Ալիևի «երազանքների ցուցակն» անսպառ է. ՀՀ իշխանություններն իրենց քայլերով ուղղակի ական են դրել Հայաստանի տակ. Տաթևիկ Հայրապետյան

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները, այդ թվում՝ փոխվարչապետները, կհանդիպեն, սակայն հստակ չէ, թե որտեղ ու երբ։

Նա նաև ասել էր, որ հստակ չէ նաև՝ Միրզոյան-Բայրամով հանդիպումը կլինի միջնորդներո՞վ, թե՞ առանց միջնորդների։

Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին Գերմանիայի կանցլերի միջնորդությամբ Մյունխենում տեղի էր ունեցել Փաշինյան-Ալիև հանդիպում։

Ի՞նչ ակնկալել սպասվող հանդիպումներից, հասկանալի՞ է, թե այս պահին  հայ-ադրբեջանական բանակցությունները որ հարթակում են ընթանում։

Կարդացեք նաև

168.amի հետ զրույցում Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը խոսելով այս հարցերի շուրջ, նախ հիշեցրեց փետրվարի 14-ին նախագահի պաշտոնում վերընտրվելու երդմնակալության ժամանակ Ալիևի արած հայտարարությունը։

«Ալիևն իր երդմնակալության ժամանակ հայտարարեց, որ «հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը պետք է դուրս թողնվի միջազգային օրակարգից։ Տպավորություն է, որ բոլորը ցանկանում են այդ հարցի հետ առնչություն ունենալ, բայց թող գնան իրենց գործով զբաղվեն, այդ պատճառով է, որ չի ուզում այդ հարցով խոսել, որովհետև հարցը արժեք չունի, որ դրա հետ կապված միջազգային ներգրավվածություն ունենա։ Այդ բոլոր հարցերը լուծում են և այսօր Քարվաճառում են, Ակնայում ու Շուշիում են»։

Ալիևի այս հայտարարությունը ցույց է տալիս, որ նա ամեն ինչ անում է, որպեսզի միջազգային գործընկերներին գործընթացից դուրս թողնի։ Միաժամանակ Ալիևը բավականին խորամանկ է՝ միջազգային հանրության հետ իր կապերը լիարժեք չխզելու ու չբարդացնելու տեսանկյունից։ Դրա համար նա համաձայնել է  Գերմանիայի կանցլերի միջնորդությամբ Փաշինյանի հետ հանդիպմանը։ Դրանից հետո այսօր արդեն խոսում են երկու երկրների արտգործնախարարների մակարդակով հանդիպման մասին։ Ուզում եմ հիշեցնել, որ նման հանդիպման մասին խոսվում էր նաև անցած տարի՝ դեկտեմբեր-հունվար ամիսներին։ Մինչ այդ խոսվում էր նաև Բրյուսելում ու Վաշինգտոնում անցկացվելիք հանդիպումների մասին»,- նշեց Տաթևիկ Հայրապետյանը։

Նրա համոզմամբ, Ադրբեջանը որևէ էական քայլ չի անելու արևմտյան ձևաչափերում՝ ո՛չ ստորագրման, ո՛չ էլ այլ ուղղություններով, քանի որ Ադրբեջանն այդ ձևաչափերում հասել է մաքսիմալ արդյունքների։ Հասել է նրան, որ Արցախը ճանաչվել է Ադրբեջանի մաս, որ Հայաստանն Իրանին ու Վրաստանին կապող ուղիները դրել են սպառնալիքի տակ։ Այժմ ինչ-որ պահ է, որ Ադրբեջանը պետք է ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, բայց ամեն ինչ անելու է, որպեսզի դա տեղի չունենա։

Ինչ վերաբերում է ՀՀ Սահմանադրությունը փոխելուն և Ադրբեջանի նախագահի պահանջին, որ «մինչև Սահմանադրությունը Հայաստանը չփոխի, խաղաղության պայմանագիր չի ստորագրելու», Տաթևիկ Հայրապետյանն ասաց՝ առհասարակ Հայաստանի առաջ բազմաթիվ նախապայմաններ են առաջ քաշվում։

«Եթե Ալիևի «երազանքների ցուցակը» նայեք, ապա դրանք անսպառ են։ Երբ ամեն անգամ հայկական կողմը բավարում է դրանցից մեկը, հայտնվում են նորերը։ Եթե խոսում ենք ինչ-որ հավակնություններից, ապա եկեք բացենք ու կարդանք Ադրբեջանի Սահմանադրությունը, որը կրկին հղում է անում իրենց Անկախության հռչակագրին։ Այնտեղ հատված կա տարածքի հետ կապված, և իրենք պնդում են, որ, օրինակ, Հայաստանի Սյունիքի մարզն իրենց երկրի անբաժան մասն է, որ իրենց տարածքն ավելին է, քան ներկայիս 86.600 քկմ տարածքը։ Հիմա հարց եմ տալիս՝ Ադրբեջանը պատրա՞ստ է որևէ ձևով փոփոխել այդ կետերը, կարող եմ հստակ պատասխանել՝ ոչ։ Եթե Ադրբեջանը գնա փոփոխությունների, որի մասին խոսել է 2022 թվականին, ապա դա կարող է լինել միայն Նախիջևանի Ինքնավար Մարզի լուծարման հետ կապված, որը կարգավորվել է Մոսկվայի ու Կարսի պայմանագրերով։ 2022 թվականին այս թեմայի շուրջ տարբեր քննարկումներ եղան, ու առկախվեց, բայց ներկայումս տարբեր խոսակցություններ կան, որ այդ հարցը կարող է նորից բարձրացվել։

Այսինքն՝ թե՛ Նախիջևանի Ինքնավար Մարզի, թե՛ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի կարգավիճակը պայմանավորված է այդ տարածքներում հայերի խիտ բնակեցմամբ։ Ադրբեջանը ցանկանում է նույն Նախիջևանում հասնել նրան, այսինքն՝ այնտեղ, բնականաբար, հայ չի ապրում, բայց ֆորմալ առումով լուծարել այն, ինչի շուրջ պայմանավորվել էին ավելի քան մեկ դար առաջ Մոսկվան և Անկարան»,- շեշտեց Տաթևիկ Հայրապետյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի նախապայմանները չկատարելու ու դրանք կանխելու միակ ճանապարհն իշխանափոխությունն է։

«Այդ ամենը կանխելու համար Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռացվի»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ այս պայմաններում, երբ իշխանությունը հայտարարում է, որ չի գնալու կոնֆրոնտացիայի, երբ ստում է սեփական հանրությանը՝ ասելով, որ իբրև դա ներքին օրակարգ է, և ոչ՝ Ադրբեջանից թելադրված, ապա այդ տրամաբանությունը, որը նա դրել է Սահմանադրությունը փոխելու տակ, երկու դեպքում էլ ի վնաս Հայաստանի է ուղղվելու։

«Ժամանակին Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ կփոխի Սերժ Սարգսյանի համար կարված կոստյումը, բայց այսօր բոլորովին այլ բան է անում։

Եթե իրենք փորձեն հայ հանրությանը սպառնալով, պատերազմով հասնել ինչ-որ դրույթների հաստատման, ապա Ալիևի ձեռքերն ամբողջովին ազատ են արձակվում, նա միակողմանիորեն հասնում է այնպիսի ձեռքբերումների, որոնցով որևէ պարտավորվածություն չունի։

Հաջորդը, եթե Նիկոլ Փաշինյանի թելադրած տրամաբանության ներքո է, երբ ասում է՝ այ, եթե այսպես չլինի, վատ է լինելու, ապա Ադրբեջանն ասելու է՝ «ուրեմն՝ Հայաստանի ժողովուրդը խաղաղություն չի ուզում՝ ազատ ենք մեր գործողություններում»։ Այսինքն՝ Ալիևի քայլերը կանխելու փոխարեն, ՀՀ իշխանություններն իրենց քայլերով ուղղակի ական են դրել Հայաստանի տակ։ Դրա համար Նիկոլ Փաշինյանն ամբողջովին պետք է հրաժարվի այդ օրակարգից, բայց քանի որ ինքը դարձել է Բաքվի կատարողը, կարծում եմ՝ այդ ամենն ի վերջո պետք է ավարտվի իշխանությունից իր հեռացմամբ»,- եզրափակեց Տաթևիկ Հայրապետյանը։

Տեսանյութեր

Լրահոս