«ԲԴԽ նախագահն օրը 30 անգամ ցիտում է Փաշինյանին». Նաիրա Զոհրաբյան

«Ժողովրդավարություն և անվտանգություն» ՀԿ-ի նախագահ Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ դատական դեպարտամենտն իրավական կոպտագույն խախտում է արել, քանի որ որևէ իրավասություն չունի մեկնաբանելու դատավորի որոշումներն ու վճիռները։

«Մենք տեսնում ենք, որ ԲԴԽ նախագահն օրը 30 անգամ ցիտում է  Նիկոլ Փաշինյանին, ԲԴԽ-ն, որն իր անձնագրի նկարագրությամբ պիտի լինի բացարձակապես ապաքաղաքական մարմին։ Մենք հիշում ենք, որ ԲԴԽ նախագահն իր պատին խփել էր Նիկոլ Փաշինյանի նկարը և ասում էր, որ՝ ամեն որոշում ընդունելիս՝ ես նայում եմ Նիկոլ Փաշինյանի նկարին։ Հիմա էլ նա վայրկյանը մեկ ցիտում է Նիկոլ Փաշինյանին։ Կրկնում եմ՝ ավելի քաղաքականացված մարմին, քան ԲԴԽ-ն է, չկա»,- Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց Նաիրա Զոհրաբյանը։

Ըստ նրա, ԲԴԽ հայտարարությունը կոպտագույն միջամտություն է դատական այս գործընթացին, որին միջամտելու իրավունք չունի։

«ԲԴԽ-ն ուղղակի ներքաշված է քաղաքական գործընթացների մեջ, նա ինքն իրեն հարց է տալիս, ինքն իրեն պատասխանում։ Ինքն իրեն եզրահանգումներ է անում այն դեպքում, երբ անգամ Արմեն Աշոտյանի փաստաբանները դեռ չէին ստացել դատավորի վճիռը։ Ըստ էության ԲԴԽ հայտարարությունը ևս մեկ անգամ եկավ հաստատելու, որ Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է, և այն, ինչ այսօր կատարվում է Արմեն Աշոտյանի հանդեպ, քաղաքական հաշվեհարդար է»,- շեշտեց Նաիրա Զոհրաբյանը։

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ օրերս ԲԴԽ-ն պարզաբանում էր տարածել, թե ինչու է Արմեն Աշոտյանը կալանքի տակ։

«Ի պատասխան հանրության շրջանում  բազմաթիվ հարցադրումների, թե ինչու է Արմեն Աշոտյանը շարունակում մնալ կալանքի տակ, երբ «գործով վկաներն արդեն իսկ հարցաքննվել են», ցանկանում ենք պարզաբանել հետևյալը:

Դատարանը գտել է, որ երբ պարոն Աշոտյանի նկատմամբ ընտրված է եղել ՀՀ-ից բացակայելու արգելքը, նա խախտել է խափանման միջոցի պայմանները, ինչն էլ հիմք է հանդիսացել կալանավորման:

Դատարանն արձանագրել է, որ թեև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ոչ մի տվյալ նախապես հավաստի ապացույցի ուժ չունի, սակայն, խափանման միջոց կիրառելու հիմքերն ունեն կանխատեսական բնույթ, իսկ գործում առկա փաստական տվյալները բավարար են եղել հանգելու հետևության, որ քանի դեռ որևէ ապացույց չի հետազոտվել, պարոն Աշոտյանն ազատության մեջ հայտնվելու դեպքում կարող է խոչընդոտել քրեական վարույթին, այդ թվում՝ ապօրինի միջամտել ապացուցման գործընթացին»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս