«Սեռը մեղմացուցիչ հանգամանք չի դիտարկվում». Արփինե Սարգսյանը՝ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորման մասին

Այսօր ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ իր դեմ կեղծ ցուցմունք են տվել, ասելով, որ ինքը ոստիկաններին ծեծել է, մինչդեռ իրեն են խոշտանգման ենթարկել։

Լրագրողները Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանից հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է ստացվում, որ մարդուն խոշտանգում են ու կեղծ ցուցմունքով կալանավորում, սակայն ի պատասխան՝ նա ասաց, որ առավոտից տարբեր հանդիպումների է եղել և չգիտի, թե ով ինչի համար է «նեղվել»։

«Կան իրավական ընթացակարգեր, եթե անձը բողոք ունի, բնականաբար, բողոքի շրջանակներում նրա բողոքը քննարկման առարկա կդառնա։ Եթե կան կադրեր, որով պարոն Քոչարյանը վստահ է, որ դրանով հիմնավորվում է այլ բան, դրանք պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում կներկայացվեն։ Խտրական վերաբերմունք առհասարակ չկա»,- ասաց ՆԳ փոխնախարարը։

Ինչ վերաբերում է քաղաքացիների հետ պարեկների, ոստիկանների շփման կուլտուրային, Արփինե Սարգսյանն ասաց, որ այստեղ տարբեր խնդիրներ են նկատում, ուստի վերապատրաստումներ են իրականացնում, պարզապես դեռ չեն հասել այն մակարդակի, որ ոստիկանության շփման կուլտուրայում խնդիրներ չարձանագրեն։

Կարդացեք նաև

Խոսելով ոստիկանության գվարդիայի ձևավորման գործընթացի մասին, փոխնախարարը փոխանցեց, որ դեռ վաղ է ասել, թե ով է լինելու գվարդիայի ղեկավարը, քանի որ դեռևս ունեն օրենքի ընդունման գործընթաց։

«Նախարարի հրմանով ձևավորված է հայեցակարգ՝ ոստիկանության զորքերի տրանսֆորմացիա դեպի ոստիկանության գվարդիա։ Օրենքի նախագիծը գտնվում է  վերջնական փուլում, առաջրկայում կներկայացվի կառավարություն, դրանից հետո առաջ կշարժվենք ճանապարհային քարտեզով։ Գվարդիայի հրամանատարը համատեղելու է փոխոստիկանապետի պաշտոնը»,- շեշտեց նա։

Լրագրողի հարցին՝ մեկ քաղաքացին կարո՞ղ է ծեծել հինգ ոստիկանի, Արփինե Սարգսյանը պատասխանեց՝ նման իրավիճակ կարող է լինել։

«Ինքս իրավասու չեմ մեկնաբանելու այդ իրավիճակը»,- շեշտեց նա։

Երեկ Էրեբունի համայնքի Նոր Արեշ թաղամասում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ Արփինե Սարգսյանն ասաց, որ երկու քաղաքացու հնարավոր է եղել փրկել, այս պահին նրանք հիվանդանոցում են, երկու քաղաքացի էլ մահացած են հայտնաբերվել։

«Պայթյունի հետ կապված տարբեր վարկածներ կան, բայց ես չմտնեմ այդ դաշտ, քանի որ Քննչական կոմիտեն արժանահավատ վարկածը եթե ունենա, ձեզ հետ կկիսվի»,- ընդգծեց նա։

ՆԳ փոխնախարարը չմեկնաբանեց Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը՝ ասելով, որ դրա հետ որևէ կապ չունի, բայց «օրենքի առաջ բոլորն են հավասար»։

«Սեռը մեղմացուցիչ հանգամանք չի դիտարկվում, կոնկրետ իրավիճակում դատարանները կհասկանան»,- նշեց նա։

Արփինե Սարգսյանը նաև ասաց, որ ցանկություն չունի դառնալ ՆԳ նախարար։

Տեսանյութեր

Լրահոս