
Մինսկում հայտարարել են, որ Արևմուտքը պատրաստվում է Բելառուսի դեմ ռազմական գործողությունների

Բելառուսի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Արևմուտքը մի շարք համալիր միջոցառումներ է անցկացնում ռազմական գործողությունների նախապատրաստման համար. Բելառուսի դեմ հետախուզություն է իրականացվում: Այս մասին Վիկտոր Խրենինը հայտնել է «Россия 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Այսօր մենք տեսնում ենք վաղօրոք ձեռնարկված համալիր միջոցառումներ, որոնք Արևմտյան Եվրոպան` Միացյալ Նահանգների գլխավորությամբ, իրականացնում է ռազմական գործողություններին նախապատրաստվելու համար: Մենք հասկանում ենք, թե ում դեմ են ուղղված լինելու այդ ռազմական գործողությունները», – ասել է Խրենինը:
Նա հավելել է, որ, բացի ցամաքային զորքերի գործողություններից, արձանագրվում են նաև Բելառուսի տարածքի օդային հետախուզման փորձեր։
«Բացի ցամաքային բաղադրիչից, մենք տեսնում ենք, թե ինչպես է ակտիվորեն, մշտական հետախուզում իրականացվում Բելառուսի Հանրապետության դեմ բոլոր ձևերով` նաև ռադիոտեխնիկական, ինքնաթիռներով, ինչպես օդաչուավոր, այնպես էլ անօդաչու ավիացիայով՝ օրական 5-ից մինչև 9 թռիչք․․․․ տիեզերական հետախուզություն, մենք նաև տեսնում ենք, թե ինչպես են նրանք ակտիվ հետաքրքրություն ցուցաբերում մեր զինվորական ավանների, ռազմակայանների նկատմամբ», – ընդգծել է Բելառուսի պաշտպանության նախարարը։