Բաժիններ՝

Ավարայրը քրիստոնեական հավատի զորության վկայությունն է

Հովսեփ Հողոցմեցի հայրապետի կաթողիկոսության ժամանակ պարսից Հազկերտ Բ թագավորը հրաման արձակեց իր տերության սահմաններում ապրող բոլոր քրիստոնյաներին, որ, ընդունելով զրադաշտական կրոնը, պաշտեն արևն ու կրակը:

Հազկերտի հրովարտակը, երբ Հայաստան հասավ, Հովսեփ կաթողիկոսը ժողով գումարեց Արտաշատում: Անհրաժեշտ էր քննել նամակի բովանդակությունը և տալ պատշաճ պատասխան: Այդ ժողովին մասնակցեցին Հայոց նախարարներն ու բարձրաստիճան եկեղեցականները: Ժողովականները ուխտեցին ամուր մնալ քրիստոնեական սուրբ հավատքի մեջ, ու ժողովի միահամուռ որոշումով գրվեց մերժողական նամակ և ուղարկվեց պարսից Հազկերտ թագավորին: Նամակում բացատրեցին քրիստոնեական կրոնի ճշմարտությունը. «Մենք չենք պաշտում երկրի վրա ու երկնքում գտնվող այն արարածներին, որ դուք աստվածներ եք անվանում: Հավատում ու ծառայում ենք այն միակ ճշմարիտ Աստծուն, որ ստեղծել է երկինքն ու երկիրը, և այն ամենը, ինչ կա նրանց մեջ: Նա է միայն Աստվածն ու Արարիչը այն բոլոր բաների, որ դուք աստվածներ եք անվանում: Նա է թագավորների Թագավորը և տերերի Տերը: Այս հավատքից ոչ ոք չի կարող մեզ բաժանել. ո՛չ սուրը, ո՛չ հուրը, ո՛չ ջուրը և ո՛չ էլ որևէ այլ դառը հարված… Ինչ կուզես անել, արա: Քո կողմից տանջանք, մեր կողմից համբերություն. քո սուրը և մեր պարանոցները»:

Ընդունելով հայոց այս խիզախ, միևնույն ժամանակ վիրավորիչ պատասխանը՝ Հազկերտը իր մոտ հրավիրեց բոլոր մոգերին ու պարսիկ ավագանին՝ Միհրներսեհի գլխավորությամբ և սկսեց մտածել, թե ինչպես կործանի Հայաստանը և ինչպես ստիպի հայերին հրաժարվել առ Քրիստոս ունեցած հավատից և պարսիկների նման դառնալ կրակապաշտ: Պարսից արքան զայրացած ու ցասումով լի հարցրեց մոգերին.

-Ի՞նչ եք խորհում դուք այդ ծառաների մասին, որ այդպիսի ապերասան համարձակությամբ են գրում իրենց տիրոջը:

Կարդացեք նաև

-Նրանք իրենց անձերի և աշխարհի կորուստ են գրել ձեզ,-պատասխանեցին մոգերն ու ավագանին:

Պարսից թագավորը հրամայեց հայ նախարարներին Տիզբոն՝ իր առջև ներկայանալ:

Հայոց զորքի քաջ սպարապետ Վարդան Մամիկոնյանը մյուս նախարարների հետ, կաթողիկոսից օրհնություն ստանալով, երդվեցին մինչև վերջ հավատարիմ մնալ իրենց սուրբ հավատին, իրենց հայրերի Աստծուն և ճանապարհվեցին Տիզբոն:

Երկընտրանքի առջև

Երբ հայ նախարարները Հազկերտին ներկայացան, վերջինս հրամայեց նրանց ուրանալ քրիստոնեությունը և ընդունել կրակապաշտությունը. հակառակ պարագային սպառնաց բանտարկել, իսկ Հայաստանն էլ քարուքանդ անել:

Մեծ էր ճգնաժամը: Լինել չլինելու հարցն էր դրված: Ծանր էր առաջարկը: Ահավոր երկընտրանքը. ուրացում կամ մահ: Մահ թակարդի մեջ ընկնողներին. տարագրություն, ֆիզիկական ու հոգեկան կորուստ հայ ժողովրդին ու հայոց երկրին: Հայ նախարարները ահուդողի մատնվեցին, քանի որ հայրենիքից հեռու՝ ընկել էին Հազկերտի ծուղակը: Նրանք օրեր շարունակ սրտմաշուք խորհրդակցություններ ունեցան՝ փրկության ելք գտնելու: Երկար վարանումներից և տարուբերումներից հետո վերջապես հանգեցին հետևյալ որոշման. «Մեկ հնար կա ճողոպրելու այս որոգայթից. մի պահ հանձնառու լինել կեղծել՝ կատարելու հրամայվածները, և վերադառնալ հայրենիք: Ապա՝ կամ կապրենք այնտեղ պահելով մեր նախնիների հավատքը, կամ թողնելով մեր երկրները՝ տնով տեղով կպանդխտենք: Քանի որ, եթե միայն մեր հոգիների փրկության մասին մտածելով ընդդիմանանք արքայի հրամանին՝ պատճառ կդառնանք բազմաթիվ կանանց, ծերերի ու երեխաների հավիտենական կորստին»:

Ուստի հայ նախարարները որոշեցին առերես ուրանալ քրիստոնեությունը և վերադառնալ Հայաստան. իսկ այնտեղ նոր պարզել ապստամբության դրոշը: Վարդան Մամիկոնյանը ընդդիմացավ նույնիսկ կեղծ ուրացության, նման արարքը Սբ. Ավետարանի խոսքերին հակառակ գտնելով. բայց մյուս նախարարների թախանձագին տեղիք տալով՝ ինքն էլ համակերպվեց: Ուրացումը կեղծ էր:

Խրախճանք արքունիքում

Ուրացման լուրը մեծ խանդավառություն ստեղծեց պարսից արքունիքում, որտեղ մեծ խրախճանք կազմակերպվեց: Նախարարները զարդարվեցին արքայական զգեստներով: Յուրաքանչյուրին բաշխվեց զանազան պարգևներ ու պատիվներ: Հրաժեշտի պատրաստություններ տեսան:

Մեկնումի օրը մոտեցել էր: Նորադարձ նախարարները ներկայացան արքային և պարսիկ ավագանիին: Շռայլվեցին կեղծ շնորհակալության և սուտ գովեստի խոսքեր բոլորի հասցեին: Տրվեց փոխադարձ հրաժեշտի ողջույնը:

Հազկերտը հայ նախարարներին մեծ պատիվներով Հայաստան ճանապարհեց: Նրանց հետ ուղարկեց 700 մոգեր՝ մոգպետի գլխավորությամբ, որպեսզի, Հայաստանի եկեղեցիները քանդելով, ատրուշաններ կանգնեցնեն:

Հուզիչ հանդիպում

Նախարարների ուրացության լուրը, երբ Հայաստան հասավ, ամենուր անհուն տխրություն տիրեց: Հայ ժողովուրդը մեծ հուզմունքի մատնվեց ու որոշեց ընդդիմանալ ուրացող նախարարներին և մոգերին և թույլ չտալ նրանց պղծել եկեղեցիները և սասանել հայոց քրիստոնեական սուրբ հավատքը: Եվ այսպես՝ Հայաստանի բոլոր բնակիչները՝ այր թե կին, եկեղեցական թե աշխարհական, պատրաստվեցին նրանց դեմ:

Հայոց տանուտերները Հայաստան հասան «կիսամեռ կենդանի» վիճակում: Նրանց դիմավորելու էին եկել եկեղեցականները՝ իրենց հետ բերելով խաչ և Լուսավորչի նշխարները: Լսվում էին քաղցրանվագ սաղմոսերգություններ, որոնց, սակայն, խառնվում էին լացի գուժկան ձայներ, ողբերի գոչեր և ճիչեր: Կարոտակեզ տղաները իրենց հայրերի գրկից վախով փախչում էին: Նայելով իրենց մայրերի արցունքոտ դեմքերին՝ իրենք էլ էին արտասվում: Դայակներն ու դաստիարակները անկարող էին լռեցնել նրանց:

Այս աղեկտուր տեսարանի առջև առերես ուրացողները փորձում էին իրենց իսկ ձեռքով սրամահ լինել: Անիմաստ էին համարում անգամ մի վայրկյան իսկ ապրելը, քան ականատես լինել այսպիսի անհանդուրժելի աղետների: Ուրախության կերակուրը իբրև մոխիր էին ուտում, և իրենց ըմպելիքը արցունքով խառնում: Քանի որ ո՛չ ոք չէր ուզում իրենց սեղանակից լինել, ո՛չ կին, ո՛չ որդի, ո՛չ ազատ, ո՛չ ծառա:

Ամենուրեք խռովություն էր և երկպառակություն: Մեկ հոտ և մեկ հովվի տեղ կար ցրված հոտ՝ առանց հովվի: Հրապարակներում սգում ու կոծում էին ազնվականների կանայք ու այրիները: Օրիորդներն ու հարսները իրենց սենյակներից դուրս չէին գալիս: Եպիսկոպոսները, քահանաները և բազմահոծ ժողովուրդը աղաչում ու լալիս էին Աստծո տանը: Կարծես արյունով ծեփված լիներ հավատացյալների դեմքերը:

Առաջին դիմադրությունը

Պարսիկ մոգերն ու զինվորները, երբ հասան Հայաստանի սահմանագլխին գտնվող Անգղ գյուղը, փորձեցին քանդել Անգղի եկեղեցին: Սակայն նրանց դիմադրություն ցույց տվեցին 70-ամյա Ղևոնդ Երեցը, միաբաններն ու ժողովուրդը: Նրանք փայտերով, քարերով և գործիքներով հարձակվեցին մոգերի ու զինվորների վրա և ծեծեցին:

Այս դեպքից հետո մոգպետը հուսահատվեց՝ տեսնելով հայերի հաստատամտությունը, հասկացավ, որ անհնար է նրանց բռնությամբ մոգության դարձնել և որոշեց Հազկերտին գրել, թե անկարելի է հայերին կրակապաշտ դարձնել: Սակայն Հայաստանի մարզպան Վասակ Սյունեցի իշխանը հանդարտեցրեց մոգպետին և թելադրեց համբերել՝ Հազկերտի հրամանը կատարելու:

Ժամը մոտեցել է

Ժամը մոտեցել էր, երբ հայ նախարարները պիտի հայտնեին իրենց ուրացումի կեղծ լինելը: Սակայն Վասակ Սյունեցին երկդեմ քաղաքականություն էր վարում: Մերթ գործում էր ի նպաստ պարսիկների և մերթ ջանում էր հայ ժողովրդի աչքին իրեն ցույց տալ Սբ. Ավետարանին հավատարիմ: Հայ նախարարները նրանից գաղտնի ժողով գումարեցին Շահապիվանում և ուխտեցին հավատարիմ մնալ Աստծուն և իրենց արյան գնով պաշտպանել Սուրբ եկեղեցին: «Մինչև ե՞րբ պիտի հանդուրժենք ծածկել ճշմարտությունը և կորսվենք: Լավ է լույսի մեջ քայլենք՝ իբրև Լույսի որդիներ»,-նշեց Քաջն Վարդան սպարապետը Շահապիվանի ժողովում: Հաստատվեց նախկին երդումը և բազմությունը բարձրաղաղակ հաստատեց այն. «Պատրաստ ենք հալածանքների, մահվան և ամեն նեղության մեր եկեղեցու և Ավետարանի համար: Քանի որ իբրև մեր հայր Ավետարանն ենք ճանաչում, և իբրև մայր՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին»:

Այս հավատավոր ուխտն ու երդումը գրի առնվեց: Այնուհետև բոլորը մեծ ցնծությամբ և հոգևոր երգերով գնացին եկեղեցի, ուր աղոթեցին երկար ու անձաձրույթ երկրպագությամբ:

Հուզիչ էր հոգեբանական պատկերը այնտեղ հավաքված բազմության: Ուխտի և երդումի միաբանությունը քանդել էր պատվարը արյունի, սեռի, դիրքի և աստիճանի: Տեր, ծառա, ազնվական և գեղջուկ՝ բոլորն էլ հավասարապես լցված էին արիական ոգով: Այր, կին, ծեր և մանուկ՝ միասիրտ ու միազրահ՝ սպառազինված էին քրիստոնեական հավատով: Կյանքը մահ էր թվում իրենց աչքին, մահը՝ կյանք: Բոլորի նշանաբանն էր. «Քաջությամբ միայն մեռնենք…»:

Պատերազմի նախօրյակին

Շահապիվանի ժողովից հետո սկսեց Հայոց ապստամբությունը: Մինչ այդ պարսիկ մոգերը Վասակի օժանդակությամբ ատրուշաններ էին կանգնեցրել և մղում էին ժողովրդին կրակը պաշտելու: Ուխտապահ նախարարները հարձակվեցին մոգերի վրա և կործանեցին բոլոր ատրուշաները: Պարսիկ զինվորներն ու մոգերը Հայաստանից փախան:

Այս ապստամբության գլուխ անցավ Հայաստանի սպարապետ Վարդան Մամիկոնյան իշխանը:

Հազկերտը, հայոց ապստամբության լուրը լսելով, Մուշկան Նիսալավուրտ զորավարի տրամադրության 200 000-ոց բանակը փղերի հետ միասին ուղարկեց Հայաստան, որպեսզի ճնշի ապստամբությունը և հայերին բռնի կրակապաշտ դարձնի:

Վարդան Մամիկոնյանը ուխտապահ նախարարների հետ միասին իր շուրջը հավաքեց 66 000 զինվորներ: Քաջն Վարդանի բանակը թշնամու դեմ հանդիման ելավ Ավարայրի դաշտում: Երկու բանակներին բաժանում էր Տղմուտ գետը: Վասակը իր ուխտադրուժ գնդով թշնամու կողմը անցավ՝ ժառանգելով ուրացողի և դավաճանի տիտղոսները:

Մայիսի 25-ին՝ ճակատամարտի նախորդ երեկոյան, Քաջն Վարդանը և Ղևոնդ Երեցը հոգեշունչ ճառեր ասացին ու քաջալերեցին հայ զորքին: Բանակում էր նաև Հովսեփ կաթողիկոսը՝ եկեղեցական դասի բոլոր ներկայացուցիչներով: Վարդան Մամիկոնյան սպարապետը, խոսքն ուղղելով զորքին, հորդորեց քաջ լինել: Նա առանձնացրեց այս ճակատամարտը մինչ այդ իրենց մղած բազում մարտերից, որոնք երկրավոր թագավորների համար էին: Այս ճակատամարտը Աստծո համար է. «Իմ քա՛ջ նիզակակիցներ, չերկնչենք ու չվախենանք հեթանոսների բազմությունից և ոչ էլ մահկանացու մարդու ահռելի սրի դեմ թիկունքներս դարձնենք. որպեսզի եթե Տերը հաղթությունը մեր ձեռքը տա, ոչնչացնենք նրանց զորությունը, որպեսզի բարձրանա ճշմարտության կողմը, իսկ եթե հասել է ժամանակը մեր կյանքը սուրբ մահով ավարտելու այս պատերազմում, ընդունենք ուրախ սրտով, միայն թե արիությանն ու քաջությանը վախկոտություն չխառնենք»:

Խոր լռության մեջ նաև Ղևոնդ Երեցը դիմեց զորքին. «Քրիստոսը Իր մահով խափանեց մահի իշխանությունը: Եթե ուրեմն մահը մեռնում է մահով, չվախենանք Քրիստոսին մահակից լինել, որովհետև Ում հետ մեռնենք, Նրա հետ էլ կկենդանանանք»: Ողջ գիշերն անցկացրին աղոթքներով, սաղմոսերգությամբ, հսկումով, Աստվածաշնչի ընթերցանությամբ: Հոգևորականները մկրտեցին չմկրտվածներին, ապա մատուցվեց Սբ. Պատարագ և բոլոր զինվորները ստացան Սբ. Հաղորդություն:

451թ. մայիսի 26-ին Ավարայրի դաշտում, Տղմուտ գետի ափին սկսվեց ճակատամարտը:

Առավոտյան երկու բանակները բուռն կերպով իրար վրա հարձակվեցին: Հայոց գունդը սաստիկ բախվեց հավատքի թշնամիների հետ: Հայոց բանակը Տղմուտ գետը անցնելով բավական հաղթանակներ արձանագրեց, սակայն երեկոյան դեմ պարսիկները փղերով շրջապատեցին Վարդանին ու իր ընկերներին: Այս կռվի ընթացքում հերոսաբար ընկավ Քաջն Վարդանը իր ընկերներով:

Հայ բանակը իր սպարապետի մահից հետո սկսեց նահանջել և երեկոյան ճակատամարտը վերջացավ: Վարդանի հետ նահատակվեցին ութ հայ նախարարներ ևս:

Նահանջող հայ նախարարներից ու զինվորներից շատերը բարձրացան Հայաստանի անառիկ լեռները և մերթ ընդ մերթ շարունակեցին կռիվը:

Այս պատերազմում 1036 հայեր նահատակվեցին վասն Հիսուսի և վասն հայրենյաց, իսկ պարսիկ զորքի կորուստը եղավ 3544 հոգի:

Ոչ հաղթող և ոչ էլ պարտվող կողմ կար իսկապես: Քաջերն էին, որ հանդիպել էին քաջերին, և երկու կողմերն էլ մատնվեցին պարտության: Պարսիկները թեև ընկճեցին հայոց ապստամբությունը, սակայն չկարողացան կրակապաշտ դարձնել հայերին: Նրանց հալածանքներն ու կատարած բռնությունները պատճառ դարձան, որ հայերը ավելի կառչեն իրենց սուրբ հավատքից:

Վարդանանք իրենց մահով փրկեցին հայ ժողովրդին հավատափոխությունից:

Հազկերտը Հայաստանում պատահած ձախորդությունների պատճառը համարեց Վասակին և շղթայակապ տարավ նրան Տիզբոն ու բանտարկեց: Բանտում Վասակը չարաչար մահով մահացավ՝ առանց խոստովանության և ապաշխարության:

«Ավարայրը հայ ժողովրդի բազմադարյան անցյալի վեհագույն ու պանծալի բարձունք է հանդիսանում, հերոսական արտահայտությունը հայ ազգի բարոյական բարձր նկարագրի, հայրենասիրության ու ազգասիրության, եկեղեցական ուխտապահության, անձնուրաց հերոսության, հոգևոր մշակույթի, նվիրվածության և մարտական կորովի…» (Գևորգ Զ Չորեքչյան):

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին ամեն տարի փետրվար ամսին Բուն բարեկենդանի կիրակիին նախորդող հինգշաբթի օրը տոնում է Սուրբ Վարդանանց 1036 նահատակների հիշատակը: Սբ. Վարդանանց և Սբ. Ղևոնդյանց տոները կատարվում են պահքին նախորդող շաբաթվա ընթացքում, որպեսզի Վարդանանց ոգով զորացած՝ հայ հավատացյալները մտնեն Մեծ պահքի շրջանը:

Կազմեց Կարինե Սուգիկյանը

surbzoravor.am

Տեսանյութեր

Լրահոս