Անբարոյականության շքերթ. այն, ինչ կարելի է Ալեն Սիմոնյանի հարսին, չի կարելի Արմեն Աշոտյանին

Այսօր Ազգային ժողովի (ԱԺ) փոխնախագահ Հակոբ Արշակյանը տեղեկացրեց, որ ՔՊ-ն Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ համար երաշխավորություն կներկայացնի:

168.am-ի տեղեկություններով՝ երեկ երեկոյան Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ում այդ որոշումը կայացվել է քվեարկությամբ:

Հակոբ Արշակյանն այսօր ԱԺ-ում նաև հավելել է, որ երաշխավորությունը վերաբերելու է նաև մյուս կալանավորվածներին՝ «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանին ու նույն ընկերության աշխատակից Լիլի Մկրյանին, որը 2 մանկահասակ երեխա ունի։

«Մանկահասակ երեխաներ ունեցող կանանց (ԱԺ նախագահի եղբոր կինն ու «Սիներջի» ընկերության բիզնեսի զարգացման կառավարիչ Լիլի Մկրյանը.- Գ.Ս.) և Աշոտ Հովհաննիսյանի («Սիներջիի» տնօրեն,- Գ.Ս.) մասով երաշխավորություն ներկայացնելու որոշում կա։ Խմբակցության որոշում է»,- նշեց Արշակյանը։

Կարդացեք նաև

ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն էլ հայտնել է, որ պատգամավորների կողմից կար առաջարկ, նաև կային հանրային ազդակներ, նաև հաշվի է առնվել այն, որ կային որոշակի մեղմացուցիչ հանգամանքներ, հատկապես կանանց պարագայում՝ մանկահասակ երեխաներ ունենալու առումով, միջնորդություն ներկայացնելուն իրենք դրական են տրամադրված և ամենայն հավանականությամբ փետրվարի 6-ին կներկայացնեն։

«Երեկ քննարկել ենք խմբակցության նիստում, դրական ենք տրամադրված։ միջնորդություն ներկայացնելու: Կարծում եմ՝ այսօր կներկայացնենք։ Ըստ էության, զուտ կազմակերպչական և տեխնիկական հարց է։ Հիմա նիստ է ընթանում»,- նշել է Կոնջորյանը։

Լրագրողների հարցին՝ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը լինելու հանգամա՞նքն է պատճառը, որ նման միջնորդություն են ուզում անել, Կոնջորյանը բացասական պատասխան է տվել.

«Ոչ, կանանց մասով կա մեղմացուցիչ հանգամանք: Խոսքը մանկահասակ երեխաների առկայությունն է: Աշոտ Հովհաննիսյանի մասով նաև քննարկման ժամանակ մտքեր են հնչել, որ նա իր ոլորտի բավական վաստակավոր անձնավորություն է, և կարծում ենք՝  խափանման միջոցի փոփոխությունը չի ազդի քննության որակի վրա, ըստ էության, օրենսդրության սահմանած հնարավորություններից, որոշել ենք, որ կարելի է այս անգամ օգտվել»:

Իսկ հիմա ամենազավեշտալին՝ Կոնջորյանն ասել է, որ Փաշինյանը տեղյակ չէ, որ ՔՊ-ն որոշել է երաշխավորություն ներկայացնել Ալեն Սիմոնյանի հարսի և Աշոտ Հովհաննիսյանի համար:

Հարցին՝ ինչո՞ւ նման որոշում չեն կայացրել նաև Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Վիրաբյանի քրոջ` Տաթև Վիրաբյանի կալանավորման ժամանակ, քանի որ նա նույնպես 2 մանկահասակ երեխա ունի, Կոնջորյանը չի պատասխանել:

Պարզ է, չէ՞, որ ՔՊ-ն ինքնուրույն որոշում չի կայացրել, և եթե կա որոշում նշված անձանց վերաբերյալ դատարանում երաշխավորություն ներկայացնելու, ապա դա առնվազն համաձայնեցված է Նիկոլ Փաշինյանի հետ: Ուրեմն փետրվարի 6-ին երաշխավորությունը կներկայացվի, դատարանն էլ կբավարարի, ու նշված անձինք կհայտնվեն ազատության մեջ:

Թող տպավորություն չստեղծվի, որ մենք արդարացնում ենք երկու անչափահաս կանանց կալանավորումը միջին ծանրության ենթադրյալ հանցանքի համար, ում ընտանիքի անդամն էլ որ նրանցից մեկը լինի:

Բայց կրկնակի ստանդարտների ռահվիրա այս իշխանությունը, որի ներկայացուցիչն այսօր չի կարողացել պատասխանել Տաթև Վիրաբյանի վերաբերյալ հարցին, վստահաբար չի կարողանալու մեկնաբանել նաև նույն իրավիճակում հայտնված Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանին առնչվող իրավիճակը:

Հունվարի 8-ին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը որոշեց ևս 3 ամսով կալանքի տակ պահել Արմեն Աշոտյանին, ում քաղբանտարկյալ լինելը ՀՀ-ում գրեթե ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում: Ընդ որում, ի թիվս այլ խափանման միջոցների՝ տնային կալանք, 40 միլիոն դրամ գրավ, վարչական հսկողություն, մերժվեց նաև 15 հեղինակավոր անձանց երաշխավորությունը: Այդ անձանց մեջ էին՝ ինչպես միջազգային ճանաչում ունեցող օտարերկրացի քաղաքական գործիչներ, օրինակ՝ ԵԱՀԿ ԽՎ երկարամյա նախագահ Գեորգի Ծերեթելին և Կոլումբիայի 37-րդ նախագահ Անդրես Արագոնը, այնպես էլ հասարակական-քաղաքական այլ գործիչներ, այդ թվում՝ Արմեն Աշոտյանի քաղաքական հակառակորդներ՝ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն ու «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը, եկեղեցական նշանավոր գործիչներ և ՀՀ ԱԺ պատգամավորներ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցություններից:

Դատավոր Դոլմազյանը, ում համար ԵԱՀԿ ԽՎ նախագահն ու Կոլումբիայի նախագահը վստահություն չէին ներշնչում, քանի որ նրանց չէր ճանաչում, ՀՀ ԱԺ պատգամավորների երաշխավորությունը մերժելիս պատճառաբանել էր, թե Արմեն Աշոտյանը նրանց լավ է ճանաչում, նրանց հետ ունի մտերիմ հարաբերություններ ու ԱԺ պատգամավորների միջոցով կազդի քննության ընթացքի վրա՝ ըստ էության ԱԺ պատգամավորներին մեղադրելով հանցակցության մեջ:

ՀԻՄԱ ՀԱՐՑ. Ալեն Սիմոնյանը (այդ թվում՝ նրանց հետ ընտանեկան և այլ միջոցառումների մասնակից նրա եղբայրը, հարսը, և մյուսները) ՔՊ-ական պատգամավորներին չի՞ ճանաչում, չի՞ կարող նրանց միջոցով ազդել քննության վրա, թե՞ եթե ՔՊ-ականներն են միջնորդություն ներկայացնողը իրենց կուսակցի ընտանիքի անդամի կամ իրենց համակիր գործարարի համար, ի սկզբանե այդ թեզը չի աշխատում:

Սա ևս մի փաստ է, որը ևս մեկ անգամ հաստատում է՝ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է, և Նիկոլ Փաշինյանի, նրա թիմակիցների գործողությունների նկատմամբ պետք է  հստակ դիրքորոշում արտահայտեն միջազգային, այդ թվում՝ իրավապաշտպան կազմակերպություններն ու կառույցները:

Տեսանյութեր

Լրահոս