
ՀԷՑ-ի թողարկած պարտատոմսերը սպառվել են նախատեսվածից ավելի շուտ ժամկետում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության թողարկած 32 միլիարդ դրամ ընդհանուր արժողությամբ պարտատոմսերը սպառվել են նախատեսվածից շատ ավելի շուտ ժամկետում և տեղաբաշխվել՝ աչքի ընկնելով ներդրողների բազմազանությամբ։
Այս մասին փետրվարի 14-ին կայացած ասուլիսին ասաց ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը՝ մանրամասնելով, որ ֆինանսական առումով ձեռք բերողների 36,1 տոկոսը բանկերն են, 53 տոկոսը՝ կենսաթոշակային հիմնադրամները, իսկ 10,8 տոկոսը՝մանրածախ ներդրողները։
«Քանակական առումով ներդրողների թիվն ընդհանուր առմամբ 311-ն է, որից 14-ն են բանկեր և ինստիտուցիոնալ ներդրողներ, մնացած 297-ը ֆիզիկական և իրավաբանական այլ անձինք են»,-հավելեց ընկերության գլխավոր տնօրենը։
Նրա խոսքով՝ Հայաստանում սա պարտատոմսերի ամենաբարձր վարկանիշով թողարկումն է, քանի որ ՀԷՑ-ն ունի ամենաբարձր վարկանիշը`ըստ համապատասխան միջազգային գնահատող կազմակերպության։
«Սա նաև խոշորագույն դրամային պարտատոմսերի թողարկումն է հանրապետությունում ընդհանրապես։ Թողարկման ծավալը և եկամտաբերությունը համադրելի են Հայաստանի պետական պարտատոմսերի հետ»,-ընդգծել է Հարությունյանը՝ ավելացնելով, որ շուտով ՀԷՑ-ի թողարկած պարտատոմսերը կցուցակվեն բորսայում և բոլոր ցանկացողները կկարողանան երկրորդային շուկայից դրանք ձեռք բերել։