Բաժիններ՝

Պատմեցի Արցախի մասին, թե ինչ դրախտավայր է, ու ինչպես հայերին ստիպեցին տեղահանվել. հայկական պարային համույթի ամերիկյան հյուրախաղերը

«Պրոֆ արտ դանս» պարարվեստի ստուդիայի սաները  շուրջ մեկ ամիս ԱՄՆ-ում ներկայացնելու են հայկական մշակույթը. հայ պարողները RCF-ի և «Հայկական ազգային Դելփյան կոմիտե»-ի հրավերով եղել ու լինելու են ԱՄՆ տարբեր նահանգներում:

Ավանդույթ դարձած այս շրջագայությունը մշակութային փոխանակման ծրագրի մի մասն է: Խումբը մշակութային իր առաքելության հետ մեկտեղ՝ օտար հանդիսատեսին պատմում է Հայաստանի, Հայոց ցեղասպանության ու  Արցախի, հայրենազրկված արցախցիների մասին:

13 հոգանոց պարողների առաջին խումբն արդեն վերադարձել է, մյուս խումբը շուտով կվերադառնա:

Կարդացեք նաև

Ստուդիայի հիմնադիր-պարուսույց Վերգինե Գրիգորյանը 168.am-ի հետ զրույցում նշեց՝ իրենց մշակութային պրեզենտացիաների ժամանակ ներկայացրել են ոչ միայն հայկական ազգային պարը, խոսել նվագարանների և երգարվեստի մասին, այլև Հայաստանի ու Արցախի պատմությանն են ծանոթացրել օտարներին:

«Մենք ելույթ ենք ունեցել թե՛ հայ հանդիսատեսի համար, թե՛ ամերիկացի: Այնքանով ենք մեր գործը կատարած համարում, որ ելույթներից հետո նկատում էինք հետաքրքրություն մեր ազգի ու մշակույթի հանդեպ: Յուրաքանչյուր ելույթից հետո նաև ինտերակտիվ կերպով ուսուցանում էինք պարերը: Հատկապես «Քոչարին» էր հանդիստատեսի համար հետաքրքիր. իրազեկում էինք, որ հայկական այդ պարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում է:

Խոսում էինք նաև Արցախյան պատերազմների մասին, Արցախի կորստի ու հայերի հանդեպ ճնշումների մասին»,- ասաց Վերգինե Գրիգորյանը:

14-ամյա պարուհի Կամիլա Հովհաննիսյանն ամերիկյան հյուրախաղերից վերադարձել է շատ տպավորված.  «Ամերիկացի ու ամերիկաբնակ հանդիստատեսին շատ էին դուր եկել մեր ազգային պարերը: Ելույթներից հետո ունենում էինք կարճ ուսուցողական հատված, երբ ցանկացողներին ևս սովորեցնում էինք հայկական պարը:

Ես նաև պատմեցի Արցախի մասին, թե ինչ դրախտավայր է ու ինչ մեծ հայկական մշակութային ժառանգություն ունի, որ պատերազմից հետո հայերին ստիպել են տեղահանվել»:

Պարողների խումբը շրջագայության օրերին ապրում է հյուրընկալ ընտանիքներում. Կամիլային հուզել է, երբ հերթական ելույթից հետո տեսել է, թե ինչպես են իրեն հյուրընկալած ամերիկյան ընտանիքի անդամները համացանցում փնտրել Հայաստանի ու Արցախի մասին տեղեկություն:

Տեսանյութեր

Լրահոս