Ի՞նչ են քննարկում Մոսկվան և Բաքուն խաղաղապահների տեղակայման հարցի շուրջ․ ինչո՞ւ Բաքուն չի պահանջում խաղաղապահների դուրսբերում Արցախից
Ժամեր առաջ Նյու Յորքում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հերթական անգամ անդրադարձել է Արցախում ռուս խաղաղապահ կոնտինգենտի տեղակայման հարցին։
Նա հայտարարել է, թե նախագահներ Պուտինն ու Ալիևը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների հետագա ճակատագիրն ու համաձայնել, որ այս փուլում նրանց ներկայությունը նպաստում է տարածաշրջանում կայունության և վստահության ամրապնդմանը, ինչպես նաև Ղարաբաղի այն բնակիչների վերադարձին, որոնք դա ցանկանում են:
«Մեր խաղաղապահներն այնտեղ են անգամ, երբ բոլորը ճանաչեցին Ղարաբաղը՝ որպես ադրբեջանական տարածք։ Բայց այս հարցն այլևս չի վերաբերում հայկական կողմին, սա Ռուսաստանի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների հարց է»,- ասել է Լավրովը:
Ռուսաստանի արտգործնախարարը կրկին մեղադրել է Արևմուտքին, որ փորձում են հեռացնել Երևանին և Բաքվին բանակցությունների մոսկովյան հարթակից, ապա հիշեցրել, որ վարչապետ Փաշինյանն է Պրահայում Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս:
168․am-ի մոսկովյան աղբյուրների համաձայն, Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը ռուս-ադրբեջանական ամենաբարձր մակարդակով բանակցությունների ընթացքում վերջնական լուծում չի ստացել։ Սակայն, ըստ մեզ փոխանցված տեղեկության, ժամանակավոր և խիստ անկայուն կոնսենսուս կա կողմերի միջև, որպեսզի Ադրբեջանը պաշտոնապես չխոսի խաղաղապահների կողմից ռեգիոնը լքելու անհրաժեշտության մասին, չնայած այն հանգամանքին, որ խաղաղապահները հայկական բնակչության բացակայությունից հետո Արցախում լիակատար անգործության են մատնված։
Մեր մերձդիվանագիտական աղբյուրի փոխանցմամբ, այնպես է ստացվել, որ խաղաղապահների ներկայությունը ԼՂ-ում ներկայումս բխում է թե Բաքվի, թե Մոսկվայի շահերից, սակայն առավելապես Բաքվի շահերից։ «Անցած տարվա սեպտեմբերին Ադրբեջանի իրականացրած ռազմական գործողությունից հետո Ղարաբաղում բնակվող բոլոր հայերը լքեցին ռեգիոնը, նույնիսկ կա կարծիք, որ դա հենց նման ձևաչափով տեղի ունեցավ ռուս խաղաղապահներին այնտեղից հանելու նպատակով։ Դա, կարծում եմ, բխում էր նաև Բաքվի շահերից, սակայն Բաքվում հասկանում են, եթե խաղաղապահները լքեն Ղարաբաղը, ապա Արևմուտքը փորձելու է բարձրացնել հայ բնակչության՝ Ղարաբաղ վերադառնալու և նրանց անվտանգություննն այնտեղ արևմտյան ներկայությամբ ապահովելու հարցը։ Սա է պատճառը, որ Բաքուն այս հարցը կտրուկ չի բարձրացնում»,- նկատեց մեր մերձդիվանագիտական ռուսական աղբյուրը։
ՌԴ ԱԳՆ-ն, ըստ մեր զրուցակցի, ևս ժամանակ առ ժամանակ այդ հարցը բարձրացնում է, երբ հարցեր են հնչում ապագայի մասին։
«Սակայն սեպտեմբերյան իրադարձություններից հետո քիչ հավանական է, որ ներկայիս ստատուս-քվոյի պարագայում շատ հայեր վերադառնան Ղարաբաղ։ Հասկանալի է, որ եթե Ադրբեջանը կարողանա իսկապես բանակցել և լավ առաջարկներ անել, գուցե դա հնարավոր լինի, այս պարագայում ՌԴ-ն էլ կարող է շարունակել իր ներկայությունը տեղում։
Սակայն, կարծում եմ, Արևմուտքը խոչընդոտելու է, իսկ ՌԴ-ն դեռ ոչ բանակցությունների, ոչ Հարավային Կովկասում իր քաղաքական ու ռազմական ներկայության ուղղությամբ որևէ լուրջ քայլ չի ցանկանում իրականացնել, փորձելով ժամանակ շահել և ավելի բարենպաստ դիրքում հայտնվել»,- նշեց մեր զրուցակիցը։