Պաշտոնապես հայտարարում ենք, որ արցախցի դատավորները կենսաթոշակի հարցով անձամբ Պաշտպանին պաշտոնական հանդիպման առաջարկով երբևէ չեն դիմել. ՄԻՊ պարզաբանումը
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնում են, որ «Հրապարակ» օրաթերթի` «ՄԻՊ-ը «ցրել» է և չի ընդունել արցախցի դատավորներին» վերտառությամբ հրապարակման` Մարդու իրավունքների պաշտպանին վերաբերելի հատվածը չի համապատասխանում իրականությանը:
«Հունվարի 26-ին վերոնշյալ օրաթերթի նյութերից մեկում նշվել է, իբր արցախցի դատավորները դիմել են Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին` հանդիպման խնդրանքով, սակայն «վերջինս չի ընդունել նրանց, թեև շատերի հետ բավականին ջերմ հարաբերություններ է ունեցել»։
Պաշտոնապես հայտարարում ենք, որ արցախցի դատավորները կենսաթոշակի հարցով անձամբ Պաշտպանին պաշտոնական հանդիպման առաջարկով երբևէ չեն դիմել: Ավելին՝ ՄԻՊ աշխատակազմ հանդիպման առաջարկի վերաբերյալ ոչ գրավոր, ոչ էլ բանավոր դիմում չի ստացվել:
Հրապարակման մեջ նաև նշվել է, որ ՄԻՊ ընտրվելուց հետո Անահիտ Մանասյանն առաջին այցելություններից մեկը կատարել է Արցախ, «որտեղ նրան շատ ջերմ ընդունելության են արժանացրել»: Հարկ ենք համարում հավելել, որ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը ստանձնելուց հետո Անահիտ Մանասյանը նման այց չի իրականացրել՝ ԼՂ մուտք գործելու անհնարինությամբ պայմանավորված:
Մարդու իրավունքների պաշտպանն ու Պաշտպանի ներկայացուցիչներն անձամբ են գտնվել Սյունիքում` Գորիսում և Կոռնիձորում, ինչպես նաև` Վայքում, այնուհետև անընդհատ այցեր են իրականացրել և իրականացնում ու հանդիպումներ են ունենում արցախցիների հետ` փորձելով լուծումներ գտնել նրանց իրավունքներին վերաբերելի խնդիրներին։
Վերը նշվածի հաշվառմամբ՝ կոչ ենք անում զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելուց և հրապարակելուց։ Այդ համատեքստում լրատվամիջոցների մեր գործընկերներին կոչ ենք անում հետևել պատասխանատու լրագրության սկզբունքներին»: