Թուրքիահի ԱԳ նախարարը կմասնակցի G20-ի արտգործնախարարների հանդիպմանը
Թուրքական մեդիայում շրջանառվում են լուրեր՝ կապված G20-ի անդամ պետությունների արտգործնախարարների ժողովի հետ, որն անցկացվելու է Բրազիլիայում՝ փետրվարի 21-ից 22-ն ընկած ժամանակահատվածում:
Մասնավորապես նշվում է, որ դրան մասնակցելու է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և բարձրաձայնելու է աշխարհում տեղի ունեցող վերջին զարգացումների շուրջ Թուրքիայի հստակ դիրքորոշումների մասին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Խոսքը հիմնականում վերաբերում է ներկա պահին ընթացող երկու սրված հակամարտություններին՝ ռուս-ուկրաինական և պաղեստինա-իսրայելական: Թուրքիայի պաշտոնական դիրքորոշման համաձայն՝ Ռուսաստանը «օկուպացրել է ուկրաինական տարածքներ», իսկ Իսրայելը պաղեստինյան:
Նշվում է, որ Ֆիդանը տարբեր պետությունների և կառույցների ներկայացուցիչների հետ ունենալիք հանդիպումներում ուշադրություն է հրավիրելու այն բանի վրա, որ Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) ներուժը չի բավականացրել կանխելու Իսրայելի կողմից Պաղեսիտնի ուղղությամբ իրականացված և շարունակվող հարձակումները:
Հաղորդվում է, որ թուրք նախարարի կողմից բարձրաձայնվելու է մասնավորապես նախկինում նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հնչեցված «Աշխարհը 5-ից մեծ է» (Նկատի են առնվել ՄԱԿ ԱԽ-ի մշտական 5 անդամները) մոտեցման շրջանակներում Թուրքիայի ունեցած դիրքորոշումները:
Ըստ Էրդողանի՝ ելնելով աշխարհում առկա իրավիճակից, անհրաժեշտություն կա պահի գնահատմանը համահունչ նոր համակարգ ստեղծել, որը ի վիճակի կլինի պատշաճ կերպով արձագանքել առկա խնդիրներին:
Բացի այդ, սպասվում է, որ հանդիպման օրակարգում տեղ կգտնեն քննարկումներ կապված ռուս-ուկրաինական ճգնաժամի շարունակական խորացման համատեքստում էներգետիկ և հացահատիկային անվտանգության շուրջ: