղավ ուկրաինական պատերազմի բռնկումից օրեր առաջ՝ 2022-ի հունվարին, երբ մեդիայում հայտնվեց Գերմանիայի ռազմածովային ուժերի հրամանատար, փոխ-ծովակալ Շեենբախի՝ Հնդկաստանում զինվորականության հետ փակ քննարկման ժամանակ արած արտահայտությունները: Նա ասել էր, որ Գերմանիան, Հնդկաստանն ու Ռուսաստանը միասին պետք է ձեւավորեն Չինաստանի զսպման բլոկ: Արեւմտյան ճնշման տակ Շեենբախը պաշտոնանկ արվեց:

Եվ, իհարկե, արտահոսած ձայնագրության հանգամանքը ուշագրավ է այն մի քանի աղմկոտ դեպքերի ֆոնին, երբ հայտնի է դարձել, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները գաղտնալսել են եվրոպացի ղեկավարների, այդ թվում Գերմանիայի կանցլեր Մերկելին: Վերջին այդպիսի աղմուկը եղել է 2021 թվականին»:

Տեսանյութեր

Լրահոս