Նիկոլիզմն էլ մի պատմության դասագիրք կլինի. Սրանք գիրք գրելիս էլ, ասֆալտ անելիս էլ նույն սկզբունքով են առաջնորդվում. Կարո Վարդանյան

Այն, ինչը նախաձեռնել են օրվա իշխանությունները և իրականացնում են, հավասարազոր է  երկրի ու հայ ժողովրդի պատմության կործանմանը։ 168.am-ի հետ զրույցում այսպես բնորոշեց մեր իրականությունը  Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի նախկին տնօրեն, գրող, գրականագետ Կարո Վարդանյանը՝  անդրադառնալով ԿԳՄՍ նախարարության հեղինակած և շրջանառության մեջ դրված որոշման նախագծին՝  «Հայոց պատմություն» դասագիրքը «Հայաստանի պատմություն» վերանվանելու վերաբերյալ։

Գրող, գրականագետ Կարո Վարդանյանը երկար տարիներ ուսումնասիրում է հայ պատմական կարևոր դեպքերն ու դեմքերը, դրանք վերլուծում ու հրատարակում՝ ստեղծելով հսկայական տեղեկություններ հայոց պատմության մասին։

«Ես զբաղվում եմ կոնկրետ դարաշրջանով՝ 20-րդ դարասկզբով, որը եղել է մեր ամենաճակատագրական, բախտորոշ ժամանակաշրջանը։ Մինչև այս սև ուժերի իշխանության գալը, ես այդ ամենով զբաղվում էի, դեռ տարիներ առաջ կասկած ընկավ մեջս, որ ինչ-որ բան այն չէ, որքան շատ ուսումնասիրեցի ու չհրապարակված աղբյուրներ ձեռքս ընկան՝ հասկացա, որ մենք մեր պատմության հետ անխիղճ ձևով ենք վարվել։

Տեսեք, այսօր հրապարակվել է «Հայոց պատմություն-7» դասագիրք, այնտեղ խնդիրներ կան՝ կապված ուրարտական ժամանակաշրջանի հետ, որը գոնե լավ է, որ արժանացավ այսքան ընդդիմախոսության։ Այսօրվա իշխանությունը ժողովրդին աստիճանաբար ընտելացնում է նրան, որ «կարևորը պետությունն է, հայրենիքը վերացական բան է, պետք է հայրենիքը տեղավորել սեփական սահմանների մեջ», նույն տրամաբանությամբ էլ ուզում են ընտելացնել մտքին, որ շուտով չի լինելու հայոց պատմությունը, փոխարենը՝ կլինի միայն Հայաստանի պատմություն»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Կարդացեք նաև

Նրա մեկնաբանությամբ՝ հայոց պատմություն՝ նշանակում է հայկական լեռնաշխարհի պատմություն, որտեղ ծագել է հայ ժողովուրդը, և որը զբաղեցրել է մոտ 400 հազար քկմ և ավելի տարածք։ Իսկ Հայաստանի պատմությունը կներառի այն սահմանը, որը կա, այսինքն՝ կպատմի միայն Նիկոլ Փաշինյանի ասած՝ 29.800 քկմ տարածքի մասին։

«Այսինքն՝ որքան սահմանը սեղմվի, այդքան էլ կսեղմվի Հայաստանի պատմությունը։ Պատմության գիրք են հրատարակել, որտեղ չկա Վասպուրականի քարտեզը, իբր անուշադրության հետևանք է, վրիպակ։ Մեկ հանգամանքի վրա եմ ուզում բոլորիդ ուշադրությունը հրավիրել։ 2018 թվականի հունիս ամիսն էր կարծեմ, փողոցում իշխանության բերած «ցնծությունն» էր, այդ օրը բացվում էր Արամ Մանուկյանի արձանը։ Երկու ամիս էր, ինչ աղետը եկել էր, իսկ աղետի պարագլուխը Քրիստոսի համարում ուներ մթագնած ուղեղ ունեցող հանրության շրջանում։ Արձանի բացմանը Նիկոլ Փաշինյանի խոսքերը մոտավորապես հիշում եմ, որ քմծիծաղով ասաց, թե կիսատ չեն թողնելու Արամ Մանուկյանի առաքելությունը։ Ժամանակին Դաշնակցությունն ասում էր, որ մենք չենք կարող Վասպուրական, Տարոն պահել, Էրզրում, Կարս պահել, կարևորը պետությունն է։ Հետո էլ հանկարծ պարզվեց, որ 1918 թվականին էլ չենք կարող Նախիջևան ու Արցախ պահել։ Հիմա այս ամենը սա է օգտագործում, քանի որ մշտապես ամեն ինչ տվել ենք, որ պետականություն պահենք, բայց արդյունքում ունեցել ենք 9 հազար քկմ տարածք»,- շեշտեց Կարո Վարդանյանը։

Նրա խոսքվ՝ ներկայիս ազգակործան ռեժիմը՝ բոլոր արժեքներն է կործանում, որ փոքր տարածք ունենա, հետևաբար, գուցե 5 գյուղերի վրա մնա Հայաստանը։

«Նիկոլիզմն էլ մի պատմության դասագիրք կլինի՝ կգրվի մեր պատմաբանների ձեռքով։ Սրանք, կապ չունի՝ ինչ են անում,  սկզբունքով են առաջնորդվում, այսինքն՝ գիրք գրելիս էլ, ասֆալտ անելիս էլ նույնն են։ Սրանք որևէ բանից հետ չեն կանգնում, այսինքն՝ եթե ասֆալտ են անում, ու քանդվում է, նրանք մրցույթը չեն չեղարկում, նույնն էլ դասագրքում տեղ գտած սխալների առումով է՝ գումարները տվել են, գիրքը գրվել է սխալներով, ու վերջ։

Մեզ համար հայոց լեզուն, գրականությունը և հայոց պատմությունն ազգապահպան, երկրապահպան առաքելություն ունեն, որոնք ամեն կերպ գուրգուրանքով պետք է պահվեին»,- եզրափակեց Կարո Վարդանյանը։

Տեսանյութեր

Լրահոս