Կարող են հռչակել Նիկոլ I-ի միապետություն, Հայաստանին տալ Արագածյան Հանրապետություն անունը. մարդիկ պետք է իրենք իրենց հարց տան՝ լինելո՞ւ են հայ այս տարածքում, թե՞ չեն լինելու. Վարդան Պողոսյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ, սահմանադրագետ, միջազգային իրավունքի մասնագետ Վարդան Պողոսյանն է:
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Ակնհայտ է, որ նոր Սահմանադրության կարիք Հայաստանն ունի ոչ թե Հայաստանի կարիքները հոգալու համար, այլ Ադրբեջանի պահանջով։ Ադրբեջանին և Թուրքիային անհանգստացնողն առաջին հերթին Սահմանադրության Նախաբանն է, որում հղում է կատարվում ՀՀ հիմնադիր ակտին՝ Անկախության հռչակագրին, որն ամփոփում է մեր համազգային նպատակները՝ Արցախի հարցն ու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը։ Փաշինյանի վարչախումբն իր առաջ նպատակ է դրել վերջնականապես հրաժարվել Արցախի հարցից։
- 1995թ․-ից սկսած, երբ Հայաստանն ընդունել է իր Սահմանադրությունը, Թուրքիան միշտ ասել է՝ դուք տարածքային պահանջներ եք դնում Թուրքիայի առաջ՝ հղում տալով Անկախության հռչակագրում «Արևմտյան Հայաստան» ձևակերպմանը։
- Փաշինյանը նոր Սահմանադրության պահանջ դնելով՝ հրաժարվում է ՀՀ հիմնադիր սկզբունքներից, 3-րդ Հանրապետությունից։
- Որպեսզի Փաշինյանը հրաժարվի Ալիևի հետ իր ստորագրելիք «Խաղաղության պայմանագիրը» հակասահմանադրական ճանաչվելուց, որով նա հրաժարվելու է մեր համազգային նպատակներից, փոխում է Սահմանադրությունը։
- Ակնհայտ է, որ սա թելադրանք է ադրբեջանա-թուրքական տանդեմի կողմից, և Հայաստանի իշխանությունն ընդառաջ է գնում դրան։ Հիշեցնենք, որ 2018-ին իշխանության գալով՝ Փաշինյանը և նրա ՔՊ-ն երբևէ չեն հայտարարել նոր Սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության մասին: Այսօր արդեն իրենք էլ չեն թաքցնում, որ առաջնորդվում են Ադրբեջանի թելադրանքով։ Այսինքն՝ մենք Հայաստանում ունենք իշխանություն, որը Հայաստանի իշխանություն չէ։
- Ադրբեջանը որևէ պարագայում իր Սահմանադրությունը փոխելու նպատակ չունի և չի փոխելու մի կետ, որը Հայաստանի իշխանությունը կասի։ Ադրբեջանը երբեք Հայաստանի թելադրանքով չի շարժվելու, բայց ՀՀ իշխանությունները շարժվում են Ադրբեջանի ու Թուրքիայի թելադրանքով։
- Նոր Սահմանադրությամբ հիմա կարող են երկրին տալ Արագածյան Հանրապետություն անունը կամ Հայաստանը հռչակել միապետություն, և այստեղ իշխում է նիկոլյան իշխանությունը՝ Նիկոլ 1-ին, Նիկոլ-2-րդ և այլն… ինչ ասես՝ կարող են անել, ամեն ինչ սպասելի է:
- Երբ դու գնում ես խաղաղություն մուրալու, քեզ որևէ մեկը խաղաղություն չի տալու։ Քեզնից վերցնելու են այնքան, ինչքան կկարողանան։ Նոր Սահմանադրության ընդունումը նշանակում է նոր կապիտուլյացիայի ակտ, և եթե ժողովուրդը համաձայն լինի դրան, հայկական պետականությունը կվերանա։ Մարդիկ պետք է լուրջ վերաբերվեն սրան ու հարց տան իրենց՝ իրենք լինելո՞ւ են հայ այս տարածքում, թե՞ չեն լինելու։
- 1920թ․ Ալեքսանդրապոլի պայմանագիրը ու այսօր մեզ պարտադրվող փաստաթուղթը բովանդակային առումով շատ նմանություններ ունեն։ Ալեքսանդրապոլի պայմանագրի կնքումն ավարտվեց պատերազմով, որի արդյունքում Հայաստանի ղեկավար Խատիսյանը ստորագրեց կապիտուլյացիոն ակտ։ Հիմա նույնն է լինելու, միայն անուններն են փոխվելու։ Ստորագրողը Խատիսյանը չի լինելու, այլ Փաշինյանը։
- Նոր Սահմանադրություն ընդունելու դեպքում Սահմանադրական դատարանն անելիք չի ունենալու, որովհետև այդ դեպքում գործող Սահմանադրությունը պահանջ չունի, որ նոր Սահմանադրության նախագիծը համապատասխանի հին Սահմանադրությանը։
- Եթե մենք հասել ենք մի այնպիսի իրավիճակի, երբ Հայաստանի իշխանություն կոչվածները նոր Սահմանադրություն են ուզում անել թշնամի պետությունների պահանջով, ուրեմն մենք սուվերենության, անկախության որևէ նշույլ չունենք։
- Չկա չարիք՝ առանց բարիքի, և հնարավոր է Սահմանադրական հանրաքվեն վերածել Փաշինյանին անվստահություն հայտնելու հանրաքվեի։ Քաղաքացին հնարավորություն ունի դեմ քվեարկել նոր Սահմանադրությանը, անվստահություն հայտնել Փաշինյանին ու փրկել Հայաստանի պետականությունը։ ՀՀ քաղաքական ուժերը մարդկանց պետք է բացատրեն՝ ինչ է մեզ սպասում, և Սահմանադրության հանրաքվեն վերածեն անվստահության հանրաքվեի։
Ընթերցողին ներկայացնենք 1920թ. դեկտեմբերի 2-ին կնքված Ալեքսանդրապոլի պայմանագրից որոշ դրվագներ.
4. Անկեղծորեն ձգտելով վերացնել Անտանտայի իմպերիալիստական կառավարությունների հետագա մեքենայությունները, որոնք կարող են խախտել երկրի անդորրությունը, Հայաստանի կառավարությունը համաձայնում է. բացի թեթև և երկրի կարգն ու անվտանգությունը պաշտպանելու համար բավարար քանակությամբ զենք ունեցող ժանդարմերիայից, սահմանների պահպանության համար չունենալ այլ ռազմական ուժ, բացի 1500 զինվորից բաղկացած ջոկատից՝ 8 լեռնային կամ դաշտային հրանոթով և 20 գնդացիրով։ Զինապարտությունը Հայաստանում պարտադիր չի լինի… Հայաստանին իրավունք է վերապահվում բերդեր (ամրություններ) կառուցել և այնտեղ դնել ծանր հրանոթներ… այնպիսի քանակությամբ, որը նա հարկավոր կհամարի, պայմանով, որ չդնի 15 սանտիմետրանոց տրամաչափի և հեռահար հրանոթներ, որոնք գործադրվում են ինչպես հայկական, այնպես էլ ուրիշ բանակներում։
5. Հայաստանի կառավարությունը սրանով համաձայնում է Թուրքիայի քաղաքական ներկայացուցիչներին կամ դեսպանորդին, որը հաշտություն կնքելուց հետո կգտնվի Երևանում, թույլ տալ ըստ իր ցանկության տեսչություն և հետաքննություն կատարել վերոհիշյալ պայմաններին վերաբերող հարցերի գծով։ Իր կողմից Թուրքիայի… կառավարությունը պարտավորվում է իր զինված օգնությունը տրամադրել Հայաստանին, երբ այդ պահանջի արտաքին կամ ներքին վտանգը և երբ Հայաստանի Հանրապետությունը դիմի իրեն մատնանշված խնդրով։
12. Թուրքիայի կառավարությունը, չխախտելով ներկա պայմանագրով Հայաստանին վերապահված իրավունքները, իրավունք կունենա ռազմական միջոցներ ձեռք առնել Հայաստանի… տերիտորիայում։
13. Հայաստանի կառավարությունն անվավեր է ճանաչում այն բոլոր պայմանագրերը, որ կարող են կնքվել և առնչություն ունենալ Թուրքիայի հետ, ճիշտ այնպես, ինչպես և այն բոլոր պայմանագրերը, որ կկնքվեն ի վնաս Թուրքիայի շահերի։
Մանրամասները՝ տեսանյութում։