Իշխանությունները հետքայլ են արել. ՊԵԿ-ը քննարկման է ներկայացրել «խոպանչիներին» վերաբերող նախագիծը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ արտագնա աշխատանքի մեկնողների վերաբերյալ e-draft.am կայքում տեղադրվել է օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ նախագիծը։ Նախագծով նախատեսվում է, որ եթե օտարերկրյա պետությունում հարկի գումարը պահվել է, ապա Հայաստանում հարկային պարտավորության մասով հարց չի առաջանալու։

«Այդ նախագիծն արդեն հանրային քննարկման փուլում է՝ սա թիվ մեկ արձանագրումը»,- նշեց Ռուստամ Բադասյանը։

Լրագրողի հարցին՝ հետքա՞յլ եք արել, ՊԵԿ նախագահը պատասխանեց.

«Օբյեկտիվ բոլոր դժգոհությունների այն կտորները, որոնք, իրոք, օբյեկտիվ են եղել, հաշվի ենք առել մեր քաղաքացիների դիտարկումները։ Բայց առհասարակ առիթն օգտագործելով՝ կրկին նշեմ, որ ռեզիդենտության կանոնը և ռեզիդենտության երկրում, թե՛ Հայաստանում ստացած եկամուտները, թե՛ արտասահմանում ենթակա են հարկման ՀՀ-ում։ Արտասահմանում կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի ուժով կարող են հաշվի առնել այստեղի հարկի գումարը հաշվի առնելուց, դա էլ հենց տեղի է ունեցել։ Բայց ամենևին ընդունելի չեն բոլոր այն դիտարկումները, որ ցանկացած ոլորտի աշխատող ասում է՝ ինչո՞ւ ես պիտի հարկ վճարեմ։ Վերաբերմունքը մեր հարկային քաղաքականության և հարկ վճարելու մշակույթի նկատմամբ պետք է փոխենք։ Մենք հարկն ուղղակի անվերադարձ չենք տալիս, հարկի դիմաց ստանում ենք անվտանգություն, սոցիալական ապահովվածություն»,- շեշտեց Ռ. Բադասյանը։

Կարդացեք նաև

Ըստ նրա, ի սկզբանե պլանավորել էին, որ երբ ծանուցագիր են ուղարկում արտագնա աշխատողներին, դրանք ստանալուց հետո կարող էր լինել տարբեր սցենարներ։

Լրագրողի հարցին՝ կիսո՞ւմ է Նիկոլ Փաշինյանի այն տեսակետը, որ Կառավարության նիստին ասում էր՝ «եթե քաղաքացին հարկ չի վճարել, ապա հարկ վճարած քաղաքացու հաշվին կառուցած ճանապարհից թող չօգտվի», Ռուստամ Բադասյանը պատասխանեց, որ, իհարկե, կիսում է այդ տեսակետը։

«Դա պատկերավոր օրինակ էր, թե ինչ է տեղի ունենում, երբ մարդիկ հարկ վճարելուն ու հարկ վճարելու մշակույթին…

Պատկերավոր օրինակ է բերվել, և այն օրինակը, ոչ միայն իմ կարծիքով, շատ տեղին է եղել։ Այս խոսակցությունն ամենայն հարգանքով է լցված ՀՀ քաղաքացիների նկատմամբ, որովհետև մենք պետք է գիտակցենք ու հասկանանք, որ Հայաստանը գոյություն ունի և շարունակելու է գոյություն ունենալ բացառապես հարկ վճարողների կողմից վճարված հարկերի հաշվին։ Սա է այն մշակույթը, որը մենք պետք է սերմանենք մանկապարտեզից ու դպրոցից։ Կան երկրներ, որտեղ հարկային պարտավորություն չկատարելը համարվում է ամենամեծ խայտառակությունը, այդ բոլոր երկրները հաջողությունների պատմություններ են։ Որևէ մեկը ձախողման պատմություն չունի։

Եկեք նայեք ձեր կյանքի ցանկացած ոլորտին, ինչ է ձեր կյանքում տեղի ունենում, երբ ձեր տանից գողություն է կատարվում»,- շեշտեց նա։

Լրագրողի հարցին՝ երբևէ լսե՞լ է նմանատիպ արտահայտություն, որ «քաղաքացին տուգանքի մատերիալ չէ», Ռուստամ Բադասյանը պատասխանեց հարցով, թե դա ի՞նչ կապ ունի քննարկվող թեմայի հետ։

«Հարկն ու տուգանքը դուք նույնականացնում եք իրար հե՞տ»,- ընդգծեց նա։

Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ ինքը նո՞ւյնպես համարում է, որ ՀՀ թիվ մեկ հերոսը հարկ վճարողն է, ՊԵԿ նախագահը պատասխանեց, որ, եթե քաղաքացին օրինապահ է, վճարում է հարկերը, ապա այդ անձը կարող է համարվել հերոս։

Տեսանյութեր

Լրահոս