Որո՞նք են շագանակագեղձի քաղցկեղի առաջացման պատճառները, որքանո՞վ են վտանգավոր միսը, կաթնամթերքը

Տղամարդկանց շրջանում, ի թիվս մի շարք հիվանդությունների՝ շնչափողի, լյարդի, թոքի քաղցկեղի, տարածում է գտել նաև շագանակագեղձի և միզապարկի քաղցկեղը, ինչի մասին էլ զրուցել ենք ԱՆ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Օնկոուրոլոգիական բաժնի ղեկավար, ուռուցքաբան-ուրոլոգ Կարեն Ծառուկյանի հետ:

Բժիշկ, ի՞նչ ֆունկցիա է կատարում շագանակագեղձը, որտե՞ղ է գտնվում:

– Շագանակագեղձը կարևոր միզասեռական օրգան է, տեղակայված է կոնքի խոռոչում, մասնակցում է և՛ սեռական, և՛ վերարտադրողական ֆունկցիային: Հարևանությամբ գտնվում է միզապարկը, որն ունի մեզը կուտակելու ընդունակություն: Միզարձակության ժամանակ մեզը դուրս է գալիս շագանակագեղձով անցնող միզուկի հատվածով, և այդ պատճառով շագանակագեղձի հիվանդություններն անդրադառնում են ոչ միայն սեռական, վերարտադրողական ֆունկցիաներին, այլև միզարտադրության:

Կարդացեք նաև

Որո՞նք են շագանակագեղձի հիվանդությունները:

– Տարբեր են՝ սկսած բորբոքային երևույթներից՝ մինչև բարորակ ուռուցքային հիվանդություններ: Խնդրահարույցը շագանակագեղձի չարորակ հիվանդություններն են, մասնավորապես, շագանակագեղձի քաղցկեղը: Եթե խոսենք բարորակ և չարորակ ուռուցքային հիվանդություններից, ապա առավել շատ տարածված են միջինից բարձր տարիքային խմբի մոտ: Երիտասարդների մոտ առավել շատ դիտվում են բորբոքային երևույթները: Բայց զգոնությունը պետք չէ կորցնել, որովհետև քաղցկեղային մի շարք հիվանդություններ երիտասարդացման հակում ունեն:

– Վերջերս մի հետազոտություն էի կարդում՝ նշված էր, որ մարդն ունեցել է լնդերի և շագանակագեղձի բորբոքում, ու երբ լնդերը բուժել է, սա ևս բուժվել է: Կապ կա՞:

– Ընդհանուր առմամբ կապ չկա, բայց, եթե օրգանիզմում կա որևէ բորբոքային օջախ, ու դա կարող է նպաստել նաև այլ օրգան համակարգերում բորբոքման օջախների զարգացմանը կամ, եթե առկա է, ապա դժվար թե դրա հետզարգացմանը:

– Շագանակագեղձի բորբոքման դեպքում ի՞նչ ախտանշաններ կան:

– Թե՛ շագանակագեղձի բորբոքային հիվանդությունների, թե՛ բարորակ ու չարորակ ուռուցքների դեպքում գանգատները կարող են համընկնել: Երիտասարդների մոտ բորբոքային հիվանդությունները կարող են դրսևորվել և՛ ցավային համախտանիշով, և՛ միզարձակության խնդիրներով, և՛ սեռական ֆունկցիայի խանգարմամբ: Հետևողական լինելու դեպքում շատ խնդիրներ լուծելի են:

– Եթե խոսենք շագանակագեղձի բարորակ գերաճի՝ ադենոմայի մասին, ապա, ըստ որոշ տեղեկությունների, դրան կարող է նպաստել շատ գարեջուր խմելը. Այդպե՞ս է:

– Տարբեր նպաստող գործոններ կան: Սակայն նշեմ, որ ադենոմայի բուժումը հիմնականում լուծելի է, անգամ կարող է ակտիվ վիրահատական միջամտություն չպահանջել: Գանգատների առկայության դեպքում կամ կիրառվում է դեղորայքային, կամ վիրահատական բուժում:

Որո՞նք են շագանակագեղձի զարգացման ռիսկի գործոնները, և ի՞նչ ախտանշաններ կան:

– Քաղցկեղի առաջացման մեջ դեր ունեն քիմիական նյութերը, սննդի մեջ պարունակվող տարբեր հավելումները, ճառագայթումը, ծխելը: Տեսություններ կան, բայց պատճառներն ի վերջո չի հաջողվում պարզել: Գանգատները կարող են համանման լինել բորբոքային երևույթների կամ բարորակ հիվանդություններին: Պետք է հաշվի առնել նաև ժառանգական գործոնի դերը:

Կա նաև տեսակետ, որ կարմիր միսը, կաթնամթերքը շատ օգտագործելու դեպքում ևս զարգանում է շագանակագեղձի քաղցկեղ:

– Կարծում եմ, որ սնունդը պետք է լինի բազմատեսակ: Գերակշռող մասն անհրաժեշտ է լրացնել մրգերով և բանջարեղենով: Մսամթերքը, ինչպես ցանկացած այլ մթերք, սահմանափակ քանակի դեպքում օգտակար է: Կարծում եմ, մոտեցումները փոխվել են, և հիմա տղամարդիկ ևս բազմատեսակ սնունդի սիրահար են: Օրինակ, մսամթերքի դեպքում կարևոր է, թե ինչպիսի՞ մշակում է անցել, էկոլոգիապես մաքո՞ւր է, թե՞ ոչ: Եթե կենդանիներին կերակրում են քաղցկեղածին, արհեստական սնունդով, այդ դեպքում վտանգները մեծանում են: Կարևոր է նաև ավելորդ քաշից խուսափելը:

– Վերջին տարիներին գրեթե ամեն հիվանդության հետ կապում են վիտամին D-ն: Շագանակագեղձի քաղցկեղի կարո՞ղ է հանգեցնել դրա պակասը:

– Ցանկացած վիտամինային անբավարարություն կարող է դրսևորվել որևէ խնդրով, այդ թվում՝ վիտամին D-ի, սակայն չարաշահումը նույնպես ցանկալի չէ:

Ո՞ր տարիքից պետք է դիմել ուրոլոգի և ի՞նչ հետազոտություններ պետք է կատարեն:

– Ցանկալի է, որ տարին մեկ անգամ բոլորը կատարեն սոնոգրաֆիկ հետազոտություն: PSA-թեստ են հանձնում, որն ուռուցքային մարկեր է, և այդ ցուցանիշի նորմայից բարձր լինելն արդեն ազդակ է՝ հետազոտությունները խորացնելու և սկզբնական փուլում քաղցկեղը հայտնաբերելու համար:

– Մարդու պապիլոմավիրուսը, որը փոխանցվում է սեռական ճանապարհով, կարո՞ղ է հանգեցնել շագանակագեղձի քաղցկեղի զարգացման:

– Մարդու պապիլոմավիրուսն ավելի մեծ դեր ունի արտաքին սեռական օրգանների քաղցկեղի առաջացման գործում:

Շագանակագեղձի հիվանդությունները կարո՞ղ են հանգեցնել միզապարկի քաղցկեղի առաջացման:

– Տարբեր մեխանիզմներով առաջացող հիվանդություններ են: Շագանակագեղձի հիվանդություններն անուղղակի կերպով կարող են նպաստել միզապարկի քաղցկեղի առաջացմանը: Բայց, եթե առկա են միզարձակության խանգարումներ, միզապարկում ունենում ենք մնացորդային մեզ, այդ դեպքում մեզում պարունակվող քաղցկեղածին նյութերը երկարատև շփվելով լորձաթաղանթի հետ՝ կարող են նպաստել միզապարկում քաղցկեղի զարգացմանը՝ անուղղակի ձևով:

Երկու հիվանդությունների բուժման համար ի՞նչ է առաջարկում բժշկությունը:

– Միզապարկի դեպքում հիվանդության բուժման հիմնական եղանակը վիրահատականն է: Շատ բան կախված է վիրահատության փուլից: Եթե վաղ է հայտնաբերվում, ապա էնդոսկոպիկ եղանակով, առանց կտրվածքի կարող են հեռացնել գոյացությունը: Ուշացած փուլերում հաճախ ստիպված ենք լինում կատարել արմատական միջամտություն, այն է՝ միզապարկի հեռացում: Վերջին տարիներին այս վիրահատությունն ամենշաբաթյա բնույթ է կրում: Երբեմն, միզապարկի հեռացումից հետո ձևավորում ենք աղիքային միզապարկ, որն ապահովում է կյանքի նորմալ որակ: ՀՀ-ում ամեն տարի արձանագրվում է միզապարկի քաղցկեղի 350 առաջնային դեպք: Մեզ մոտ միզապարկի քաղցկեղի հայտնաբերման դեպքերը գերազանցում են շագանակագեղձի քաղցկեղին:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս