«Գենսուլինից» բողոքող հիվանդներին ԱՆ-ից ասել են՝ դեղը չի օգնում, քիչ կերեք՝ շաքարը կիջնի. Անուշ Պողոսյան
«Նախկինում տասնամյակներով ինսուլինակախյալ հիվանդները ստացել են «Ինսուլոտարդ» դեղամիջոցը, հիմա բազմաթիվ քաղաքացիներ բողոքում են այսօր իրենց ստացած «Գենսուլին» դեղամիջոցից: Հիվանդները նշում են՝ այդ դեղամիջոցը բացարձակ որևէ ազդեցություն չի գործում, և եթե նախկինում նախորդ դեղից 20 միավոր ստանալուց հետո արյան մեջ շաքարի մակարդակը հասնում էր նորմային, այժմ այս ինսուլինը ներարկելուց հետո, անգամ դոզան տասնապատիկ ավելացնելուց հետո հիվանդներն ունենում են արյան մեջ շաքարի բարձր թվեր, իսկ բարձր շաքարն արյան մեջ գուցեև չի ցավեցնում, բայց բերում է բազմաթիվ բարդությունների»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց իրավապաշտպան, «Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը:
Վերջինս շեշտեց՝ այսպես շարունակելու դեպքում մենք ՀՀ-ում կունենանք հաշմանդամության թվի աճ, որը և՛ պետության վրա է թանկ նստելու, և՛ հիվանդներն անդառնալի կորցնելու են իրենց առողջությունը:
Անուշ Պողոսյանի խոսքով՝ «Գենսուլինի» գնումն իրականացվել է նախորդ տարվա սեպտեմբերին:
«Իրականում նախորդ դեղամիջոցի համեմատ գնային տարբերությունն էական չէ, մեկ միավորի համար 10 դրամի տարբերության մասին է խոսքը: Թաիլանդը, օրինակ, 33 ամիս կլինիկական փորձարկումից հետո հետ է կանչել այս ինսուլինը՝ հայտարարելով, որ այն ունի կողմնակի էֆեկտներ, և ցանկալի չէ այն տրամադրել հիվանդներին: Մեր կազմակերպություն բողոքած հիվանդները դժգոհում էին խնդրի վերաբերյալ Առողջապահության նախարարության (ԱՆ) պատասխաններից: Թեժ գծից նրանց խորհուրդ են տվել՝ ուրիշ դեղ ներարկեք, կամ քիչ կերե՛ք՝ շաքարը կիջնի: Սա ոչ պրոֆեսիոնալ, նաև նվաստացուցիչ պատասխան է»,- ասաց Անուշ Պողոսյանը:
Իրավապաշտպանը նշեց՝ ինսուլինակախյալ հիվանդների թիվը 25.000 է:
«Գուցե լսե՞ք այդ հիվանդներին, նրանց չդնեք վատ վիճակի մեջ, որովհետև այդ հիվանդները կարող են անդառնալի կորուստներ ունենալ: Հիվանդներ կան, որ ցույց են տվել՝ «Գենսուլինի» օգտագործումից հետո արյան մեջ շաքարի միավորը 26-27 է, իսկ դա արդեն նախակոմատոզ վիճակ է: Եվ դրան հակառակ՝ նույն հիվանդները նաև ցույց են տվել, որ ««Ինսուլոտարդի» դեպքում իջել է 8-9»,- ասաց Անուշ Պողոսյանը:
Առողջապահության մասնագետի տեղեկություններով՝ բողոքող հիվանդներին տրամադրում են պահուստային «Ինսուլոտարդ» դեղամիջոցը:
«Արդյունավետ դեղամիջոց չօգտագործելու դեպքում մանր անոթների ախտահարումը կարող է բերել օրգան-համակարգերի ախտահարմանը: Եթե հարցը չլուծվի, ոչ միայն ինֆարկտների ու ինսուլտների աճ կգրանցվի, այլև կունենանք կուրության, երիկամային ախտահարության աճ. Ընդհուպ՝ հիվանդները կհասնեն դիալիզի: Եվ ամենակարևորը, կունենանք ստորին վերջույթների գանգրենոզ ախտահարումներ, որոնք կբերեն ամպուտացիաների: Իսկ պետության համար նման հաշմանդամների մասին հոգ տանելը շատ ավելի թանկ է լինելու, քան ուղղակի կարգավորել հարցը»,- ասաց Անուշ Պողոսյանը:
Նա նաև նշեց, որ խնդրահարույց դեղամիջոցը լեհական արտադրության է:
«Առողջապահության նախարարությունը կարմիր գծով տանում է, որ մրցույթ է եղել, և հաղթել է էժան դեղը, բայց մոռանում են մի կարևոր բան, որ գոյություն ունեն տեխնիկական բնութագրեր, որոնք ներկայացվում են մրցույթից առաջ: Այսինքն՝ մենք ինչ պրեպարատ ենք ուզում: Պետք է նշվեր, որ մենք ուզում ենք ինսուլին, որը գոնե երկու կլինիկական փորձարկում պետք է անցած լիներ: Իսկ այս ինսուլինը դեռ կլինիկական փորձարկումներ չի անցել:
Ուշագրավ մի փաստ կա: ԱՆ-ից նշում են, որ Լեհաստանը Եվրամիության անդամ երկիր է, և դեղորայքը ԵՄ օրենքներով գրանցված դեղորայք է, սակայն ես առնչվել եմ այն փաստի հետ, որ ինսուլինը Լեհաստանում գրանցվել է 2001թ., սակայն Լեհաստանը ԵՄ անդամ դարձել է 2004թ.: Համապատասխան մարմիններին հորդորում եմ ուսումնասիրել գնումների մանրուքները»,- ասաց Անուշ Պողոսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: