Երևան-Բաքու Խաղաղության համաձայնագրի նախապատրաստման գործընթացը տապալվում է․ Տարասով

Օրերս Եղեգնաձորում իր կուսակիցների հետ հանդիպմանը Փաշինյանը հայտարարել է, որ Երևանը Բաքվից, Բաքուն էլ Երևանից լրացուցիչ երաշխիքներ է պահանջում, որ միմյանցից տարածքային պահանջներ չունեն:

«Դիվանագիտական տեքստերը տարբեր ենթատեքստեր և տողատակեր են ունենում, և մենք Ադրբեջանի, երևի Ադրբեջանն էլ մեր առաջարկների տողատակերում տարածքային պահանջների եթե ոչ՝ այսօր, ապա՝ հետագա վտանգներ է տեսնում»,- ասել էր նա։

Ընդգծելով, որ հայկական կողմը Բաքվից նման երաշխիքներ է ակնկալում, Փաշինյանը վստահեցրել է՝ Երևանն էլ իր հերթին է պատրաստ տալ դրանք, բայց սրանք փոխկապակցված հարցեր են. «Բնականաբար, դա ո՛չ մեր կողմից, ո՛չ իրենց կողմից չի կարող լինել միակողմանի»:

Ի դեպ, Ադրբեջանի նախագահն անցած ամիս էր հայտարարել՝ Բաքվին հուսալի երաշխիքներ են պետք, որ Հայաստանում ռևանշիստական միտումներ չեն լինի: Փաշինյանը նշել էր, որ հայ-ադրբեջանական կարգավորման շուրջ վերջին շրջանի խոսակցությունները հենց միմյանցից տարածքային պահանջներ չունենալու տրամաբանության մեջ են եղել:

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Երևանն ու Բաքուն ոչ միայն պետք է հայտարարեն, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, այլև փաստաթղթով ամրագրեն սա.

«Հայաստանն ու Ադրբեջանն առանց վերապահումների ոչ միայն հայտարարեն, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, այլև այդ իրողությունն արձանագրվի դե յուրե, խաղաղության պայմանագրով»:

Փաշինյանի այս հայտարարությունը հաջորդեց Ալիևի՝ տեղական ԶԼՄ-ներին տված հարցազրույցին, որում նա մի շարք վերջնագրեր էր ներկայացրել Հայաստանին։ Ալիևն ըստ էության Հայաստանից պահանջել էր, այսպես կոչված՝ Զանգեզուրի միջանցք՝ հայտարարելով, որ եթե չստանա իր ցանկացած երթուղին, ապա սահման չի բացի Հայաստանի հետ։

Նա նաև նշել էր, թե Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար իրենց միջազգային երաշխավորներ հարկավոր չեն, ինչպես ցանկանում է Երևանը։ Սրան զուգահեռ, դատելով եվրաչինովնիկների մեկնաբանություններից՝ ադրբեջանական կողմը հրաժարվում է բանակցություններից մինչ Ադրբեջանում հայտարարված նախագահական արտահերթ ընտրությունները, մինչդեռ ՀՀ իշխանությունները շարունակում են ընդունել ԵՄ-ի և ԱՄՆ-ի բանակցային ներկայացուցիչներին, խոսքը Տոյվո Կլաարի, ինչպես նաև Լուիս Բոնոյի մասին է, որոնք այդպես էլ Երևանից Բաքու չմեկնեցին։

168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան, կովկասագետ Ստանիսլավ Տարասովն ասաց, որ Իլհամ Ալիևի վերջին ասուլիսը, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի վերոնշյալ հայտարարությունը ցույց են տալիս, որ հայտարարված խաղաղության գործընթացի, ինչպես նաև դրանից բխող խաղաղության համաձայնագրի վերաբերյալ կողմերը ունեն միմյանցից էականորեն տարբերվող տեսլականներ, թեև նրանք նաև հայտարարում էին, որ այդ համաձայնագրի մեծ մասն արդեն իսկ համաձայնեցված է։ Այնուամենայնիվ, ըստ նրա, խաղաղությունն Ալիևն այլ կերպ է պատկերացնում, իսկ Փաշինյանը՝ այլ։

Նրա դիտարկմամբ՝ ՀՀ ղեկավարի մասով ակնհայտ է, որ վերջինս երաշխիքներ ասելով՝ նկատի ունի, որ այդ երաշխիքները Հայաստանին պետք է տրամադրի արտաքին որևէ կողմ, այս դեպքում՝ Արևմուտքը՝ ԱՄՆ-ը կամ ԵՄ-ն, սակայն այդ բանակցային հարթակներում աշխատանքն արգելափակված է։

Փորձագետի արձանագրմամբ, սակայն, Բաքուն արգելափակել է ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջնորդական ջանքերը, իսկ Երևանը՝ Մոսկվայի։

«Ադրբեջանը, իհարկե, ցանկանում է, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքներն ամրագրվեն խաղաղության համաձայնագրում երկկողմ ձևաչափում, առանց երրորդ կողմերի, սա է պատճառը, որ արևմտյան հարթակների աշխատանքն արգելափակված է։ Սա է նաև պատճառը, որ ԵՄ-ից Ադրբեջանի հասցեին հնչում են քննադատական հայտարարություններ, այդպիսիք ամենայն հավանականությամբ կհնչեն նաև ԱՄՆ-ից, սակայն սա միայն ցույց է տալիս, որ բանակցային գործընթացի բոլոր ուղղություններով ստեղծվել է փակուղային իրավիճակ»,- ասաց Տարասովը։

Նա գտնում է, որ ուղղություններից մեկը հենց կողմերի միջև բովանդակային բանակցությունն է համաձայնագրի դրույթների, այսինքն՝ համաձայնագրի տեքստի շուրջ, որտեղ, ինչպես տեսնում ենք, կան էական տարաձայնություններ։

«Համաձայնագրի ձևաչափի շուրջ ևս կան տարաձայնություններ, բանակցային հարթակի շուրջ՝ ևս, ավելին՝ այսօր կա նաև անորոշություն՝ ինչպես են կողմերը բանակցելու, քանի որ փաթեթներն անընդհատ փոխանակվում են երկկողմ ձևաչափով, սակայն միևնույն է՝ կողմերը չունեն փոխըմբռնում լուրջ հարցերի շուրջ, չեն կարող այս լուրջ տարաձայնությունները հաղթահարել նաև երկկողմ ձևաչափով, այլապես դա արած կլինեն արդեն իսկ փաթեթային փոխանակումների ընթացքում։ Տեսնում ենք, որ գործընթացը բոլոր մասերով հայտնվել է փակուղում»,- ասաց նա։ Ըստ Տարասովի, վերջին ամիսների ընթացքում այս իրավիճակը չի փոխվում, կողմերը պտտվում են փակ շրջանի մեջ։

«Յուրաքանչյուր նոր հայտարարություն է՛լ ավելի է բարդացնում կողմերի ընթացքը դեպի համաձայնագրի ստորագրում։ Եթե նույնիսկ հաջողվի որևէ հանդիպման պայմանավորվածություն ձեռք բերել, ապա այն բեկումնային չի լինելու, ինչպես տեսանք՝ Ալիևը բարձրացրեց նաև արտատարածքային միջանցքի հարցը, բանակցային տրամաբանությունը, ըստ իս, փոխվում է»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է Մոսկվային, ապա Տարասովն ասաց, որ ՌԴ դիրքորոշումներն օրերս ներկայացրեց ՌԴ ԱԳ նախարար Լավրովը՝ նշելով, որ ռուսական առաջարկները հայտնի են եղել, սակայն մերժվել են՝ նախընտրելով արևմտյան հարթակները, մասնավորապես՝ Պրահայի պայմանավորվածությունը։

«Լավրովն ասաց, որ ՌԴ-ն պատրաստ է, որպեսզի իր հովանու ներքո ստորագրվի փաստաթուղթ, սակայն Երևանը դրան դեմ է։ Ընդհանուր առմամբ մեծ անհանգստություն այս մասով չկա, քանի որ ՌԴ-ն ունի միայն խաղաղապահների հարց, որի շուրջ, ինչպես բազմիցս հայտարարել է, կպայմանավորվի Ադրբեջանի հետ»,- ասաց վերլուծաբանը։

Տեսանյութեր

Լրահոս