Անկարան նախատեսում է F-16 կործանիչներ ձեռք բերել
Թուրքիան ներկայումս կենտրոնացած է ԱՄՆ-ից F-16 կործանիչներ ստանալու հեռանկարի վրա, այլ ոչ թե վերադառնալու F-35 ծրագրին:
Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին Անկարայում լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Թուրքիան այս փուլում կենտրոնացել է F-16-ի, ոչ թե F-35-ի թեմայի վրա, իսկ ԱՄՆ կոնգրեսում, սենատում, վերջերս մեզ մոտ եկած սենատորների հետ մեր շփումների ժամանակ մենք քննարկել ենք, թե ինչ քայլեր ենք ձեռնարկելու F-16-ի թեմայով»,- նշել է նա։
Խոսելով կործանիչների գնման մասին՝ Էրդողանը հավելել է, որ Թուրքիայի ԱԳՆ-ն ինտենսիվ բանակցություններ է վարում ԱՄՆ Պետդեպարտամենտի զրուցակիցների հետ, և թուրքական իշխանությունները վերահսկում են այդ գործընթացը:
Թուրքիան դուրս է մնացել F-35 ծրագրից 2019 թվականին ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր ձեռք բերելուց հետո։