Բաժիններ՝

Պետության կողմից չի կատարվում պետության անունից կայացված դատական ակտը. սա շատ վատ օրինակ է իրավական պետության համար. Փաստաբան

Խորեոգրաֆիայի թատրոնի նախկին տնօրեն Գայանե Կարապետյանն ու աշխատակիցները հայց էին ներկայացրել դատարան: Խնդիրն այն է, որ թատրոնի 19 աշխատող մոտ 3 տարի աշխատավարձ չէր ստացել, և 2021թ. հուլիսի 19-ին դատարանը բավարարել էր թատրոնի աշխատողների հայցն ընդդեմ Խորեոգրաֆիայի պետական թատրոն ՊՈԱԿ-ի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության՝ համարելով, որ աշխատողները չեն կարողացել կատարել աշխատանքները ոչ իրենց մեղքով: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում պահանջը ներկայացվել էր ոչ միայն աշխատողների 2 տարվա չվճարված աշխատավարձերի բռնագանձման մասով, այլ նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածով սահմանված տուժանքը վճարման ենթակա գումարի 0,15 տոկոսի չափով՝ սկսած յուրաքանչյուր ամսվա չվճարված աշխատավարձի համար մինչև փաստացի վճարման օրը:

Դատարանը համարել է, որ աշխատողները չեն կարողացել կատարել աշխատանքները ոչ իրենց մեղքով, և 19.07.2021թ. կայացրել է դատական ակտ՝ «Խորեոգրաֆիայի պետական թատրոն» ՊՈԱԿ-ից հօգուտ աշխատողների բռնագանձել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածով սահմանված պարապուրդի գումար պարապուրդի յուրաքանչյուր ժամվա համար մինչև պարապուրդը աշխատողների միջին ժամային աշխատավարձի առնվազն երկու երրորդի չափով, սակայն ոչ պակաս, քան օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամային դրույքաչափը:

Դատական նիստին աշխատողների շահերը ներկայացրել են փաստաբաններ Աշխեն Դաշյանը, Կարեն Տոնոյանը, Դավիթ Ասատրյանը:

«Դատական գործերն ավարտվել են, սակայն ԿԳՄՍ նախարարությունը դեռևս գումարը չի վճարել: Ու դատական ակտը չկատարելու հիմքով հաղորդում է ներկայացվել, որի շրջանակներում քրեական գործ է հարուցվել: Գործը դեռ նախաքննության փուլում է: Պետք է վճարեն մոտ 155.000.000 դրամ՝ ներառյալ հարկերը: Պետության կողմից չի կատարվում պետության անունից կայացված դատական ակտը: Սա շատ վատ օրինակ է իրավական պետության համար»,- մեզ հետ զրույցում ասաց փաստաբան Աշխեն Դաշյանը:

Կարդացեք նաև

Հավելենք, որ ավելի վաղ Խորեոգրաֆիայի պետական թատրոնի տնօրենը հայց էր ներկայացրել դատարան՝ իրեն պաշտոնից ազատելու հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքին վերադառնալու և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջով:

Արդյունքում՝ դատարանն անվավեր էր ճանաչել մշակույթի նախարարի՝ Խորեոգրաֆիայի թատրոնի նախկին տնօրեն Գայանե Կարապետյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանը և Մշակույթի նախարարությանը (Հայաստանի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍՆ)) տուգանել էին մոտ 850.000 դրամով ու չեղյալ համարել հրամանը:

Տեսանյութեր

Լրահոս