Նիկոլ Փաշինյանի որդին ԱՁ է բացել, որի տեսակն ազատված է հարկերից. Factor.am
Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը սկսել է անհատ ձեռնարկատիրությամբ զբաղվել։ Factor.am-ն իրավաբանական անձանց պետական ռեգիստրից տեղեկացավ, որ Աշոտ Փաշինյանը 2024 թվականի հունվարի 11-ին ԱՁ է հիմնել։ Փաստաթղթերի ուսումնասիրություններից պարզեցինք, որ վարչապետի որդին զբաղվելու է ստեղծագործական գործունեությամբ։ Նշենք, որ նա 2023 թվականին կազմակերպել էր իր հեղինակած նկարների ցուցադրությունը։
ՊԵԿ տվյալների բազայի համաձայն՝ Աշոտ Փաշինյանն իր գործունեությունը ծավալելու է միկրոձեռնարկատիրության շրջանակներում։ Սա նշանակում է, որ նա ստացված եկամուտից պետությանը հարկ չի վճարի։ Միկրոձեռնարկատիրությամբ զբաղվողներն ազատված են եկամտահարկի վճարումից, եթե նրանց շրջանառությունը չի գերազանցում 24 մլն դրամը, այս պարագայում վճարվում է միայն դրոշմանիշային վճար։
Աշոտ Փաշինյանի գործունեությունն օրինական է, սակայն ուշագրավ է վարչապետ հայրիկի՝ հարկ հավաքելու ոգևորության ֆոնին։ Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր էր ֆեյսբուքյան էջում գրառում կատարել և շնորհակալություն հայտնել հարկ վճարողներին՝ նրանց համարելով Հայաստանի թիվ մեկ հերոսը։
«Հայաստանի Հանրապետության թիվ 1 հերոսը աշխատող եւ հարկ վճարող քաղաքացին է: Նրա վճարած հարկերի շնորհիվ են կառուցվում եւ գործում դպրոցները, կառուցվում մանկապարտեզները, ճանապարհները, ջրագծերը: Նրա վճարած հարկերի շնորհիվ են աշխատավարձ ստանում բոլոր ուսուցիչները, բոլոր զինվորները, սպաները, գեներալները, բոլոր դիվանագետները: Նրա վճարած հարկերի շնորհիվ են պահպանվում եւ վերականգնվում պատմամշակութային հուշարձանները: Նրա վճարած հարկերի շնորհիվ է ձեռք բերվում սպառազինություն եւ տեխնիկա, ինժեներական աշխատանքներ կատարվում սահմանին: Նրա վճարած հարկերի շնորհիվ է սնվում, հագնվում զինվորը: Նրա վճարած հարկերի շնորհիվ են թոշակ ստանում թոշակառուները, նպաստ ստանում նպաստառուները, առողջապահական ծառայություններ ստանում հարյուր հազարավոր մարդիկ, ում ստացած ծառայությունների դիմաց վճարում է պետական բյուջեն եւ այս վճարումների շնորհիվ են աշխատում առողջապահական հիմնարկները՝ բժշկական կենտրոնները, պոլիկլինիկանները եւ ամբուլատորիաները:
Ես խոնարհվում եմ աշխատող եւ հարկ վճարող քաղաքացու առաջ: Նրա հերոսությունը շատ-շատերը, երբեմն նույնիսկ ինքը չի նկատում: Կառավարությունը նկատում է: Ես ինքս նկատում եմ»,-գրել է Նիկոլ Փաշինյանը։
Թեմայի շուրջ Factor.am-ը փորձեց պարզաբանում ստանալ Աշոտ Փաշինյանից, սակայն, նա մեր զանգերն անպատասխան թողեց։