
«Մենք ունենք ուժեղի ու թույլի բանակցություն. ՀՀ իշխանության դիրքորոշումը Հայաստանին ավելի է մղում զիջումների». Արտակ Բեգլարյան

Հուլիսի 10-ին Աբու Դաբիում կայացած Փաշինյան-Ալիևը մոտ 5 ժամ տևած բանակցությունների ընթացքում որևէ խոսք չի եղել Բաքվում պահվող հայ ռազմագերիների ու պատանդների մասին։ Ամեն դեպքում, այս թեմայի վերաբերյալ որևէ նախադասություն չկա պաշտոնական հաղորդագրություններում։
Մինչդեռ ադրբեջանական լրատվամիջոցները, որոնք Աբդու Դաբիից լուսաբանել են հանդիպումը, հայտարարել են, որ քննարկվել է «Զանգեզուրի միջանցքի» հարցը։
ՀՀ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության մեջ դրա մասին նույնպես որևէ խոսք չկա, խոսվում է ապաշրջափակման և երկկողմ բանակցությունները շարունակելու մասին։
Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ և նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի խոսքով՝ հայ գերիների հարցով առաջընթաց կարող է լինել, եթե Փաշինյանն ու Ալիևն այդ հարցում անձնական շահագրգռվածություն ունենան։ Իսկ անձնական շահագրգռվածությունը կարող է ծագել Հայաստանի պարագայում՝ համազգային ճնշման, իսկ Ադրբեջանի դեպքում՝ միջազգային ճնշումների արդյունքում, կամ նրանց արտաքին և ներքին քաղաքական նպատակները սպասարկելու տեսանկյունից։
«Փաշինյանի պարագայում հանրային ճնշման հետևանքով հանրային օրակարգում այդ հարցը սուր դարձնելու արդյունքում, հատկապես 2026 թվականի ընտրությունների նախաշեմին օգտագործելու, կամ այդ համաձանագրի ստորագրումը որոշ չափով ներկայացնելու է՝ որպես հաջողություն։ Իսկ Ալիևի պարագայում կոնկրետ գործընկերների հետ՝ Ռուսաստան կլինի, Միացյալ Նահանգներ թե Եվրոմիություն, հարաբերությունները կարգավորելու կամ ինչ-որ դրական ժեստ ցույց տալու նպատակով կարող է այդ ամենն արվել։ Ներքաղաքականում Ալիևին դա այդքան էլ պետք չէ, հակառակը՝ պատանդներին պահելն ավելի շատ է պետք»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արտակ Բեգլարյանը։
Ըստ նրա, պետք է նաև հաշվի առնել, որ գերիների հարցը տարբեր ենթախմբեր ու բաղադրիչներ ունի, և չի բացառվում, որ որքան էլ հանրային ու միջազգային ճնշումը մեծանա, դեռևս Փաշինյանն ու Ալիևն ունեն, օրինակ, ռազմագերիներ, որոնք 2020 թվականից Բաքվում են, առնվազն առաջին փուլով կարող են նրանց բաց թողնել և դա ներկայացնել՝ որպես հաջողություն։ Իսկ Արցախի ռազմաքաղաքական 8 ղեկավարները, հատկապես նրանց մի մասը, առնվազն 3 նախագահները և Ռուբեն Վարդանյանը, սպասում են վերջին շարքում։
«Այս մարդկանց, որոնք գերեվարվել են 2023 թվականի սեպտեմբերին, վերադարձն ապահովելու համար մենք առաջին հերթին ունենք խնդիր ՀՀ-ում և ամբողջ հայ ժողովրդի շրջանում ճնշումը մեծացնելու»,- շեշտեց նա։
Ինչ վերաբերում է առանց միջնորդի բանակցություններին և այստեղ գերիների հարցի հետ կապված բարդություններին, Արտակ Բեգլարյանը նկատեց՝ մի կողմից՝ պետք է ընդունել, որ երրորդ կողմը եթե չեզոք ու ազդեցիկ կողմ է, առաջնորդվում է միջազգային իրավունքի նորմերով ու սկզբունքներով, օգտակար կարող է լինել։ Մյուս կողմից էլ՝ եթե այդ միջնորդ կողմն ուղղակի ֆասիլիտացիա է իրականացնում, նաև որոշ չափով իր աշխարհաքաղաքական շահերն ու օրակարգն առաջ մղելու՝ կարող է լինել խանգարող հանգամանք։
«Իհարկե, խոշոր առումով, եթե կա երկկողմ բանակցություն և կան միջազգային երաշխիքներ՝ առանց միջնորդների, սա ողջունելի է։ Բայց մեր դեպքում խնդիրն այն է, որ այս միջազգային երաշխիքները չկան, Ռուսաստանն ու Միացյալ Նահանգներն իրենց հերթին իրենց աշխարհաքաղաքական շահերով են ուղղակի կամ անուղղակի ներգրավված այս բանակցություններում։ Որևէ մեկը չի ցանկանում միջազգային իրավունքի նորմերից ելնելով՝ աջակցել գործընթացին։
Անկախ նրանց ներգրավվածությունից կամ չներգրավվածությունից, մենք ունենք ուժեղի ու թույլի բանակցություն, չհաշված նաև ՀՀ իշխանության քաղաքական դիրքորոշումների սնանկությունը, Ալիևը պարտադրում է լուծումներ, իսկ Հայաստանը որպես թույլ կողմ՝ պարտադրված է զգում իրեն կատարել լրացուցիչ զիջումներ։ Իսկ ՀՀ իշխանությունների դիրքորոշումը, Արցախի, Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման մասով, որևէ կերպ չի աջակցում խաղաղությանը, հակառակը՝ Հայաստանին ու հայ ժողովրդին մղում է ավելի մեծ զիջումների»,- ընդգծեց Արտակ Բեգլարյանը։
Հիշեցնենք նաև, հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»:
Ադրբեջանը շինծու մեղադրանք է առաջադրել Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։
Նրանք բոլորն Ադրբեջանի կողմից ապօրինի կալանավորվել ու տեղափոխվել են Բաքու 2023 թվականի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի ու նրա խաղաղ բնակիչների վրա, ցեղասպանության սպառնալիքի տակ տեղահանեց արցախահայերին, իսկ ռազմաքաղաքական ղեկավարությանը ձերբակալեց, հակառակ պարագայում՝ կոտորելու էր խաղաղ բնակիչներին։