«Եվրոպացիները հանուն Արցախի» շարժումը ՄՕԿ-ին կոչ է անում հանդես գալ Փարիզի 2024 թ. Օլիմպիական խաղերին Ադրբեջանի մասնակցության դեմ

«Եվրոպացիները հանուն Արցախի» շարժումը նամակ է հղել Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահին՝ 2024 թ․ Փարիզում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին Ադրբեջանին մասնակցությունից զրկելու վերաբերյալ և կոչ է արել ՄՕԿ-ին կոնկրետ միջոցներ ձեռնարկել այդ երկրի մասնակցության դեմ։

Ինչպես տեղեկանում ենք Շարժման տարածած հաղորդագրությունից, նամակն ուղարկվել է նաև Ֆրանսիայի Հանրապետության նախագահին, Ֆրանսիայի ազգային օլիմպիական կոմիտեին, Ֆրանսիայի օլիմպիական խաղերի կազմկոմիտեին, Փարիզի քաղաքապետարանին, ինչպես նաև սպորտի, օլիմպիական ու պարօլիմպիկ խաղերի նախարարին։

Ելնելով ԼՂ ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտման փաստից` «Եվրոպացիները հանուն Արցախի» շարժումը ՄՕԿ-ին կոչ է արել արգելել Ադրբեջանին որպես պետություն ներկայացված լինել գալիք Օլիմպիական խաղերում և թույլ տալ ադրբեջանցի մարզիկներին հանդես գալ միայն չեզոք դրոշի ներքո։ Այս կոչը հնչել է ԼՂ-ում 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության և էթնիկ զտումների հետևանքով իրենց պապենական հողերից 120․000 հայերի բռնի տեղահանման պայմաններում։

Նամակին պատասխանել է միայն Ֆրանսիայի ազգային օլիմպիական կոմիտեն՝ ընդունելով իրավիճակը և նկատել, որ իր դիրքորոշումը համահունչ է Ֆրանսիայի կառավարության դիրքորոշմանը և նրա դիվանագիտական ջանքերին՝ նշելով.

«Մենք չենք կարող անհաղորդ մնալ նման աղետի հանդեպ»։

«Եվրոպացիները հանուն Արցախի» շարժումն ակնկալում է Միջազգային օլիմպիական կոմիտեի հստակ դիրքորոշումը, քանի որ որևէ քայլ չձեռնարկելը կխաթարի Օլիմպիական խաղերի ամբողջական նշանակությունը և ճանապարհ կհարթի ռազմատենչ պետությունների համար։

«Եվրոպացիները հանուն Արցախի»․ համաեվրոպական շարժում է, որը համախմբում է Եվրոպայի 15 երկրների հայկական համայնքների ներկայացուցչական մարմիններին։ 2023թ․ հուլիսին «Եվրոպացիները հանուն Արցախի» շարժումը նախաձեռնել էր կոչ` ուղղված Եվրոպական խորհրդի, Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպական խորհրդարանի ղեկավարներին, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ղեկավարներին՝ ի աջակցություն ԼՂ հայ բնակչության։ Այդ կոչը ստորագրել էին եվրոպական ավելի քան 500 կազմակերպություններ։

Այս շարժման առաքելությունն է մոբիլիզացնել քաղաքացիներին և ձեռնարկել անհրաժեշտ գործողություններ՝ ապահովելու ԼՂ-ի հայության հիմնարար իրավունքների իրացումը և երաշխավորումը։ «Եվրոպացիները հանուն Արցախի» շարժումն այս առումով բարձրացնում է իրազեկումը Եվրոպայի քաղաքական, սոցիալական և մշակութային ոլորտներում։

Տեսանյութեր

Լրահոս