Բաժիններ՝

Երևանում տրանսպորտի միջին գինը առաջարկվում է սահմանել 180 դրամի սահմանում

Մայրաքաղաքում Տեղեկությունը փետրվարի 6-ի ասուլիսում հաստատեց Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը՝ նշելով, որ գնային փոփոխությունը նախատեսվում է կիրառել այս տարվա սեպտեմբերից:

Փոխքաղաքապետը հայտնեց, որ գործելու են սակագնային տարբեր փաթեթներ, ուստի դժվարացավ նշել թանկացման հստակ չափը: Գրիգորյանը, սակայն, հայտնեց, որ 60 ուղևորության հաշվարկով ամսական (խոսքը օրացուցային 30 օրվա մասին է) տոմսի համար այլ տարբերակով անհրաժեշտ է լինելու վճարել 11 000, իսկ Telcel համակարգով վճարելիս՝ 10 հազար 800 դրամ: Նմանապես, եռամսյակային և տարեկան տոմսերն արժենալու են համապատասխանաբար 25 և 24,8 ու 110 և 108 հազար դրամ: Ըստ այդմ՝ մեկ ուղղությամբ տրանսպորտային մեկ միջոցով ուղևորության արժեքը դառնալու է 180 դրամ՝ ներկայիս 100-ի փոխարեն: Իսկ, օրինակ, 70 րոպեանոց մեկ տոմսով անձը նշված ժամանակահատվածում կարող է օգտվել մի քանի տրանսպորտային միջոցից:

Գրիգորյանը նշեց, որ թանկացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայիս սակագինը չի փակում տրանսպորտի ձեռքբերման և շահագործման ինքնարժեքը, որն առաջացնում է պետական միջոցներից այն սուբսիդավորելու անհրաժեշտություն: Գրիգորյանի պնդմամբ՝ ներկայումս տրանսպորտի շահագործման ինքնարժեքը մեկ մարդու հաշվարկով 200-230 դրամի սահմանում է: Ենթադրվում է, որ տրանսպորտի թանկացման դեպքում հնարավոր կլինի ավելի շատ գումար ուղղել Երևանում այլ նախագծերի իրականացմանը:

Նրա հավաստիացմամբ՝ տոմսային նոր համակարգի ներդրումը հնարավորություն կտա նաև «ամբողջը բերել թվային դաշտ, հաշվետվությունների դաշտ, քանի որ հանրային տրանսպորտի տիրույթում գոյություն ունի ոչ փոքր չափի ստվերային շրջանառություն»: Միաժամանակ, ինչպես նշեց Սուրեն Գրիգորյանը, նոր մոտեցումը հնարավորություն կտա կուտակել անհրաժեշտ չափի գումար, որպեսզի, օրինակ, 10 տարի հետո հնարավոր լինի առանց այլ միջոցների ներգրավման հին ավտոբուսները փոխարինել նորով:

Նախատեսվում է, որ նորամուծությունը կսկսի գործել 2024 թվականի սեպտեմբերից՝ 8,6 մետր երկարությամբ 171 նոր ավտոբուսներ ձեռք բերելուց հետո:

Հայտարարվեց, որ նախագծի քննարկումը ներառված է ոչ թե վաղվա արտահերթ նիստի, այլ փետրվարի 13-ին նախատեսված նիստի օրակարգում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս