«Ներողություն, բա ինչո՞ւ եք 6 տարի թատրոնը պահել, ինչո՞ւ եք բյուջե բերել. Ուրեմն խաբել եք Կառավարությանը». Գայանե Կարապետյանը՝ ԿԳՄՍՆ-ին
Մոտ 6 տարի է՝ իրական խառնաշփոթ է Խորեոգրաֆիայի պետական թատրոնում։ Նախկին տնօրեն Գայանե Կարապետյանին աշխատանքից ազատելուց հետո թատրոնը չի աշխատում, 18 աշխատող հարկադիր պարապուրդի է մատնված, չեն վճարել նրանց աշխատավարձն ու նախկին տնօրենի վերջնահաշվարկը։
«2018թ․ դեկտեմբերի 28-ին ինձ անհիմն ազատեցին աշխատանքից, ինչն ապացուցվեց դատարանի վճռով, և ԿԳՄՍ նախարարությունը տուգանվեց 1 միլիոն դրամի չափով։ Դրան հաջորդեց 19 աշխատակիցների բողոքը։ Վերաքննիչ դատարանը վճռեց, որ թատրոնը գտնվում է հարկադիր պարապուրդի մեջ։ 2021թ․ սեպտեմբերից վճիռը մտել է ուժի մեջ և, փաստորեն, պետությունը պետք է վճարի թատրոնի աշխատակիցներին հարկադիր պարապուրդի համար, որն առ այս պահը չի կատարվել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Խորեոգրաֆիայի պետական թատրոնի նախկին տնօրեն Գայանե Կարապետյանը։
Նրա փոխանցմամբ՝ խմորումները սկսվել են այստեղից․ ըստ սուբսիդիայի պայմանագրի՝ տվյալ տարվա հաշվետվությունը թատրոնի տնօրենը պետք է հանձնի մինչև հաջորդ տարվա փետրվարի 2-ը, որը թատրոնի հաշվապահը պարտաճանաչ կատարել է։ Սակայն նախարարությունից պատճառաբանել են, որ տնօրենի կողմից ստորագրված չէ։
«Դա զավեշտ է, որովհետև որպես աշխատանքից ազատված տնօրեն՝ չէի կարող փետրվարին ստորագրել 2018թ․ հաշվետվությունը։ Եթե իրենց տնօրենի կողմից վավերացված հաշվետվություն էր պետք, թող բարի լինեին թողնել՝ ես իմ աշխատած տարին ամփոփեի, նոր բերեին իրենց ժ/պ-ին։ Բայց ի՞նչ ստացվեց․ կար ժամանակավոր պաշտոնակատար, փաստացի առ այս պահը կա թատրոն։ 2019-2023թթ․ ԿԳՄՍ նախարարությունը դիմել է Կառավարություն ու ստացել է թատրոնին հասանելիք բյուջեն։ Այսինքն, բյուջեի առկայության դեպքում ժամանակավոր պաշտոնակատարի հետ չեն կնքել սուբսիդիայի պայմանագիր։ Մինչև 2023թ․ բյուջեն բերել են, հետո, ըստ երևույթին, մտածել են, որ արդեն ինչ-որ տեղ վտանգավոր է, դիմել են Կառավարություն՝ մաս են առանձնացրել, հասանելիք 10 միլիոնը մարդիկ Խորեոգաֆիային հատկացված գումարի տողից փոխել են ուսումնական տող։ Ժ/պ Լիլիթ Փալանջյանը հասկացել է, որ բոլոր պարտականությունները նախարարությունը գցում է թատրոնի վրա։ Իմ վերջնահաշվարկը պարտավոր էր նախարարությունը տալ, բայց մարդիկ պարտականությունը դրել են Խորեոգրաֆիայի պետական թատրոնի վրա։
Իսկ Լիլիթ Փալանջյանը մեկ օր չի աշխատել, և, հասկանալով վտանգը՝ դիմել է դատարան, որպեսզի իրեն աշխատավարձ վճարեն։ Չէին կարող թատրոնի հաշիվները բացել, որովհետև այդ դեպքում առաջին հերթին աշխատողներին պետք է վճարեին, մարդիկ Կառավարության որոշմամբ տեղափոխում են ուսումնական տող և վճարում են նրան։
Փաստացի թատրոնը չունի տնօրեն, առ այս պահը բյուջեի առկայությամբ գործում է։ Թատրոնը կա, բայց չի աշխատում։ Տեսեք, «Գոյ» թատրոնի դեպքում նախարարությունն ասում է՝ իմ միավորն է, հիմնադիրը ես եմ, ֆինանսավորողը ես եմ, կուզեմ՝ կպահեմ, կուզեմ՝ կլուծարեմ։ Խորեոգաֆիայի պետական թատրոնի պարագայում ԿԳՄՍ նախարարությունը մոռանում է, որ ֆինանսավորողն ինքն է, սուբսիդիայի պայմանագիր կնքողն ինքն է, վերահսկողն ինքն է»,- նշեց Գայանե Կարապետյանը։
Խորեոգրաֆիայի պետական թատրոնի նախկին տնօրենը հայտնեց, որ հանդիպել է ԿԳՄՍՆ-ի իրավաբանության վարչության պետին, վերջինս էլ ասել է, թե՝ ինչո՞ւ պետք է վճարեն չաշխատող թատրոնին․
«Պարոն, Դուք շատ եք ուշացել՝ դատարանի վճիռ կա, որն ուժի մեջ է մտել։ Ասում են՝ թատրոնը ստեղծագործական գործունեություն չի ծավալել․ ներողություն, բա թատրոնն ինչո՞ւ եք 6 տարի պահել, ինչո՞ւ եք բյուջե բերել։ Ուրեմն՝ խաբել եք Կառավարությանը, վարչապետին։ Թատրոնի պարտքը՝ տույժ-տուգանքները, 6 տարում 35 միլիոնից դարձել է 175 միլիոն։ Իրենց անգործության պատճառով ինչո՞ւ պետք է պետությունն այդքան տույժ-տուգանք վճարի»,- ասաց Գայանե Կարապետյանը։
Հարցին՝ ինչո՞վ են զբաղվում թատրոնի աշխատակիցները, նախկին տնօրենը պատասխանեց, որ տարբեր աշխատանքներ են կատարում, օրավարձով սրճարանում են աշխատում և այլն։ Ունեն վարկեր։
«Խայտառակ վիճակ է։ Պետությունը դատարանի կողմից կայացրած վճիռը չի կատարում, ուր մնաց՝ շարքային քաղաքացին»,- նկատեց Գայանե Կարապետյանը։
Մեր զրուցակիցը փոխանցեց, որ դիմել են ՀՀ Գլխավոր Դատախազություն, պատրաստվում են դիմել Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան։
Մանրամասները՝ տեսանյութում