Նարինե Հայրապետյանը հայտարարել է, որ ոչ ոք իրեն չի առևանգել, և առևանգման մասին հայտարարությունն արել է քաղաքական նկատառումներով. Գոռ Աբրահամյան

ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյա իր էջում գրում է․ «Նկատի ունենալով Նարինե Հայրապետյանի առերևույթ առևանգման դեպքի վերաբերյալ տարատեսակ շահարկումները և քաղաքականացման անհարկի դրսևորումները՝ հարկ եմ համարում որոշ հանգամանքների վրա կանգ առնել՝ խոստանալով առավել մանրամասն տեղեկատվություն հրապարակել վարույթն ավարտվելուց և վերջնական իրավական գնահատականները տրվելուց հետո։

Այսպես՝

ՀՀ քննչական կոմիտեն 2024թ․ հունվարի 17-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից ստացել է Նարինե Հայրապետյանի հաղորդումը մի խումբ անձանց կողմից հունվարի 15-ին իրեն առառևանգելու մասին։ Ինչպես նաև ստացվել է Ոստիակնության կողմից կազմված արձանագրություն, ըստ որի՝ Ն․ Հայրապետյանը հայտարարել է, որ ոչ ոք իրեն չի առևանգել, և առևանգման մասին հայտարարությունն արել է քաղաքական նկատառումներով։

Հաղորդման և ստացված փաստաթղթերի հիման վրա մի խումբ անձանց կողմից մարդու առևանգման դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Իրականացվող բազմակողմանի նախաքննությամբ քննության առարկա են բոլոր վարկածները, այդ թվում՝ առևանգում կատարվելու։ Եվ հանգամանքները պարզելու նպատակով շարունակվում են կատարվել բոլոր անհրաժեշտ, անհետաձգելի վարութային և քննչական գործողությունները։

Հարկ է ընդգծել, որ տուժող Նարինե Հայրապետյանի մասնակցությամբ կատարվել են մի քանի քննչական գործողություններ, որոնց ընթացքներն ամբողջությամբ, սահմանված կարգով, տեսաձայնագրառվել են։ Բացի այդ, տուժողը նաև ցուցմունքով է պնդել, որ իրեն չեն առևանգել։

Այդուհանդերձ, վարույթն իրականացնող մարմնի կողմից նրան առաջարկվել է, որ եթե իր նկատմամբ, այնուամենայնիվ, գործադրվում է ճնշում, վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ կարող է նրա նկատմամբ սահմանված կարգով կիրառվել հատուկ պաշտպանության միջոցներից որևէ մեկը։ Վերջինս, սակայն, կրկին հերքել է ճնշման հանգամանքը և հրաժարվել առաջարկված՝ իր նկատմամբ հատուկ պաշտպանության միջոցից։

Նախաքննությունը շարունակվում է»։

Տեսանյութեր

Լրահոս