Առանց Արցախի Հայաստանը կենսունակ չէ. Նոյեմբերի 9-ից հետո նոր ռազմավարության համար անհրաժեշտ էր իշխանափոխություն. Վազգեն Հովհաննիսյան
2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմը և 2023 թվականին Ադրբեջանի կողմից Արցախն ամբողջովին օկուպացնելը մեծ վնաս է հասցրել Հայաստանի անվտանգությանն ու կենսունակությանը։ Մոսկվայաբնակ քաղաքագետ Վազգեն Հովհաննիսյանի գնահատմամբ՝ Արցախի ամբողջական օկուպացիայից հետո Հայաստանի կենսունակությունը գտնվում է ցածր մակարդակի վրա։ 168.am-ի հետ զրույցի ընթացքում քաղաքագետը խոսեց Հայաստանի անվտանգության վերականգնմանն ուղղված անհրաժեշտ քայլերի, ռազմավարության, խաղաղության պայմանագրի և առհասարակ խաղաղությունն ապահովող գլխավոր գործոնների մասին։
– Պարոն Հովհաննիսյան, Արցախի օկուպացիայից հետո ի՞նչ ճանապարհով է հնարավոր բարձրացնել Հայաստանի անվտանգության մակարդակը։
– Նախ, հետ գնանք 2020 թվական, ինքնին հասկանալի է, որ Արցախն առանց Հայաստանի՝ կենսունակ չէր, իսկ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Արցախի կենսունակությունն ավելի նվազեց։ Այն անվտանգության գոտին, որը նախատեսված էր Արցախի կարգավիճակը զիջելու դիմաց, փոխեցին ավելի վատ կարգավիճակի հետ։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո նոր ստատուս-քվոյի հիմնական երաշխավորը Ռուսաստանի Դաշնությունն էր, իսկ Հայաստանն աստիճանաբար կորցնում էր ունակությունն Արցախում գործնականում որևէ բան փոխելու համար։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո ռազմավարություն փոխել, մեծ հաշվով, շատ դժվար էր։ Մենք պետք է կարողանայինք իշխանություններին փոխել, որպեսզի ունենայինք նոր ռազմավարություն։ Իսկ Նիկոլ Փաշինյանի ռազմավարությունը մեծ հաշվով այն էր, որ ագրեսորին ավելի շատ բաներ էր զիջում, այսինքն՝ ամբողջ նարատիվը կառուցված է եղել՝ ամեն գնով հասնել խաղաղության։ Իսկ ամեն գնով խաղաղության դիմաց ստացել է ավելի վատ ու անբարենպաստ անվտանգային միջավայր։
Այս ամենը, բնականաբար, բերելու էր արցախյան դե ֆակտո պետության դեմոնտաժի։ Մինչև 2023 թվականի սեպտեմբերյան էսկալացիան ընտրվել էր Արցախին աստիճանաբար մարտունակությունից զրկելու ճանապարհը։ Արցախի մարտունակությունը չի բարձրացվել, իսկ Արցախն առանց Հայաստանի ի զորու չէր մղելու գոյաբանական պայքար։ Այսօր նույն գոյաբանական խնդիրն ունի Հայաստանը, որովհետև չկա անվտանգային վակուումը լրացնող որևէ գործիք։
– Նախկինում այդ անվտանգային խնդիրներն ի՞նչ ճանապարհներով էին լրացվում, որը հիմա հնարավոր չէ։
– Անվտանգային վակուումը ժամանակին լրացվում էր հայ-ռուսական դաշնագրերով, որը զսպիչ մեխանիզմ է եղել տարածաշրջանում այն ուժերի նկատմամբ, որոնք ուժի ասիմետրիա են ունեցել Հայաստանի նկատմամբ։ Այսօր այդ ուժը չկա, կա հայ-ռուսական դաշնագիր, որը որոշակի առումով կարողանում է խնդիր լուծել հայ-թուրքական սահմանին, նաև հայ-իրանական սահմանին։ Այս պայմաններում մենք հիմա պետք զարգացնենք մեր ներքին պոտենցիալը և ներքին պոտենցիալը պիտի դառնա առաջնային զսպիչ ուժն ադրբեջանական ախորժակի դեմ։ Այսինքն՝ որևէ փաստաթուղթ չի կարող այդ դերը խաղալ։
– Հայաստանը ներքին ի՞նչ ռեսուրսներ ունի, որոնք կարող է զարգացնել, պատերազմից հետո ի՞նչ ռեսուրս է մնացել։
– Եթե դատենք ռազմական ուժի տեսանկյունից՝ երկրի պոտենցիալը ներկայացնում է պաշտպանության ամբողջ ինստիտուտներով և լատենտ ուժով։ Լատենտ ուժը պայմանավորված է երկու գործոնով՝ դեմոգրաֆիայով և տնտեսության նորարարությամբ։ Տնտեսության նորարարականությունը կարող է սպասարկել ռազմական ուժին, իսկ դեմոգրաֆիան կարող է համալրել ռազմական ուժը։ Մենք գիտենք, որ Հայաստանի տնտեսության թե՛ նորարարականությունը, թե՛ դեմոգրաֆիան բարենպաստ չեն մեր հարևանների նկատամբ։ 2020 թվականի պատերազմից հետո դժվարանում եմ խոսել մեր բանակի մարտունակության մասին՝ որպես հարկադրանքի գործիք։ Բայց պետք է միանշանակ մեկ բան գիտակցել՝ պետության ու հասարակության ողջ ջանքերը պետք է ուղղված լինեն գերնպատակի՝ պաշտպանունակության բաձրացմանը։
Հիմա, երբ խոսում են, թե դիվանագիտությամբ կարող են որևէ բան փոխել, դատարկ խոսակցություններ են, քանի որ մենք տեսնում ենք, որ Հայաստանի անվտանգության օպտիկան և տարածաշրջանում խաղացող գերտերությունների անվտանգային օպտիկան բավականին շեղված են։ Մեր ռեսուրսները, որոնք վերաբերում են սպասարկող լատենտ ուժին՝ չեն բավարարում անվտանգային մեր խնդիրները լուծելու համար։ Անվտանգային այն խնդիրները, որոնք մեզ համար կենսական նշանակության են, այդքան էլ կենսական նշանակություն չունեն, օրինակ, ՌԴ-ի համար։
– Այսօր Հայաստանի իշխանությունների խոսույթը վերաբերում է ոչ թե անվտանգային խնդիրներին, այլ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելուն, հետևաբար՝ այս պայմաններում անվտանգության միջավայրը կարո՞ղ է բարելավվել։
– Հայկական կողմն ունի արդեն դառը փորձ՝ կապված 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության հետ, երբ Հայաստանն ամբողջ ծավալով բավարարեց պայմանագրում եղած պահանջները, իսկ Ադրբեջանը՝ ոչ։ Այսքանից հետո ռուսական կողմն ասում է՝ դեռ կա 9-րդ կետ, որը վերաբերում է կոմունիկացիաների բացմանը։ Հետևաբար՝ խաղաղության պայմանագիրը խաղաղության երաշխավոր չէ, խաղաղության երաշխավորը ուժերի բալանսավորումն է, այսինքն՝ տևական խաղաղություն կարող է լինել միայն ուժերի հարաբերակցությամբ։ Ռեալիզմի տեսանկյունից, դիվանագիտությունը գործիք է, բայց ռազմական ուժի բացակայության պայմաններում, ուզում եք՝ Բիսմարկին բերեք, դիվանագիտությունը չի կարող լինել այդ գործիքը։
Դիվանագիտության հիմնական սպասարկողը, որը միշտ անտեսվել է, մեր բանակն է։ Ուսադիրներով այն մարդիկ, որոնց ամեն օր վիրավորում էին, չէին գնահատվում, որոնք բոլոր ժամանակներում ապրում էին սոցիալապես վատ պայմաններում, իրենք իրենց ուսերին տանում էին Հայաստանը։ Հիմա ես չգիտեմ՝ նրանցից քանի՞սն են մնացել, բայց Հայաստանն իր ուսերին կարող է տանել միայն բանակը։ Մինչև Նիկոլ Փաշինյանը, սրա մասին խոսել են բոլորը՝ սկսած Վազգեն Սարգսյանից։ Ասում էին, ամեն ինչ կտրում՝ բանակին ենք տալիս, բա ո՞ւմ պետք է տաս, եթե տարածաշրջանում քո կենսունակությունը պահողը բանակն է։ Մենք տեսանք, չէ՞, որ բանակ չկա, ինչ են անում, ուղղակի մորթում են, ֆիզիկական բնաջնջում։
– Փաստացի այսօր բանակի մարտունակությունը չեն բարձրացնում, Արցախը չկա, Հայաստանն արտաքին վտանգներին դիմակայելու ի՞նչ երաշխիքներ ունի։
– Իրանն այսօր այն պետությունն է, որը սահմանակցում է Հայաստանին, եթե Իրանն այսօր ինչ-որ չափով ապահովում է Հայաստանի անվտանգային միջավայրը, հարց է առաջանում, թե այդ մեխանիզմը որքա՞ն ժամանակ կարող են աշխատել։ Սա կարճաժամկետ է, հետևաբար՝ հույս դնել կարճաժամկետ էֆեկտի վրա՝ նաիվ է։ Ինչ վերաբերում է, այսպես կոչված, ռուսական անձրևանոցին, ապա մենք տեսանք, որ այն ամբողջ ծավալով չի աշխատում։ Եթե խոսենք Միացյալ Նահանգների մասին, ապա նա առհասարակ չի ձևակերպել, թե ինչպիսի անվտանգային համակարգ են տեսնում Հայաստանի շուրջ, այսինքն՝ ինչ գործիքներով են ապահովում ՀՀ անվտանգությունը։
Ստացվում է՝ Հայաստանն ունի ուժի սով, կա անվտանգային ասիմետրիաներ, և այսօր գործնականում չկա այնպիսի ուժ, որը կկարողանա դա սպասարկել։ Հետևաբար՝ ուզած-չուզած, հայացքներս մենք պետք է ուղղենք բանակին, ստեղծենք այնպիսի բանակ, որը կկարողանա ընդգրկել լայն մասսաների։ Մենք արտաքին երաշխավորներ չունենք։ Եթե իշխանությունն ամբողջ ուժով լծված լիներ այն անվտանգային բացի լրացմանը, որն առաջացել էր 44-օրյա պատերազմից հետո, կհասկանայինք, որ միտված քաղաքականություն է, որը բարձրացնում է պաշտպանունակությունը, բայց դա չի եղել։ Միակ ուժը շարունակում է մնալ հայկական բանակը։