Խաղաղության պայմանագիրը չպետք է կնքվի Փարիզում կամ Բրյուսելում․ Ալիևի օգնական

«Խաղաղության համաձայնագիրը պետք է կնքվի Երևանի ու Բաքվի միջև՝ ռեգիոնում, ոչ թե Փարիզում և Բրյուսելում»,- այս մասին այսօր Անթալիայում մեկնարկած Դիվանագիտական երրորդ ֆորումի ընթացքում ասաց Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը։

«Խաղաղության պայմանագիրը չպետք է կնքվի զուտ հանուն պայմանագրի, խաղաղության հասնելու իրական և իսկական մտադրություն պետք է լինի: Այս առումով Ադրբեջանը նաև ընդգծում է խաղաղության պայմանագրի երկկողմ ձևաչափը։ Տարածաշրջանում խաղաղությունը Բաքվի և Երևանի միջև է, այլ ոչ թե Փարիզում, Բրյուսելում կամ այլ տեղ։

Երկու երկրները պետք է միավորվեն և առաջ տանեն խաղաղության օրակարգը»,- նշեց Հաջիևը՝ ըստ էության նշելով, որ Բաքվի համար անընդունելի է Փարիզում և Բրյուսելում համաձայնագրի ստորագրումը։ Ալիևի օգնականը նաև նշեց, որ Ադրբեջանի համար Ղարաբաղի հարց այլևս գոյություն չունի, պատերազմն ավարտված է, Բաքվի օրակարգում խաղաղությունն ու տարածաշրջանային համագործակցությունն է, սակայն Բաքուն ակնկալում է պարզաբանումներ Երևանից բաց հարցերի շուրջ, որոնք ներառում են ՀՀ Սահմանադրությունում ներառված ձևակերպումներ և իրավական մի շարք հարցեր։ Անթալիայում այս միջոցառման շրջանակում Հաջիևին պատասխանեց Ռուբեն Ռուբինյանը։

Անթալիայի Դիվանագիտական ​​երրորդ ֆորումը (ADF), որը մեկնարկել է նախօրեից, ըստ թուրքական ԶԼՄ-ների, կհյուրընկալի ներկայացուցիչներ աշխարհի 147 երկրներից:

«Բարձրացնել դիվանագիտությունը ճգնաժամերի պայմաններում» թեմայով ֆորումի ընթացքում քննարկվելու են տարբեր թեմաներ, ինչպիսիք են գլոբալ խնդիրները, կլիմայի փոփոխությունը, միգրացիան, իսլամաֆոբիան, առևտրային պատերազմները և արհեստական ​​ինտելեկտը: Անթալիայում նման միջոցառում Թուրքիայի իշխանություններն անցկացնում են 2021 թվականից, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, որը 2022 թվականին մասնակցել էր ֆորումին, դրա ընթացքում հանդիպել Թուրքիայի ԱԳ նախկին նախարար Մևլյութ Չավուշօղլուին, այս տարի ևս այսօր մեկնել է Անթալիա։ Միրզոյանի օրակարգի մասին մանրամասներ հայտնի չեն, սակայն ուշագրավ է, որ Անթալիայում է նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, ում հետ օրերս Բեռլինում երկօրյա բանակցություններ ունեցավ Արարատ Միրզոյանը, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ով Անթալիայում հանդիպելու է իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ։

Տեսանյութեր

Լրահոս