«Վի Իքս Սոֆթ»-ը՝ պետգնումների ֆավորիտ. մեկ անձ ընթացակարգով միլիոնավոր դրամների տասնյակ գնումներ

Հունվարի 19-ին արդարադատության նախարարությունը մեկ անձ ոչ մրցակցային ընթացակարգով երկու գնում է կատարել «Վի Իքս Սոֆթ» ՍՊԸ-ից:

Առաջին պայմանագրով ԱՆ-ն ձեռք է բերել e-civil, e-verify, e-apostille, e-health էլեկտրոնային համակարգերի սպասարկման ծառայությունների մատուցում. պայմանագրի արժեքը կազմել է 105 միլիոն 600 000 դրամ:

Նույն օրը կնքված մյուս պայմանագրով՝ նախարարությունը 3 միլիոն 456 000 դրամով այս ընկերությանն է պատվիրակել «Mulberry 2.0» էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի տեխնիկական սպասարկման ծառայությունները:

«Վի Իքս Սոֆթ»-ի հետ նախարարության սերտ շփումը սկսվել է 2018 թվականի ապրիլից. գերատեսչության հետ ցայսօր կնքվել է 21 պայմանագիր, որից 16-ը՝ մեկ անձ ընթացակարգով:

Կարդացեք նաև

Ընկերության մասին

2013 թվականին ստեղծված «Վի Իքս Սոֆթ» ՍՊԸ ընկերության 80 տոկոս բաժնեմասը, ըստ իրավաբանական անձանց e-register համակարգի, պատկանում է Ագնեսա Մանուկյանին, որը ընկերության հիմնադիր-տնօրեն Վահագն Մխիթարյանի կինն է:

2018թ.-ից հետո՝ «Վի Իքս Սոֆթ»-ը՝ պետգնումների ֆավորիտ

armeps պետգնումների համակարգից տեղեկանում ենք, որ այս ընկերության համար բեկումնային է եղել 2018 թվականը, որովհետև եթե 2016 թվականից մինչև 2018 թվականի ապրիլ «ՎԻ ԻՔՍ ՍՈՖԹ» ՍՊԸ-ն գնման տարբեր ընթացակարգերով կնքել է ընդամենը 9 պայմանագիր, ապա 2018 թ.-ի տարեվերջից արդեն ընկերությունը միլիոնավոր դրամների շուրջ 315 պայմանագիր է կնքել տարբեր գերատեսչությունների հետ, որից շուրջ 240-ը՝ մեկ անձ ոչ մրցակցային ընթացակարգերով:

2024 թ.-ի տարեսկզբից արդեն այս ընկերության հետ մեկ անձ ընթացակարգով 7 պայմանագիր են կնքել տարբեր գերատեսչություններ:

Հունվարի 3-ին կնքված 1 միլիոն 440 000 դրամ արժողությամբ պայմանագրով ՀՀ սահմանադրական դատարանը ձեռք է բերել համակարգչային ծառայություններ,

Դարձյալ նույն գնով Հանրապետության նախագահի աշխատակազմը՝ այս ընկերությանն է պատվիրակել ծրագրային ապահովման սպասարկման ծառայություններ,

Արտաքին գործերի նախարարությունը նմանատիպ ծառայությունների համար վճարել է 3 միլիոն 456 000 դրամ, իսկ Քննչական կոմիտեն՝ 5 միլիոն 184 000 դրամ:

Եվս երկու պայմանագիր, ինչի մասին վերևում անդրադարձանք, կնքել է Արդարադատության նախարարությունը:

Տեսանյութեր

Լրահոս