Լիա Ախեջակովան հանդես կգա Երևանում
Ռուսական թատրոնի և կինոյի դերասանուհի, ՌԴ ժողովրդական արտիստ Լիա Ախեջակովան, որի մասնակցությամբ «Ծառայողական սիրավեպ», «Մոսկվան արցունքներին չի հավատում» և շատ այլ ֆիլմեր սիրվել են Հայաստանում, ներկայացմամբ հանդես կգա Երևանում:
Թատերասերներն «Իմ թոռնիկ Վենյամինը» բեմադրությունը դիտելու հնարավորություն կունենան փետրվարի 5-6-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:
Հայաստանյան առաջնախաղը նախատեսված էր նախորդ տարվա սեպտեմբերի 26-ին, սակայն հետաձգվել էր Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի պատճառով:
«Իմ թոռնիկ Վենյամինը» ներկայացումը զվարճալի, միևնույն ժամանակ` ողբերգական պատմություն է ընտանեկան հարաբերությունների մասին: Գլխավոր հերոսուհին՝ Էսթերը, ապրում է անցյալի հիշողություններով, ավանդույթներով և կանոններով։ Ուժեղ, ուրիշների փոխարեն որոշումներ կայացնող կինն իր տղային համապատասխան հարսնացու գտնելու անհաջող փորձեր է անում: Որոնումների արդյունքում նա իր հարազատ Բոբրույսկից ընտրում է «ստուգված» ընտանիքի ժառանգի, սակայն նոր աշխարհը հին օրենքներով դասավորելու նրա հստակ ծրագիրը փլուզվում է։ Էսթերի որդին դիմադրում է հարկադիր ամուսնությանը: Պարզվում է՝ մոր ընտրած հարսնացուն այն չէր, ինչ թվում էր։
«Հայրեր և որդիներ» դասական հակամարտությունը բեմադրության մեջ ներկայացվում է ծիծաղելի, միևնույն ժամանակ` մայրական սիրո մասին հուզիչ դրսևորումներով: Սիրո, որը կարող է արարել և ավերել իր շուրջն ամեն ինչ:
Ներկայացումը հիմնված է Լյուդմիլա Ուլիցկայայի համանուն պիեսի վրա։ Ռեժիսորը ԳԻՏԻՍ-ի շրջանավարտ և «Ոսկե դիմակ»-ի կրկնակի դափնեկիր Մարֆա Գորվիցն է, նկարիչը Վերա Մարտինովան է: Առաջնախաղը տեղի է ունեցել 2015 թվականին: