Բաժիններ՝

«Խնդիր են դրել՝ քաղաքացիների հաշվին հարստանան ու անհասկանալի ծախսեր անեն. հանրային ճնշում է պետք». Մեսրոպ Մանուկյան

Երևանի քաղաքապետարանում վերջերս հետ էին կանչել հանրային տրանսպորտի ուղեվարձը բարձրացնելու վերաբերյալ որոշման նախագիծը՝ այն վերանայելու հիմնավորմամբ։

Հիշեցնենք, որ քաղաքապետարանը շրջանառության մեջ էր դրել միասնական տոմսային համակարգի ամբողջական ներդրման ապահովմանն ուղղված ավագանու որոշման նախագիծը, ըստ որի՝ նախատեսվում էր հանրային տրանսպորտի ուղեվարձի բարձրացում՝ մինչև 300 դրամ։

168.am հետ զրույցում Երևանի ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության քարտուղար Մեսրոպ Մանուկյանն ասաց, որ բազմիցս ներկայացրել են փաստեր, որ հանրային տրանսպորտի ուղավարձի բարձրացումն անհիմն է։

«Ես ավագանու նիստի վերջում բոլորին ապացուցել եմ, որ կեղծիք կա։ Իրենք ասում են, որ 7 մլրդ դրամի խնդիր ունեն, դրա համար հանրային տրանսպորտի ուղեվարձը թանկացնում են, որպեսզի կարողանան որակյալ տրանսպորտ հրամցնել քաղաքացիներին, որը նույնպես կեղծ է։ Դեռ վաղ է խոսել նրանից, որ կկարողանան արժանապատիվ տրանսպորտ հրամցնել մեր քաղաքացիներին։

Կարդացեք նաև

Մենք իրենց ասած 7 մլրդ դրամը բաժանում ենք 365 օրի, այսինքն՝ հասկանալու համար, թե օրական որքան գումարի խնդիր ունենք, մեզ ասում են, որ օրական 550 հազար ուղևորափոխադրում են իրականացնում, այսինքն՝ 550 հազար մարդ տրանսպորտի համար վճարում է։ Իմ գնահատմամբ՝ ուղևորափոխադրումների այս՝ 550 հազարն իրենք կեղծում են, որովհետև դեռևս 2014 թվականին քաղաքապետարանի պաշտոնական կայքում կա հրապարակված զեկույց, որն այն ժամանակ էին մշակել։ Այդ ժամանակ 635 հազար մարդ օգտվել է վերգետնյա տրանսպորտից, մետրոն չենք հաշվում։ Իսկ եթե վերցնում ենք իրենց ասած 550 հազար ուղևորին, ապա, ըստ հաշվարկների՝ ուղեվարձը պետք է թանկանա մոտ 37 դրամի կարգի։ Հիմա ավելի պարզ բացատրեմ, եթե մենք 7 միլիարդը բաժանում ենք 12 ամսվա մեջ, ամսական ստացվում է մոտ 600 մլն, որը եթե բաժանենք 30 օրվա մեջ՝ ստացվում է 20 մլն դրամ՝ օրական։ Իսկ եթե 20 միլիոնը բաժանում ենք 550 հազարի, ապա ստացվում է, որ 37 դրամ կամ մի քիչ ավելի քիչ։ Իսկ քաղաքային իշխանությունը մեզ ասում է, որ որակյալ տրանսպորտի սպասարկումն ավելի թանկ է»,- նշեց Մեսրոպ Մանուկյանը։

Մեր զրուցակիցը համաձայն չէ քաղաքային իշխանությունների մեկնաբանությունների հետ, թե որակյալ տրանսպորտի սպասարկումը թանկ արժե, քանի որ, երբ ավտոբուս են բերում, բնականաբար, սպասարկման ծախս չկա։ Այսինքն՝ այն մի քանի տարի պետք է օգտագործվի, որպեսզի նորոգելու կամ այլ խնդիրներ առաջանան։

«Այսինքն՝ այստեղ էլ են իրենք խնդիր դրել, որ քաղաքացիների հաշվին հարստանան ու անհասկանալի ծախսեր անեն»,- հավելեց Մ. Մանուկյանը։

Ըստ մեր զրուցակցի, ամբողջ աշխարհում հասարակական տրանսպորտը, որպես այդպիսին, շահույթ չի հետապնդում, այն սուբսիդավորվում է, ուստի «Մայր Հայաստան» խմբակցությունն առաջարկել է կրճատել  պետական ապարատին տրվող մեծ պարգևավճարները, հսկայական գնումները և հանրային տրանսպորտը սուբսիդավորել։

«Պետությունն ինչի՞ համար է, բարոյակա՞ն է, որ արտագնա աշխատանքի մեկնած մարդը, որ մեկ օրով գալիս է Երևան, տրանսպորտից օգտվի 4 հարյուր դրամով, կամ մեր մյուս քաղաքացիները։ Հանրային տրանսպորտի ուղեվարձը պիտի սուբսիդավորվի, ու վերջ։

Ես ռեալ եմ համարում, որ հանրային տրանսպորտի ուղեվարձը չպետք է փոփոխվի, որովհետև մեր հաշվարկները, որոնք արել ենք, հիմք ենք ընդունել իրենց հրապարակած թվերը։ Մենք առաջարկել ենք, որ նույն «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում իրականացնենք արտաքին աուդիտ, մեզ որևէ կերպ չեն արձագանքել, իսկ բացատրություն չտալը ընկալում եմ՝ որպես մերժում։ Թող անեն՝ հասկանանք, թե գնագոյացումն ինչպես է իրականանում։ Եթե չեմ սխալվում, այսօր Երևանում 15 երթուղայիններ մասնավոր են, հիմա մասնավորն ի վիճակի է, օրինակ, 8-10 տարի վնասով աշխատել, իհարկե ոչ։ Այսինքն՝ ինչպե՞ս է ստացվում, որ մասնավորը կարողանում է աշխատել, իսկ պետականը՝ ոչ։ Ինչպե՞ս սա կբացատրեն, որ մասնավորը երկար տարիներ աշխատում է ու չի սնանկանում, իսկ պետականը չի կարողանում։ Պարզ տրամաբանություն է, որ պետականն արդյունավետ չի կառավարվում:

Եթե լինի հանրային ճնշում, ապա քաղաքային իշխանությունները տեղի կտան և որևէ բան չեն փոխի։ Այս թանկացումը մարդկանց նվազագույն զամբյուղի վրա լուրջ ազդեցություն է ունենալու»,- ընդգծեց Մեսրոպ Մանուկյանը։

Տեսանյութեր

Լրահոս