Ինչո՞ւ են անիրատեսական Փաշինյանի՝ Ադրբեջանին արվող առաջարկները

Նախօրեին բանակի 32-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ Նիկոլ Փաշինյանը մի շարք մանրամասներ բացահայտեց, թե հայկական կողմն ինչ առաջարկներ է արել Ադրբեջանին։

Նա նշեց, որ իրենք անվտանգության երաշխիքների մի քանի մեխանիզմներ են առաջարկել Ադրբեջանին:

«Օրինակ, զորքերի հայելային հետքաշում Հայկական ԽՍՀ և Ադրբեջանական ԽՍՀ ադմինիստրատիվ սահմանի նկատմամբ: Մենք նաև սահմանի դեմիլիտարիզացիա, այսինքն՝ ապառազմականացում ենք առաջարկել Ադրբեջանին: Նաև սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ, նաև չհարձակման մասին պայմանագրի ստորագրում, եթե կպարզվի, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը սպասվածից ավելի երկար ժամանակ է պահանջելու»,- հայտարարեց Փաշինյանը։

Նա նաև խոսեց երաշխիքների մասին, որոնք ակնկալում է ՀՀ-ն Ադրբեջանից։ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանն իր ինքնիշխան տարածքից բացի, որևէ այլ տարածքի նկատմամբ հավակնություն չունի, և որևէ մեկը չպետք է հավակնություն ունենա ՀՀ որևէ տարածքի նկատմամբ․

Կարդացեք նաև

«Մենք պատրաստ ենք տալ նման երաշխիքներ, երկարատև և անշրջելի երաշխիքներ, բայց նույնպիսի երաշխիքներ ակնկալում ենք ուրիշներից»,- հստակեցրեց նա։

Ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ՀՀ իշխանությունների առաջարկները նոր չեն աշխարհի համար, քանի որ նման որոշ մեխանիզմներ մինչև վերջերս գոյություն ունեին Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններում՝ մինչ ուկրաինական զարգացումները։

Սակայն, նրա խոսքով, դրանք ըստ էության սառեցվեցին Ուկրաինայում ռազմական գործողությունների և Արևմուտքի հետ արդեն առճակատման նոր փուլի մեկնարկի ֆոնին։

Ըստ Խրամչիխինի, դա, օրինակ, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև սպառազինությունների կրճատման պայմանագիրն է, որը միտված է միջուկային սպառազինության վերահսկմանը, և իրականում հարաբերություններում մի շարք ճգնաժամեր այս պայմանագիրը հաղթահարել է, սակայն վերջին տարիների ընթացքում դա այլևս չհաջողվեց։

«Սառը հակամարտությունների պարագայում նման մեխանիզմները գուցեև աշխատեն, սակայն թեժ, պատերազմական հարաբերությունների պայմաններում բոլոր նմանատիպ մեխանիզմները զրոյանում են, չեն գործում։ Ավելին՝ գլոբալ պատերազմի պարագայում է բարդ հասնել նման լոկալ մեխանիզմների։ Բայց եթե խոսենք ՀՀ-Ադրբեջան բանակցային գործըթնացից, ապա չէ՞ որ տրամաբանական է, եթե կողմերի միջև խնդիր չլինի, հաջողվի գալ փոխհամաձայնեցումների, ապա կհամաձայնեցվի այդքան քննարկվող Խաղաղության համաձայնագիրը։ Իսկ այս դեպքում նորություն չենք ասի, եթե նշենք, որ Ադրբեջանի հաղթանակից հետո Հայաստանի նկատմամբ ուժային ներգործությունը, ուժային ճնշումն Ադրբեջանի համար ավելի հարմար, փորձված և իր նպատակներին հասնելու ավելի արագ տարբերակ է, քան բանակցությունը։ Սա նաև չի փոխվում, քանի որ ռեգիոնալ ռազմական հավասարակշռությունը շարունակում է խախտված մնալ՝ ի օգուտ Ադրբեջանի։ Նման իրավիճակում նման առաջարկներն իրատեսական չեն։ Հայելային ետքաշման առաջարկն Ադրբեջանի ղեկավարը նույնիսկ հրապարակային մերժեց»,- ասաց վերլուծաբանը։

Նա նաև չի բացառում, որ այս առաջարկներն արվում են Արևմուտքի հորդորով, քանի որ ՀՀ-ն ներկայումս ինտենսիվ շփվում է Արևմուտքի հետ։

«Այնուամենայնիվ, Արևմուտքում ևս պետք է որ լավ իմանան, որ նման անհավասարակշիռ իրավիճակում այս առաջարկները տեղին չեն, սակայն դրանց բարձրաձայնումը ևս մեկ անգամ շեշտում է ռեգիոնալ բարդ իրավիճակը ու Ադրբեջանի դիրքավորումը, որը ևս, սակայն, Ադրբեջանում կարծես շատ քչերին է հուզում, քանի որ նրանք լրջորեն փորձում են օգտվել աշխարհում ստեղծված իրավիճակից, աշխարհում այսօր քչերին է նաև հետաքրքրում Հայաստանն ու Ադրբեջանը, այստեղ արտաքին դերակատարների խնդիրն աշխարհաքաղաքական նոր քարտեզներ ստեղծելն է, դրանց նախկին սահմանները փոխելը»,- ասաց Խրամչիխինը։

Նրա խոսքով, Խաղաղության համաձայնագիրն ինքնին պետք է երաշխիք լինի, սակայն եթե երաշխիքի հարցն առանձին բարձրանում է, կողմերի  հռետորաբանությունը ժամանակի ընթացքում չի փոխվում, նշանակում է, որ իրավիճակը շատ մտահոգիչ է։

«Ադրբեջանը բանակցությունների հետագա ճակատագիրը փոխկապակցել է Հայաստանի տարածքով անցնող ճանապարհի հարցում հայկական համաձայնության հետ։ Եթե այս հարցում համաձայնության չգան, կարծում եմ՝ խաղաղության համաձայնագիր՝ որպես այդպիսին, չի լինի. Իհարկե, դա շատ վտանգավոր իրավիճակ է ռեգիոնի համար։ Կարծում եմ՝ հենց դա է երևի թե նաև նպատակը, որ ՀՀ իշխանություններն առաջարկում են նման մեխանիզմներ, թեև դրանք որևէ նման հակամարտության փուլում իրատեսական չեն»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ իր վերջին հարցազրույցի ընթացքում Իլհամ Ալիևն անդրադարձել էր նաև սահմանից զորքերի հայելային հետքաշման մասին Հայաստանի առաջարկին։ Ըստ նրա՝ նման առաջարկություն արել է ոչ միայն Երևանը, այլև մի շարք այլ երկրներ։

«Ինձ մի քանի գործընկերներ խնդրեցին, որ զորքերը հայելային հետ քաշվեն։ Ես հարցրեցի՝ ո՞ւր։ Նրանք ասացին՝ որտեղից եկել են։ Ասում եմ՝ Բաքվից ենք եկել, Բաքո՞ւ վերադառնանք։ Մենք այս տարածքներում չենք եղել արդեն 30 տարի։ Եթե ​​այս տարածքները սահման լինեին, և Հայաստանը դա ճանաչեր՝ որպես սահման, ապա դա կնշեր։ Բայց ինքը դա սահման չէր համարում, կարծում էր, որ իր սահմանը Աղդամում է։ Հարցիս ոչ ոք չպատասխանեց։ Ուստի, մենք ոչ մի տեղ չենք գնա, ոչ մի քայլ չենք շարժվի ո՛չ 2021 թվականի մայիսին, ո՛չ էլ 2022 թվականի սեպտեմբերին գրաված դիրքերից, քանի որ սահմանը պետք է հստակեցվի»,- հայտարարել էր Ալիևը։

Տեսանյութեր

Լրահոս