Բաժիններ՝

«Ամենօրյա ռեժիմով այստեղ տեղեկացնում ենք, որ Արցախում 120.000 հայ գտնվում է բլոկադայի մեջ». հայկական պարային համույթի ամերիկյան հյուրախաղերը

«Պրոֆ Արտ» պարային մանկապատանեկան ստուդիայի սաներն այս օրերին Միացյալ Նահանգներում են՝ ներկայացնելու հայկական ազգային երգն ու պարը: Մշակութային փոխանակման ծրագրով ԱՄՆ-ում գտնվող այս խումբը, սակայն, մշակութային իր առաքելության հետ մեկտեղ՝ օտար հանդիսատեսին պատմում է Հայաստանի, Հայոց ցեղասպանության ու 50 օրից ավելի շրջափակված Արցախի մասին:

«RCF-ի և «Հայկական ազգային Դելփյան կոմիտե»-ի հրավերով գտնվում ենք Միացյալ Նահանգներում և մշակութային փոխանակման ծրագրի շրջանակներում 13 հոգանոց կազմով 4 շաբաթ ԱՄՆ ավելի քան 21 նահանգներում ներկայացնելու ենք հայկական մշակույթը: Մեր այս շրջագայության ղեկավարն Ալեքսան Զաքյանն է՝ «Հայկական ազգային Դելփյան կոմիտե»-ի նախագահը. նա դեսպանի գործ է անում»,- 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց համույթի հիմնադիր և ղեկավար Տիգրան Մնոյանը:

Կարդացեք նաև

Մեր զրուցակիցը նշեց, որ իրենց պրեզենտացիաների ժամանակ պատմում են ոչ միայն հայկական ազգային պարի, նվագարանների և երգարվեստի մասին. «Քանի որ մեր ելույթները ներառում են նաև պատմական Հայաստանի շրջանները, Հայաստանն ու Արցախը, երբ, օրինակ, խոսում ենք ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող մեր պատմական հայրենիքի այս կամ այն հատվածի մշակույթի մասին, մենք այստեղ նշում ենք, որ 1915 թվականին եղել է Ցեղասպանություն, և ցեղասպանվել է նաև մեր մշակույթը: Ամենօրյա ռեժիմով այստեղ տեղեկացնում ենք, որ Արցախում 120 հազար հայ գտնվում է բլոկադայի մեջ:

Ի դեպ, մեր պրեզենտացիաներին ներկա են լինում քաղաքապետներ, իսկ օրեր առաջ՝ նաև կոնգրեսմեն և Սենատի ներկայացուցիչներ»:

Պարային համույթն արդեն հասցրել է լինել Նյու Յորքում, Նյու Ջերսիում, Վայոմինգում, Այովայում, այս պահին Արիզոնայում են, իսկ մշակութային շրջայցի ցանկում դեռ Վաշինգտոնն է, Տեխասը և այլն:

«Մեր հանդիսատեսն 99 տոկոսով ամերիկացիներ են, որոնք հետաքրքրությամբ են մասնակցում պրեզենտացիաներին. օրինակ, եթե այն նախատեսված է մինչև մեկ ժամ, տևում է առնվազն երկու ժամ, որովհետև մարդկանց հետաքրքրությունն ու հարցերը բազմաթիվ են:

Յուրաքանչյուր պրեզենտացիայի ժամանակ ունենում ենք ժամանակ, որտեղ հանդիսատեսին՝ ԱՄՆ քաղաքացիներին, ուսուցանում ենք ազգային պար, մասնավորապես՝ «քոչարի» պարաձև»,- հավելեց Տիգրան Մնոյանը՝ տեղեկացնելով, որ տեղի թերթերում, ամսագրերում, հեռուստաընկերություններում արդեն խոսում են իրենց այցի մասին:

Քանի որ խումբը փոխանակման ծրագրով է ԱՄՆ-ում, հայ երեխաներն ապրում են ԱՄՆ քաղաքացիների ընտանիքներում, լինում են բազմաթիվ տեսարժան վայրերում ու թանգարաններում՝ ծանոթանալով ԱՄՆ մշակույթին և պատմությանը:

Տեսանյութեր

Լրահոս