Հունաստանի ԱԳՆ․ Թուրքիայի հետ լավ հարաբերությունները նախապայման է ԵՄ-Անկարա կապերը բարելավելու համար
Հունաստանի և Թուրքիայի միջև լավ հարաբերությունները նախապայման են եվրո-թուրքական հարաբերությունների բարելավման համար, շաբաթ օրը Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ հայտարարել է Հունաստանի արտգործնախարար Գիորգոս Գերապետրիտիսը, հայտնում է Kathimerini-ն։
«Հունաստանը միշտ աջակցել է Թուրքիայի եվրոպական կուրսին։ Դա բխում է ինչպես ԵՄ-ի, այնպես էլ ավելի լայն Արևելյան միջերկրածովյան տարածաշրջանի կայունության շահերից»,- ասել է նա։
Միաժամանակ Հունաստանի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ վերջին շրջանում Հունաստանի և Թուրքիայի հարաբերությունները բարելավվել են։
Մյուս կողմից, նա ընդգծել է, որ անհրաժեշտ է մշտապես ցուցադրել, որ Թուրքիան ևս պատրաստակամութուն ունի բարելավելու եվրո-թուրքական հարաբերությունները։
Թուրքիան, ըստ նրա, պետք է ընդունի ԵՄ անդամ երկրների համար բարձր զգայունություն ունեցող հարցերը:
Կիպրոսի վերաբերյալ նա նշել է, որ «պետք է շոշափելի ապացույցներ լինեն, որ պատրաստակամություն կա շարունակել երկխոսությունը Կիպրոսի հարցի շուրջ՝ հիմնված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի վրա»:
«Հունաստանը ներկա կլինի այս գործընթացին»,- ընդգծել է նա։
Ինչպես նշում է հունական լրատվամիջոցը, Բրյուսելում կայացած հանդիպմանը քննարկվել են Մերձավոր Արևելքի ճգնաժամը, Ուկրաինայի պատերազմը, ինչպես նաև ԵՄ-Աֆրիկա և ԵՄ-Թուրքիա հարաբերությունները։