Արցախի նախկին ղեկավարության վերաբերյալ իրավական որոշումներն արդյունավետ գործոններ են, որպեսզի գեներացվի քաղաքական ճնշում. Սիրանուշ Սահակյան
Սեպտեմբերի 19-ին, երբ Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսեց 9 ամիս բլոկադայի մեջ պահվող Արցախի Հանրապետության և խաղաղ բնակչության դեմ, արցախահայությունը ցեղասպանության սպառնալիքի տակ բռնի տեղահանվեց։
Սեպտեմբերի 27-ին Հակարիի կամրջից Ադրբեջանը գերեվարեց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին և ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին։ Սեպտեմբերի 28-ին Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը հայտարարություն տարածեց, որ ադրբեջանական կողմը պահանջել է իր ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։
Ադրբեջանն այնուհետև գերեվարել էր Արցախի նախկին երեք նախագահներին՝ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին, ԱԺ ներկայիս նախագահ Դավիթ Իշխանյանին և ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին։ Նրանց բոլորին մի քանի հոդվածով անհեթեթ մեղադրանքներ են առաջադրվել։
168.am-ի հետ զրույցում Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն ասաց, որ Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական նախկին ղեկավարների դեպքում խնդիրներն ավելի ծանր ու բարդ են։
«Նրանց ձերբակալումը չի ունեցել իրավական նախադրյալներ, քաղաքական նպատակներով իրագործվող գործընթաց է։ Հասկանալի է, որ եթե Ադրբեջանը գլխագին է պահանջել անմեղ քաղաքացիների՝ ռազմագերիների կամ գերիների առնչությամբ, ապա պարզ է, թե ինչպիսի մեծ ախորժակ ու հավակնություններ կունենա Արցախի բարձր ղեկավարության պարագայում»,- նշեց Սիրանուշ Սահակյանը։
Իրավապաշտպանի գնահատմամբ՝ Արցախի ղեկավարության ձերբակալումը նաև ուժի ցուցադրության և վերջնական հաղթանակի սիմվոլիկա ունի։ Այն լուրջ ուղերձ էր թե՛ Ադրբեջանի ներքին լսարանին, որպեսզի ամրապնդեր հասարակության ռազմատենչ հոգեբանությունը, թե՛ հայերին, որպեսզի վերջակետ դրվի Արցախի ինքնորոշման իրավունքին։
«Հասկանալի է, որ այստեղ շատ բարդ լուծելի են հարցերը, քանի որ գործ ունենք նախկին ղեկավարության հետ, անցյալ ու կշիռ ունեցող մարդկանց, պետականության կայացման մեջ ներդրում ունեցած ուժեղ անհատների հետ։ Իրավական գործընթացներն անպայմանորեն իրենց ազդեցությունը թողնելու են, երաշխավորված չէ, որ իրավական որոշումներն անմիջապես կամ արագ կատարման են ենթարկվելու Ադրբեջանի կողմից։ Անգամ այս պարագայում իրավական որոշումները շատ լավ ու արդյունավետ գործոններ են՝ որպեսզի գեներացվի քաղաքական ճնշում։ Եթե իրավական ակտերին համակցեն պատժամիջոցների կիրառում, վստահ եմ՝ Ադրբեջանի վարքը կդառնա կառավարելի։ Այստեղ անհրաժեշտ է միջազգային աջակցություն։ Եթե կամք դրսևորեն՝ Հայաստանին իրապես աջակցելու, և միջազգային հանրությունն օգտվի իր զինանոցի այնպիսի գործիքներից, ինչպիսիք պատժամիջոցներն են, ապա Ադրբեջանի վարքը խիստ կանխատեսելի կլինի, որի պարագայում կապահովվի պատանդների ազատ արձակումը»,- շեշտեց Սիրանուշ Սահակյանը։
Ինչ վերաբերում է պատանդներին պահելու պայմաններին, իրավապաշտպանն ասաց՝ նրանց վերաբերյալ որոշակի տեղեկատվություն տրամադրվում է ընտանիքի անդամներին։
«Հասկանալի է, որ Բաքվում պահվող պատանդների պահման վայրի վերաբերյալ ադրբեջանական կողմի հրապարակած լուսանկարները չեն արտացոլում իրերի իրական պատկերը՝ թե՛ ռազմագերիների, թե՛ բարձրաստիճան պաշտոնյաների պարագայում։ Ադրբեջանը ցուցադրական լուսանկարներ է հրապարակել՝ հիմնականում դրա մասնակիցն է դառնում Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանը։ Նրանք փորձում են ձևացնել, որ Ադրբեջանը հարգում է միջազգային մարդասիրական նորմերը։ Առնվազն հայրենադարձվածների վկայություններից մեզ հայտնի է, որ նրանց տարել են գեղեցիկ կահավորված սենյակներ, գրադարաններ, տեսակցությունների սրահներ, արվել են լուսանկարներ, սակայն դա նրանց մշտական պահման վայրը չի եղել։ Ավելին՝ լուսանկարահանումներից առաջ և հետո, անգամ ընթացքում, նրանք ենթարկվել են հոգեբանական ու ֆիզիկական բռնությունների»,- եզրափակեց Սիրանուշ Սահակյանը։
Զվարթ Խաչատրյան